Լայն ճակատ, սուր այտոսկրեր, երբեմն դասական, երբեմն հռոմեական թմբիկով քիթ, առավել հաճախ հանդիպող սև, ուղիղ վարսերի հակադրությունից էլ ավելի սպիտակ թվացող մաշկ, անկախ կառուցվածքից միշտ սլացիկ, հպարտ քայլվածք և անպայման ինչ-որ զարդ, որն անբռնազբոս ու անբացատրելիորեն ընդգծում է վրացուհու կանացիությունը: Հանդարդ ու հպարտ վրացուհու ներսում վառվում է Սաքարթվելոյի պատմությունն ու ներկան: Վրացին տուն ու եկեղեցին է կառուցում, կրքոտ գովերգում վրացուհուն, պարում իր սերն առ կին ու երկիր Վիրա ու նույն կրքոտությամբ ամրագրում նրա ապրելու իրավունքն իր քարե ամրոցների ներսում: Ասում են, եթե տարին 365 օր ունի, վրացին Թբիլիսիում ամեն օրվա համար մի եկեղեցի ունի կառուցած: Ունի, ունի, հաստատ ունի. աջ ես նայում` եկեղեցու գմբեթ, ձախ ես նայում` եկեղեցու գմբեթ: Եթե գիշերն էլ քնած չես ու աջուձախ նայելուդ հագուրդ չես տվել, տեսնում ես խաչեր ամեն մի բլրի ու լեռան գագաթին: Լուսավոր խաչեր:
Այստեղ մարդիկ ձեռքով ձմերուկ չեն պահում: Հիշո՞ւմ եք. Մոսկվայում մեկը մոտենում է երկու ձեռքերով ձմերուկներ գրկած վրացուն, թե “Извините, вы не подскажите, сколько времени?”: Վրացիս ձմերկուները հերթով տալիս է հարցնողին ու վրդովված առաջ տնկելով ձեռքերն, ասում “Да откуда я знаю, բիճո”.... Իսկ Վրաստանում ձմերուկ կրելն անշնորհակալ գործ է. միևնույնն է, ոնց էլ լինի, 365 եկեղեցիներից գոնե մեկի մոտով կանցնես, իսկ յուրաքանչյուր եկեղեցու մոտով անցնելիս պետք է խաչակնքվել: Վրացին դա երբեք չի մոռանում:-) Ավելի աստվածապաշտ երկիր չէի հանդիպել մինչ այդ: Բոլորը խաչ են կրում, ահել, թե ջահել: Թբիլիսցուն երբ հարցնում ես տեսարժան վայրերի մասին, անմիջապես աչքերի հպարտ կրքոտությամբ արտաբերում է ‘Սամեբա’ բառը, որը Թբիլիսիի նորակառույց եկեղեցին է, պատրիարքարանը:
Մեր առաջին օրը սկսվեց Հավլաբարում: Քայլում ես ներկայի ու պատմության խունահոտ նեղ փողոցներով ու հասկանում, որ զգացմունքների որոշակիությունն առասպել է: Չկա ոչինչ որոշակի, երբ սքանչելի փայտյա պատշգամբի ձախ մասն արդեն հավասարվել է գետնին, իսկ աջում երեխայի շորեր են կախված: Փլված պատերն օտար անցորդի առաջ բացել են ինչ-որ մեկի կյանքը. նշմարվում են սեղանն ու աթոռը, պաստառները, պահարանը...Նախամուտքին նստած յոթ-ութ տարեկան տղաներն աշխուժորեն ինչ-որ բան են խոսում վրացերեն, իսկ երբ անցնում ես նրանց մոտով, հետևից լսում ես ‘Հա՞յ եկ, Դուկ Հայաստանի՞ց եկ: Հայաստանում ասում են «Կռակ կտաս,» չէ՞’… Անասելի գեղեցիկ նախաշեմեր, պատշգամբներ, կանաչ բակեր, ավերակներ, մերսեդեսներ, եփվող ճաշի հոտեր, մանուկներ ու պապիկներ... Հավլաբար. անհուն տխրության, անցյալի գեղեցկության, անվերջ զմայլանքի ու ներկայի անտարբեր շարունակելիության տարակուսանքի թաղ:
Հավլաբարից բարձրանում ես Սամեբա: Դեղին եկեղեցին ակնածանք է ներշնչում. անպաճույճ է, սակավաթիվ զարդաքանդակներով, միգուցե դրանով իսկ ապահովելով իր վսեմությունը: Գիտեինք, որ այդ նույն տարածքում Խոջիվանքն է, հին հայկական գերեզմանոցն ու մի շարք հայ մեծերի պանթեոնը: Տարածքը վերահսկող ոստիկաններին մեր հաճախակի հարցուփորձերին ականատես մի կին, որն առջևից էր քայլում, ոտքը մի քիչ կախ գցեց ու շուռ գալով մեզ, ասաց, “Հա, էդպես էլ գնացեք, կհասնեք պանթեոն”: Խոսակցության ընթացքում պարզվեց, որ Խոջիվանքն այլևս գոյություն չունի... Դրա տեղում վեր է խոյանում վրացիների պարծանքը` Սամեբան: Տարածքում եկեղեցին միակ կառույցը չի: Կա բավականին մեծ մի զանգակատուն, մատուռ, այգի և մի շարք այլ կառույցներ: Շինարարությունը դեռևս շարունակվում է: Հայ կինն ասաց, որ մինչ օրս հայտնաբերում են ոսկորներ… «Խոջիվանքում գերեզմանները տարբերվում էին մեր սովորական գերեզմաններից»: Դրանք աղյուսե դամբարաններ էին, որտեղ ամփոփվում էին աճյունները: Չգտանք գերեզմանը, որ փնտրում էինք: Չէինք կարող գտնել... Չկար...
Քայլեցինք դեպի Պանթեոն: Հովհաննես Թումանյան, Գաբրիել Սունդուկյան, Մակար Եկմալյան, Րաֆֆի, Պերճ Պռոշյան, Գևորգ Բաշինջաղյան, Նար-Դոս ու էլի մի տասնյակ հայ մտավորականներ: Տխուր էր: Չգիտեմ ինչու: Թիֆլիսն իրականում շատերի համար տուն էր ու կարծես տխրելու ոչ մի պատճառ իսկապես չկար...Մայրամուտի քամին դեղին խշշոցով էր պատել մեծերի հանգրվանը...
Հավլաբարից զառիթափ ճանապարհը տանում է դեպի Լացող ժայռը. կանաչով զարդարված սառնաշունչ արտասվող քարերը, որ ուղղորդում են դեպի Մետեխի եկեղեցին: Իսկ Քուռն իր կանաչ գորգով գալարվում է փափուկ ու մեղմ`անհաղորդ Թիֆլիսի եվրոպականացմանը, որի վառ վկան Մետեխից աջ տարածվող Եվրոպայի հրապարակն է:
*չեմո (վր.)- իմ