Tuesday, August 28, 2007

Սաքարթվելո չեմո - Մաս VI (Բաթումի)

Բաթումին ծույլ քաղաք էր, անհոգ, ինքզինքն:-) Միայն ցերեկը: Գիշերը կերպարանափոխվում էր կանացի պճնանքի ու սեթևեթանքի, նաև տղամարդկանց կանացի հնարքներից չհոգնող հայացքների հոսքի:-) Բաթումիի պատկերասրահում հայտնաբերեցինք Բաժբերուկ-Մելիքյանի/-ովի հիանալի կանացի մի դիմանկար, 20-րդ դարասկզբի վրացական ու ռուսական բնակավայրերի գունավոր լուսանկարներ, ցավոք, ինձ համար անհայտ երկու վրացի գեղանկարիչների երկու հիանալի կտավներ… Եթե լինեք այնտեղ, անպայման այցելեք: Երբեք չգիտեք, ինչ կարելի է հայտնաբերել կորած-մոլորած ինչ-որ պատկերասրահում…Միգուցե ձեր բախտը բերի և, ի տարբերություն ինձ, հիշեք նկարչին, բայց նույնիսկ եթե չհաջողվի, ձեզ հետ մնում են նրանց ստեղծած գույներն ու կերպարները, որ ջերմորեն ներկում են ձեր հիշողությունները:

Բաթումիում ավարտեցինք մեր ճանապարհորդությունը: Հոգնած ու հարուստ` գույներով, ձայներով, պատկերներով: Համեմված Սաքարթվելոյով… Շնորհակալ: You know who you are:-)

Սաքարթվելո չեմո - Մաս V (Քութաիսի)

Քութաիսին գավառական քաղաք էր, երկար, ալարկոտ փռված շրջակա սարերին: Բայց ինչպես բոլոր գավառական քաղաքները, ուներ իր պարծանքի առարկան` 11-րդ դարի Բագրատիի տաճարը: Քաղաքի ամենաբարձրադիր բլրի գագաթին կառուցված այս տաճարն ինձ հիշեցրեց մեր Օձունի տաճարը: Վսեմ կառույց է: Իր վեհությամբ ու իմաստուն հանդարտությամբ համահունչ միաձուլվել է գեղանի բնությանը, որ բոլորել է տաճարն ու պարիսպը կանաչ լեռներով ու լայնահոս գետով:

Իմերեթյան պատմության երկու այլ հիանալի վկաներ էին Գելաթիի համալիրը և Մոցամեդա եկեղեցին: Գելաթիի հիմնական տաճարը թբիլիսյան Սամեբա տաճարի նախատիպն է: Դեռևս պահպանվել են տաճարի որմնանկարները ու չես դադարում զարմանալ, թե ինչպես են 12-րդ դարից քեզ հասել այդ կարմիրն ու կապույտը:

Քութաիսյան եզրափակիչ գոհարը Մոցամեդա փոքրիկ եկեղեցին էր, որ միոտնանի արագիլի նման ծվարել էր բարձր լեռան էլ ավելի բարձր ու անտառաթավ կատարին: Ներքևում Արյան գետն էր հոսում (վրացերեն չեմ կարողանում հիշել անվանումը): Մեր երիտասարդ վարորդը հուզված ու իր կցկտուր ռուսերենից նեղված պատմում էր, որ այդ ձորում սպանել են սուրբ Դավիթ և Կոնստանտին եղբայրներին: Նրանց արյունը կարմիր էր ներկել ողջ գետն ու այդ օրվանից այն կոչվում է Արյան գետ:

Ուշ կեսօրին տեղավորեցինք մենք փոքրիկ պայուսակներն ու հսկայական տպավորությունները տապից շիկացած Քութաիսի-Բաթումի երթուղային տաքսում ու շարժվեցինք դեպի «ծով»: Ո՞վ է ասում, երկու երանին մի տեղ չի լինում: Իսկ լեռներն ու ծովը մի տեղ երկու երանի չե՞ն: Են, են: Ձեր ժամանակն իզուր մի վաճառեք Մորփեոսին ու կտեսնեք, թե բնությունն ինչպես է անսպասելիորեն իր ողջ գեղեցկությունը փռում ձեր առջև: Կտեսնեք արևին կլանող անսահման կապույտը, ալիքների ու քամու անվերջ սեթևեթանքն ու վերջինիս հուսահատ հանգրվանումը կանաչ սաղարթի մեջ

Սաքարթվելո չեմո - Մաս IV (Կախեթի)

Չորրորդ օրը հայտնվեցինք Կախեթիում, Սիղնաղի հինավուրց ու նոր քաղաքում: Լեռների մեջ ամփոփված այս բլրադիր քաղաքի կենտրոնում генеральная уборка էր:-) Վերանորոգում էին ողջ հին թաղը: Առանց որևէ նորամուծությունների…Հին փայտյա ու աղյուսե տներն ուղղակի նորացվում էին: Եթե թբիլիսյան շինարարությունն ինձ չզարմացրեց, սիղնաղյանն անչափ ուրախացրեց: Հետագա այցելությունները Քութաիսի և Բաթումի ապացուցեցին, որ երկիրը համամասնորեն է առաջ ընթանում: Մայրաքաղաքն անհագուրդ ախորժակով չի կլանում գավառը…

Կախեթիում մեր վերջին հանգրվանը Բոդբե մենաստանն էր, որտեղ Սբ. Նինոյի աճյունն է թաղված: Մենաստանը գործում է: Ընդհանրապես Վրաստանում կարծես թե կուսակրոնությունը բավականին տարածված է: Ասում են, բավականին մեծ է տղամարդկանց մենաստանների թիվը: Մեր տանտիրուհին նույնիսկ ասաց, որ դրանց թիվն ավելացել է հատկապես այն բանից հետո, երբ Վրաստանում սկսեց աճել թմրամոլությունը: Այս ախտի դեմ պայքարի մեջ ակտիվորեն ներգրավվեց նաև եկեղեցին, և երիտասարդ թմրամոլներին հաճախ ուղարկում են հենց մենաստան:

Իսկ Բոդբեն բավականին հայտնի ուխտատեղի է: Այնտեղ է գտնվում Սբ. Նինոյի աղբյուրը, որի ջուրը հավատացնում են, թե տարբեր հիվանդություններ է բուժում: Ասում են, աղբյուրը ժամանակին հենց մենաստանի բակում է եղել: Հետո պարսիկները փորձել են չորացնել այն, փակել են հունը, ջուրն էլ սկսել է հոսել ձորի մեջ, մենաստանից բավականին հեռու, որտեղ տանում է փոքրիկ մի զառիթափ արահետ:

Մեր խմբից մի կին, որը նախկինում վրդովված խոսում էր Լոռվա ու Տավուշի Հայաստանին հանձնելու մասին, Բոդբեում շատ ավելի մեղմ (երևի Նինոյի սերն էր ազդել;-)) մեզ տեղեկացրեց, որ Նինոն այն մի քանի կույսերից մեկն է եղել, որոնց Տրդատը չարչարել է հավատքի համար: Ենթադրեցինք, որ խոսքը Հռիփսիմեի ու Գայանեի մասին է: Նինոն այդ կույսերի հետ միասին քրիստոնեություն էր տարածում նաև Հայաստանում, երբ Տրդատն սկսում է հալածել բոլորին: Նինոյին հաջողվում է փախչել ու շարունակել իր գործն Իբերիայում:

Գեղեցիկ օրն ավարտեցինք Թբիլիսիի երկաթուղային կայարանում, որն ինչպես բազմաթիվ այլ կայարաններ, հատկապես նախկին խորհրդային քաղաքներում, մարդկային ողջ դիմանկարի ամենամուգ գույներն էր խտացրել. հոգնած գյուղացիներ, առևտրականներ, աղքատ քաղաքացիներ, պոռնիկներ, պարապ-սարապ թրև եկողներ, կորած-մոլորած զբոսաշրջիկներ, մուրացիկներ, հուսահատված ու ուրախ վարորդներ, քրտնքի ու տեխնիկա-մարդկային թափոնների տտիպ բուրմունք…Այստեղ երկու ժամ սպասելուց հետո շարժվեցինք դեպի Քութաիսի: Դա մեր արկածախնդրության փառահեռ պսակն էր:-)

Գիշերային մեր ճանապարհորդության ուղեկիցը Նինո Չխեիձի թավշե ձայնն էր: Բարեբախտաբար վրացական փոփ աստղերը երաժշտական գեղեցիկ ճաշակ ունեն, հակառակ դեպքում դժվար կլիներ դիմադրել իմ հետևի նստարանին քնած ուղևորի մեծ ձեռքերի հանկարծակի հարվածներին:-)

Սաքարթվելո չեմո - Մաս III (Իշխանուհին)

Սիրում են այստեղ իրենց երկիրը, չեն սիրում այն ամենն, ինչ ըստ իրենց, կարող է թերարժևորել այն: Օրինակ` կոմունիստներին: Ռուսթավելիի գեղեցիկ կառույցներից մեկը գիտե՞ք ինչ է հյուրընկալում ներսում. այո, այո, խորհրդային օկուպացիայի թանգարան:-) Բավականին հյուրընկալ, աշխույժ մի վրացուհի մեեեծագույն ատելությամբ պատմում էր վրաց կոմունիստների դավաճանության մասին: Ինչպե՞ս կարելի էր մաս-մաս անել այս երկիրը, օրինակ Լոռիա-Տաուշին ուղղակի նվիրել Հայաստանին:-) Էլ չեմ ասում Ռուսաստանին բաժին հասած “նվերներին”: Նույն կինը դժգոհում էր ջավախքահայերից: Մի՞թե վատ են ապրել կողք-կողքի: Ինչպե՞ս կարելի է այսօր նման կերպ պահել իրենց, ինչ-որ հիմար պահանջներ ներկայացնել: Չէ՞ որ դարերով վրացիներն իրենց հովանավորության տակ են առել անպաշտպան, պետականությունից զուրկ հայերին: Երախտամոռ չի կարելի լինել...

Իսկ ախալքալակցի երիտասարդ դիվանագետը, որ նոր-նոր էր լքել ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի պատերը, անթաքույց քամահրանքով էր խոսում վրացիների մասին: Հպարտանում էր, որ վրացերեն բարևից բացի ոչինչ չգիտի: Եվ ինչո՞ւ է պետք սովորել: Իր հայկական հողում ինչի՞ն է պետք ուրիշի լեզուն...Հայաստան վերադառնալիս հայերն իտալացի հյուրերին պատմում էին, որ վրացական կառավարությունը համառորեն հրաժարվում է Ախալքալակի ճանապարհը վերանորոգել: Ամբողջ Վրաստանում հսկայական ճանապարհաշինարարություն է ընթանում: Հիմնական մայրուղիների մեծ մասն արդեն վերանորորգված է, իսկ Ախալցխան, Ախալքալակը Հայաստանին միացնող մայրուղին նույն վիճակում է, ինչ Գավառի փողոցները ջրհեղեղից հետո:

Իսկ եթե ցանկություն ունեք իմանալ վրաց էթնոսի նշանակության, պատմության, միֆերի ու լեգենդների մասին, անպայման Թբիլիսիում այցելեք պետական թանգարան: Այստեղ փոքրամարմին իշխանուհին, արհամարհելով ծերությունից կքված մարմնի ծանրությունը, ձեզ կուղեկցի դեպի վրաց պատմությունն ու ազգային նկարագիրը: Կիմանաք, թե ինչու երբեևէ որևէ վրացի շախմատի աշխարհի չեմպիոն չի եղել ու չի էլ լինի: Անհույս է: Աստվածատուր (չմոռանաք խաչակնքվել:-)) գենետիկան զրկել է նրան նստելու ու լուռ հայելու ունակությունից: Վրացին չի կարող ժամերով նստել, կպայթի, մեջի կրակը կմոխրացնի նրան: Տեսե՞լ եք վրացի տղամարդու պարը: Դե հիմա ասեք, ինչպե՞ս կարող է նա դրանից հետո նստել ու ժամերով նայել շախմատի տախտակին: Ուշադիր նայեք եռափեղկ սրբապատկերներին: Դրանք շրջափակող զարդանախշերում չկան կրկնվող նույնիսկ երկու զարդանախշեր: Դրա համար վրացի արհեստավորի համբերությունը չէր հերիքի: Բազմազանությունն ինքնին արտացոլումն է ներքին կրակոտ խառնվածքի: Կիմանաք նաև, որ վրացին առաջինը լինելու ներքին պահանջ ունի: Մեր ուղեկցորդուհին, խորամանկ ու հպարտ ձայնը թաքցնելով արտաքին անբռնազբոսության տակ, նշեց, թե տարիներ առաջ ինչպես է նման շրջայց կազմակերպել Ռուսաստանից ժամանած հայտնի հյուրերի համար, որոնց թվում էր Արկադի Ռայկինը: Երբ ինքն սկսում է խոսել վրացիների առաջինը լինելու կրքի մասին, Ռայկինը ծիծաղում է ու պատմում հետևյալը. “Նախորդ օրը խանութից ինչ-որ բան էր պետք գնել: Գնում եմ այնտեղ ու տեսնում, որ ինչ-որ հերթ է: Սկսում եմ հարցնել հերթում կանգնածներին, թե ով է վերջինը: Մոտենում եմ վերջում կանգնած մեկին, ասում է “Ես առաջինն եմ”: Մոտենում եմ երկրորդին, պարզվում է սա էլ է առաջինը: Ու այդպես ողջ հերթում կանգնած են միայն առաջինները...”

Վրացին մինչև 17-րդ դարն իր ստեղծագործություններում երբեևէ ադամանդ չի օգտագործել: Ցուցանմուշներն ինքնին վկայում են զմրուխտի, փիրուզի ու թանկարժեք այլ քարերի նախապատվության մասին: Զգո՞ւմ եք, ինչ քարեր են: Ճիշտ եք. ԳՈՒՆԵՂ: Գույն ունեն, ուրեմն կյանք ունեն մեջը, իսկ ադամանդը կեղծ լույս է ճառագում, անկյանք, անշունչ: Վրացին այդ սառնությունից ի՞նչ կերտի

Իշխանուհու պատմություններն ու ժպիտը թանգարանի ամենաթանկարժեք հարստությունն էին:

Սաքարթվելո չեմո - Մաս II (Չարգալի)

Երեկոյան մեր հյուրընկալ տանտիրուհին տեղեկացրեց, որ Թբիլիսիի քաղաքապետարանի նախաձեռնությամբ ամեն առավոտ Վարդերի հրապարակից (իմ տարակուսանքին ի պատասխան, թե ինչու է սալահատակ հրապարակն այդպես ծաղկային անվանում ստացել, երբ վարդի նշույլ անգամ չկա ողջ տարածքում, ինձ հիշեցրեցին ոչ վաղ անցյալում ծաղկած քաղաքական վարդերի մասին:-)) տասնյակ ավտոբուսներ բավականին մատչելի գումարով հետաքրքրասերներին տեղափոխում են Թբիլիսիի շրջակա տեսարժան վայրերը: Այդպես մենք հայտնվեցինք վրացի Թումանյանի` Վաժա Փշավելայի, հայրենի Չարգալիում: Իսկ ճանապարհը դեպի այդ խստաշունչ լեռնական գեղեցկության գիրկն անպատմելի մի բնապատկեր էր. աջից` կանաչ անտառներով իրենց մերկությունը պարուրած վսեմ լեռներ, ձախից` զմրուխտյա ջրամբար, որի կանաչ աչքերն ուղղակի գերում էին ու հրապուրում դեպի իրենց անհունն անապակ: Փշավելայի կացարանը լեռնականի պարզության ու խստաբարո կենցաղի արտացոլումն էր: Նախամուտքից աջ ու ձախ երկու սենյակներում էր անցել գրողի կյանքի ավելի քան 20 տարին: Աջում ապրում էր ինքը, ընդունում իր ընկերներին, տաքանում պետերբուրգյան հուշերն ամփոփած բուխարու կողքին` թիկնած լայն, փայտե թախտին, իսկ ձախում գրողի շարունակությունն էին ապահովում կանայք ու երեխաները: Այսքանն իմացանք վրացի ուղեկցորդուհու պատմությունը մեզ համար բարեհաճորեն ռուսերեն թարգմանող ռազմական լրագրողից: Վերջինիս շնորհիվ էլ կարողացանք ճաշակել (ըըըըըըըմ) ամենահամեղ խինկալին, որ երբեևէ համտեսել էի: Վաժա Փշավելայի կացարանից ոչ շատ հեռու փոքրիկ մի հյուղակում հյուրասիրում էին զբոսաշրջիկներին: Խինկալին պատրաստում էին կրակի վրա դրված մեեեեծ մի կաթսայում: Ծխի հոտը միայն ինչ ասես չարժեր:-)

Չարգալիից Թբիլիսի չվերադարձանք այնպես, ինչպես նախատեսված էր: Մեր բավականին պատկառելի լրագրողուհին խմբին համոզեց ճանապարհին ավելացնել ևս երկու կիլոմետր և այցելել Արագավայի եկեղեցին: Մեզ ի՞նչ էր պետք. ոչինչ ավելին:-) Թափառել, տեսնել, լսել, զգալ, համեմատել (անասելի դժվար էր ամբողջ այցի ժամանակ գեթ մի անգամ խուսափել “Իսկ մեզ մոտ...” համեմատական նախերգանքից: Անվերջ համեմատում էի: Բնությունը, մարդկանց, բնակավայրերը, ամեն, ամեն ինչ...) Արագավան մեր այցելած առաջին եկեղեցին էր, որը շրջափակված էր ամրոցով: Հետագայում նկատեցինք, որ գրեթե բոլոր եկեղեցիներին կից կամ մոտակա բարձրունքին ամրոց կա: Խաչն ու սուրը անբաժանելի էին այդ երկրում: Նույնիսկ այսօր. բոլորը հաճախում են եկեղեցի, առնվազն խաչակնքվում դրա կողքով անցնելիս, իսկ գլխավոր փողոցներից մեկն էլ կոչել են Ջ. Բուշի անունով:-)

Սաքարթվելո չեմո* - Մաս I

Լայն ճակատ, սուր այտոսկրեր, երբեմն դասական, երբեմն հռոմեական թմբիկով քիթ, առավել հաճախ հանդիպող սև, ուղիղ վարսերի հակադրությունից էլ ավելի սպիտակ թվացող մաշկ, անկախ կառուցվածքից միշտ սլացիկ, հպարտ քայլվածք և անպայման ինչ-որ զարդ, որն անբռնազբոս ու անբացատրելիորեն ընդգծում է վրացուհու կանացիությունը: Հանդարդ ու հպարտ վրացուհու ներսում վառվում է Սաքարթվելոյի պատմությունն ու ներկան: Վրացին տուն ու եկեղեցին է կառուցում, կրքոտ գովերգում վրացուհուն, պարում իր սերն առ կին ու երկիր Վիրա ու նույն կրքոտությամբ ամրագրում նրա ապրելու իրավունքն իր քարե ամրոցների ներսում: Ասում են, եթե տարին 365 օր ունի, վրացին Թբիլիսիում ամեն օրվա համար մի եկեղեցի ունի կառուցած: Ունի, ունի, հաստատ ունի. աջ ես նայում` եկեղեցու գմբեթ, ձախ ես նայում` եկեղեցու գմբեթ: Եթե գիշերն էլ քնած չես ու աջուձախ նայելուդ հագուրդ չես տվել, տեսնում ես խաչեր ամեն մի բլրի ու լեռան գագաթին: Լուսավոր խաչեր:

Այստեղ մարդիկ ձեռքով ձմերուկ չեն պահում: Հիշո՞ւմ եք. Մոսկվայում մեկը մոտենում է երկու ձեռքերով ձմերուկներ գրկած վրացուն, թե Извините, вы не подскажите, сколько времени?”: Վրացիս ձմերկուները հերթով տալիս է հարցնողին ու վրդովված առաջ տնկելով ձեռքերն, ասում “Да откуда я знаю, բիճո”.... Իսկ Վրաստանում ձմերուկ կրելն անշնորհակալ գործ է. միևնույնն է, ոնց էլ լինի, 365 եկեղեցիներից գոնե մեկի մոտով կանցնես, իսկ յուրաքանչյուր եկեղեցու մոտով անցնելիս պետք է խաչակնքվել: Վրացին դա երբեք չի մոռանում:-) Ավելի աստվածապաշտ երկիր չէի հանդիպել մինչ այդ: Բոլորը խաչ են կրում, ահել, թե ջահել: Թբիլիսցուն երբ հարցնում ես տեսարժան վայրերի մասին, անմիջապես աչքերի հպարտ կրքոտությամբ արտաբերում է ‘Սամեբա’ բառը, որը Թբիլիսիի նորակառույց եկեղեցին է, պատրիարքարանը:

Մեր առաջին օրը սկսվեց Հավլաբարում: Քայլում ես ներկայի ու պատմության խունահոտ նեղ փողոցներով ու հասկանում, որ զգացմունքների որոշակիությունն առասպել է: Չկա ոչինչ որոշակի, երբ սքանչելի փայտյա պատշգամբի ձախ մասն արդեն հավասարվել է գետնին, իսկ աջում երեխայի շորեր են կախված: Փլված պատերն օտար անցորդի առաջ բացել են ինչ-որ մեկի կյանքը. նշմարվում են սեղանն ու աթոռը, պաստառները, պահարանը...Նախամուտքին նստած յոթ-ութ տարեկան տղաներն աշխուժորեն ինչ-որ բան են խոսում վրացերեն, իսկ երբ անցնում ես նրանց մոտով, հետևից լսում ես ‘Հա՞յ եկ, Դուկ Հայաստանի՞ց եկ: Հայաստանում ասում են «Կռակ կտաս,» չէ՞’… Անասելի գեղեցիկ նախաշեմեր, պատշգամբներ, կանաչ բակեր, ավերակներ, մերսեդեսներ, եփվող ճաշի հոտեր, մանուկներ ու պապիկներ... Հավլաբար. անհուն տխրության, անցյալի գեղեցկության, անվերջ զմայլանքի ու ներկայի անտարբեր շարունակելիության տարակուսանքի թաղ:

Հավլաբարից բարձրանում ես Սամեբա: Դեղին եկեղեցին ակնածանք է ներշնչում. անպաճույճ է, սակավաթիվ զարդաքանդակներով, միգուցե դրանով իսկ ապահովելով իր վսեմությունը: Գիտեինք, որ այդ նույն տարածքում Խոջիվանքն է, հին հայկական գերեզմանոցն ու մի շարք հայ մեծերի պանթեոնը: Տարածքը վերահսկող ոստիկաններին մեր հաճախակի հարցուփորձերին ականատես մի կին, որն առջևից էր քայլում, ոտքը մի քիչ կախ գցեց ու շուռ գալով մեզ, ասաց, “Հա, էդպես էլ գնացեք, կհասնեք պանթեոն”: Խոսակցության ընթացքում պարզվեց, որ Խոջիվանքն այլևս գոյություն չունի... Դրա տեղում վեր է խոյանում վրացիների պարծանքը` Սամեբան: Տարածքում եկեղեցին միակ կառույցը չի: Կա բավականին մեծ մի զանգակատուն, մատուռ, այգի և մի շարք այլ կառույցներ: Շինարարությունը դեռևս շարունակվում է: Հայ կինն ասաց, որ մինչ օրս հայտնաբերում են ոսկորներ… «Խոջիվանքում գերեզմանները տարբերվում էին մեր սովորական գերեզմաններից»: Դրանք աղյուսե դամբարաններ էին, որտեղ ամփոփվում էին աճյունները: Չգտանք գերեզմանը, որ փնտրում էինք: Չէինք կարող գտնել... Չկար...

Քայլեցինք դեպի Պանթեոն: Հովհաննես Թումանյան, Գաբրիել Սունդուկյան, Մակար Եկմալյան, Րաֆֆի, Պերճ Պռոշյան, Գևորգ Բաշինջաղյան, Նար-Դոս ու էլի մի տասնյակ հայ մտավորականներ: Տխուր էր: Չգիտեմ ինչու: Թիֆլիսն իրականում շատերի համար տուն էր ու կարծես տխրելու ոչ մի պատճառ իսկապես չկար...Մայրամուտի քամին դեղին խշշոցով էր պատել մեծերի հանգրվանը...

Հավլաբարից զառիթափ ճանապարհը տանում է դեպի Լացող ժայռը. կանաչով զարդարված սառնաշունչ արտասվող քարերը, որ ուղղորդում են դեպի Մետեխի եկեղեցին: Իսկ Քուռն իր կանաչ գորգով գալարվում է փափուկ ու մեղմ`անհաղորդ Թիֆլիսի եվրոպականացմանը, որի վառ վկան Մետեխից աջ տարածվող Եվրոպայի հրապարակն է:

*չեմո (վր.)- իմ



Friday, August 10, 2007

Մի նոր Հառաչանք կամ Թեղուտը բիզնեսի զոհասեղանին

ՊՄՊ Լոռու մարզային ծառայության գիտաշխատող
Հրաչ Մարուքյան

Հեռ. 094732620

Հեյ գիդի Լուսահոգի Հովհաննես Թումանյան
...մեր շուրթերին անընդհատ քո իմաստուն տողերն են
...Ասում են գեջ ես կտրել դու մերին,
Իրանցն ասում են ու քեզ չեն լսում...
...Մեր ապրուստն
ի՞նչ է. – մի կտոր չոր հաց...
...Ձեզ տանջող ցավը մեզ էլ է պատել...

Էհ... մենք էլ մեր հերթին ենք «Հառաչանքով» կրկնում այս նույն խոսքերը և փորձում պատկերացնել, թե ինչքան պետք է մարդու տեղը նեղ լինի, որ նման արտահայտություն անի, բայց թե ձեռքներիցս բան չի գալիս, որովհետև գեղը չի կանգնում, որ գերանը կոտրի...

Արևի առաջին շողերի հետ ճանապարհ ընկանք դեպի Ալավերդի: Ինձ ընկերակցում էր պատմական միջավայրի պահպանության Լոռու մարզային ծառայության պետ Արմեն Գերյանը: Ալավերդում մեզ պետք է միանար նաև մեր մյուս գործընկերը, որպեսզի գնայինք Թեղուտ և պարզեինք, թե որքանով է առնչվում Թեղուտի հանքարդյունահանման ծրագիրը տեղի հոշարձանների տարածքների ու պահպանման գոտիների հետ:

Օրն արևոտ էր, պայծառ և առանց որևէ ամպամածության նշույլի, բայց երբ հասանք Ալավերդի` նկատեցինք, որ քաղաքն ընկղմված է թանձր մշուշի մեջ...

Մեր գործընկերը նկատելով մեր զարմանքը` ասաց. «Սա մեր վերջին շրջանի արհեստական «մշուշն ու մառախուղն» է, որին մոլի թմրամոլի պես արդեն «ընտելացել» ենք ու էլ արևի երես չենք տեսնում և «չենք էլ ուզում տեսնել», քանի որ մեր մասին մտածող բարձրաստիճան այրերն ասում են, թե խիստ վտանգավոր են վերջին շրջանի արևահարումները...»

Չկա չարիք առանց «բարիքի» կարգախոսով` մեզ արևահարումից «փրկում» է պղնձարդյունահանման գործարանը...

Գիշերը ծծմբային գազերն են արտանետում, իսկ ցերեկն էլ մեր «ավանդական ծուխը», այնպես որ մեկը մյուսին լրացնելով` շրջանցում ենք «արևահարման» վատ հետևանքները»:

Արհեստական «մշուշը» մեզ ուղեկցեց մինչև Ախթալայի և Շնողի ճամփաբաժանը և մենք հիշեցինք, որ նմանատիպ մի գործարան էլ Ախթալայում կա, այնպես որ, շուրջօրյա «մշուշը» երաշխավորված է և հարկ եղած դեպքում «Թեղուտն էլ իր ներդրումը կունենա»...

Վերջերս իմացանք, որ ինտերնետում «Թեղուտ SOS» կայք են տեղադրել, որպեսզի քվեարկությամբ պարզեն, թե ով ինչ մտահոգություն ունի այս խնդրի վերաբերյալ, իսկ արտասահմանյան երկրներն ու մեզ հարազատ սփյուռքի եղբայրներն ու քույրերն անհանգստանում, զարմանում և զայրանում են, թե ինչպես կարող է մի փոքր երկիր, որ հազիվ 5% անտառ ու բազում չլուծված խնդիրներ ունի, իրեն թույլ տա անխնա կերպով հատել 600հա անտառ և դեռ ավելին` ապականել շուրջ 200հա տարածք ու զանազան հարուցիչներով ախտոտել տեղի կուսական անտառն ու բնությունը, որից հետո երկիրը կարող է հայտնվել անապատացման եզրին...

Եթե այսպես շարունակվի, հարկ կլինի փոխել նաև «Անտառատնտեսություն» հորջորջվող հիմնարկների դրոշմանիշներն ու կնիքները` Անծառատնտեսություն մակագրությամբ...

Այս ամենը գիտակցելու համար պետք չի իմաստուն լինել, հասկանալ, որ դա նման է այն ճյուղը կտրելուն, որին նստած ենք...

Եվ եթե մենք մեզ մեր երկրի տերը համարեինք և տանտիրոջ սրտացավությամբ վերաբերվեինք նման խնդիրներին, ապա շահի մոլուցքով տառապող մեր նոր հարուստներին չէինք թողնի այնքան հղփանան ու սանձարձակվեն, որ հերթը հասներ մեր կենսականին ու առողջականին...

Լուսահոգի մայրս ասում էր.
...Ինչո
՞ւ մենք մեր իրավունքն ուրիշին տանք, որ հետո էլ...այդ ուրիշից նեղանանք, թե նա մեր հանդեպ լավ չի վերաբերվում...

Թեղուտի հանքարդյունահանման ծրագիրը նախատեսված է իրականացնել 2000հա տարածքի վրա (25 տարվա ընթացքում), որից 600 հա անտառահատման խնդիրը մեծ աղմուկ է բարձրացրել բնապահպանական ոլորտի հկ-ների, անհատների և այլոց մոտ...

«Ի պատասխան» անտառահատման մեծ աղմուկին` անաղմուկ է անցել հուշարձանների տարածքները ներառող ծրագրի իրականացման թույլտվություն ստանալու հարցը...Խնդիրը դիտվել է իբրև 15 հուշարձանի հարց (որից երկուսն ըստ պատվիրատուի` տարածքից դուրս են կամ սահմանագծի վրա), պատվիրատուն հուշարձանների նկատմամբ ստանձնել է որոշ պարտավորություններ...ինչի շնորհիվ ստացել է գործունեություն իրականացնելու թույլտվություն:

Ծրագրի իրականացման տեղանքում են գտնվւոմ Շնող և Թեղուտ համայնքների մի շարք հայտնի հնագույն հուշարձաններ, այդ թվում` վանական համալիրներ (Մանաստև), եկեղեցիներ (Սև քոթուկ), մատուռներ (հնագույն Բովերը), դամբարանադաշտեր (Փիջվուտ), հին գյուղատեղեր (Ղափուր) և բազմաթիվ հին բնակատեղիներ, գերեզմանոցներ (Բրագձոր), խաչքարեր, Ձորիգեղի հռչակավոր կամուրջը, Նովավոր աղբյուրը և այլն:

Մտահոգության պատճառն այն է, որ ՀՀ կառավարության կողմից հաստատված ցուցակում մի խաչքարը հաշվառված է որպես մեկ միավոր, իսկ մասնատված խաչքարի յուրաքանչյուր արժեքավոր դետալ ևս կարող է հաշվառվել որպես մեկ առանձին միավոր. Այս դեպքում խոսքը վերաբերվում է համալիրներին, դամբարանադաշտերին, հին գերեզմանոցներին և այլն, որոնց կազմում գրանցված են հարյուրավոր միավորներ: Եթե մենք սա դիտենք որպես 15 միավորի խնդիր, ապա դա, մեղմ ասած, ինքնախաբեություն կհամարվի, եթե չասենք դավաճանություն մեր մշակութային արժեքների և բնության հանդեպ...

Սույն հարցի վերաբերյալ մարզում կայացած խորհրդակցություններին ու քննարկումներին ՊՄՊ Լոռու մարզային ծառայությունը չի հրավիրվել, ինչի պատճառով էլ չենք կարողացել հայտնել մեր մտահոգությունն ու նկատառումները...Ստուգայցի ընթացքում էլ մեր մտավախությունը չի փարատվել...

Անշուշտ երկու համայնքների հնագույն հուշարձանները (եկեղեցիներ, մատուռներ, դամբարանաշերտեր և այլն) և 600հա անտառի հատումը, որը մեր համակարգի խնդիրը չէ, բայց և այնպես, բոլորինս է, և ավելին արժե, քան էժան աշխատուժի սակավաթիվ աշխատատեղերը (ինչպես Ալավերդում): Եթե մի պահ անտեսենք տեղի հրաշք բնությանն սպասվող աղտոտումն ու ապականումը, ապա չի կարելի հաշվի չառնել այն հանգամանքը, որ հատվող անտառը երկու համայնքի գործազուրկ բնակչության գոյատևման և ապրուստի հայթաթման միակ միջոցն է, իսկ նրանք հույս են փայփայում, թե մոտ ապագայում, զբոսաշրջության զարգացման հետ, հնարավորություն կունենան էկոլոգիապես մաքուր բնամթերքի արտադրման գնով հոգալ իրենց կարիքները և այս կերպ դուրս գան գործազրկության ծանր վիճակից...

Անկեղծորեն ցավում ենք զոհասեղանին դրված թե՜ 600հա անտառի, թե՜ հուշարձանների անկման համար, որտեղ 15-ի փոխարեն կարող է վտանգվել 15 հազար միավոր...

Հոգնած ու մտահոգ երեկոյան վերադարձանք տուն և անընդհատ նույն միտքն էր պտտվում ուղեղիս մեջ ու ինձ հանգիստ չէր տալիս, թե`

...Ինչու մենք մեր իրավունքն ուրիշին տանք, որ հետո էլ... այդ ուրիշից նեղանանք, թե նա մեր հանդեպ լավ չի վերաբերվում...



Thursday, August 09, 2007

Յուրի Շևչուկ

Ветер. Զգո՞ւմ եք քամու հևքն ու հպումը խռպոտ ու նուրբ, թռչող ու գլխապտույտ արագությամբ ներքև սուրացող ձայնում, որ ուղեկցում է մեղեդուն: “Я, наверное, потерян для искусства, потому что наше творчество, конечно, не вечно, оно сиюминутно... Но, с другой стороны, в этом есть большой кайф!” «Քամին» մեծ խորությամբ կարճ րոպե է: Երբեմն ստացվում է:

Պետք է դուրս գալ այդ րոպեից, կամ էլ մնալ այդտեղ, ինչպես Մորիսոնը, Ջոփլինը կամ Ցոյը…

Շևչուկից երբեմն նույնիսկ ժամի հոտ է գալիս:-)

Я у вас

(Ю.Шевчук)

Если вы будете рядом,
Я
наверно не смогу вам не спеть.
Если
дождь окажется градом,
Я готов над вами ловить его спелую медь

Я у вас, я у вас, у вас на губах,
Я у вас, я у вас, у вас на плече,
Отражаюсь в черных глазах как в венчальной свече.
Я у вас, я у вас, у вас на груди,
Я у вас, я у вас, у вас на щеке,
Наши пальцы, сливаясь, стекают к прозрачной реке.

Если в зеленое утро
И на нас падет божья роса
Я конечно стану чистым и мудрым
И спою о том, как сплетается ваша коса.

Ей там, кто еще любит,
Кто еще не успел все до конца посчитать
Мама, я не забуду,
Я с рождения помню, как без нее умирать

"Слишком много эротики, слишком мало любви, понимаешь?"

Յուրի Շևչուկ` երգող Շուկշին: Ռուսաստանը պարզ երկնային, ուրախ ծիծաղ է, որի մեջ արձագանքում են արցունքի վճիտ բյուրեղները: