Monday, July 30, 2007

Shanel:-)

Աշխարհի ամենատխուր բաներից մեկը գիտե՞ք որն է. կեղծ Ռուբենսը, կեղծ Պանթեոնը, կեղծ Էրմիտաժը, կեղծ Շանելը…

Ամեն օր տանից գործի գնալիս անցնում ենք Շանթի ռեստորանա-ժամանցային համալիրի իոնական սյուների, ամառվա ասֆալտային փոշու ու ձմեռվա ցեխաջրի մեջ իր աստվածային մերկությամբ համալիրի մուտքը զարդարող Զևսի մոտով…

Երեկ բազմաթիվ մորաքրոջս տղաներից մեկի երկու փոքր որդիների կնունքն էր: Մորաքրոջս տղան ամբողջ կյանքում մի նպատակ է ունեցել. վայելել կյանքն իր մերսեդեսաջակուզիական մատերիայի ամբողջականության մեջ: Խորհրդային տարիներին ու դրանից հետո մորաքրոջս ընտանիքը շատ վատ է ապրել, հիմնականում ներքին անհամերաշխության պատճառով (ըստ իս, իհարկե:-)) Գիտակից հասակից Արամի միտքն ու լեզուն պտտվում էին մի բառի շուրջ. փող: Մի պահ գնեց «մերսեդես», որի միակ մերսեդեսային իրականությունը ֆիրմայի նշանն էր: Այսօր բավականին ապահովված կենցաղ ունի: Բայց… երեկ այդ ապահովվածության ցուցահանդեսն ինձ տխրեցրեց: Միշտ եմ ունենում նման զգացում. երբ տեսնում եմ բարձրահասակ, դալուկ Եվանգելիստային ձգտող կարճահասակ հայուհիների` զարդարված հսկայական բարձրությամբ կրունկներով ու ամառային շոգն արհամարհող կատարյալ շպարով, արևից թխացած, լիքը թշերով, փայլուն շորերով ու ոսկյա զարդերով ուրախ-հպարտ 1980-ականների մերսեդեսներից իջնող գյուղացի կանանց, երևանյան բոհեմի գավառական ազատականության հովերով տարված երիտասարդ էլիտային…

Շատ վաղուց եմ նայել Բերտոլուչիի «20-րդ դարը»: Դիտումից մինչև հիմա միշտ մտածում եմ ազնվականի ու գյուղացու ընկերության մասին: Դա հնարավոր էր, քանի որ երկուսն էլ մինչև ուղնուծուծը իրենց բնույթին հավատարիմ էին` թեև տարբեր անգամներ, տարբեր ձևերով փորձելով ըմբոստանալ դրա դեմ: Այսօրվա մեր քաղաքակրթությունն իր սպառողական մեխանիզմներով բոլորին հնարավորություն է ընձեռում միջին լինել, մենք էլ հաճույքով օգտվում ենք նման հնարավորությունից… Շանել կրելը պահանջում է ոչ միայն համապատասխան գումար, այլև համապատասխան կենցաղ, սոցիալական միջավայր, կրթություն: Էրիմիտաժում ապրելը` նույնպես: Աշտարակի ճանապարհին սպիտակ պեգասներն ուղղակի փոշոտ քարի կտորներ են…

Wednesday, July 18, 2007

...

Երեկ «Երկիր Մեդիա» հեռուստաալիքով հերթական բանավեճ էր: Ինչպես միշտ, միացա շատ ուշ և, իհարկե, չհետևեցի մինչև վերջ: Այն պահին, երբ միացա, խոսվում էր բարոյականության ու օրենքի մասին: Բանախոսներից մեկը` Ռաֆայել Պապայանը, խոսում էր բարոյականության քրիստոնեական մեկնաբանության մասին, ու բանավեճն արագ հանգեց աբսյոլուտներին ու հարաբերականությանը: Դահլիճում ներկաներից մեկը հացրեց.

«Խոսում ենք բարոյականության քրիստոնեական սկզբունքների մասին: Ովքե՞ր են դրանք ամրագրելու: Ենթադրաբար հոգևորականները: Ասվեց, որ երեխային չսպանելն աբսյոլուտ է: Մեր շուրջը քանի-քանի երեխա է դանդաղ սպանվում սովից: Իսկ հոգևորականները շրջում են շքեղ մեքենաներով, կրում շքեղ զարդեր: Աբսյոլուտներն իրական կյանքում ինչպե՞ս են արժևորվում»:

Ըստ էության, այս հարցն էր, որ ինձ ստիպեց փոքր-ինչ հապաղել` ալիքը փոխելուց առաջ: Լսարանում ներկա էին մի քանի հոգևորականներ: Առաջինն անմիջապես հարցադրումը հորջորջեց որպես «հակաքրիստոնեական»: Երկրորդը` Էջմիածնի ինչ-որ պաշտոնյա հոգևոր հայր նկատեց. «Երբ գալիս էիք ստուդիա, երևի երթուղայինով եկաք կամ տաքսով: Ինչո՞ւ այդ դրամը չխնայեցիք այդ սոված երեխաների համար գոնե հաց գնելու համար: Երբ ձեր երեխային պաղպաղակ եք հյուրասիրում, չե՞ք մտածում, որ այդ գումարով Աֆրիկայում մի սովահար երեխայի գոնե մեկ անգամ սնվելու հնարավորությունից եք զրկում»…

Զզվեցի ու սկսեցի հեռախոսով խոսել…

Հոգևորը ենթադրում է ինքդ քո առջև մերկանալու կարողություն: Աբսյոլուտը խոսքերն են, որոնք բյուրեղացվում են գործում

Բայց ի՞նչ պահանջես ինստիտուցիոնալ հոգևորականից: Առնվազն` հաշվետու լինելու ունակություն, բայց այս երկրում ո՞ր ինsտիտուտն ունի նման ունակություն, որ սրանից էլ ինչ-որ բան ակնկալեմ…Ուղղակի, եթե իմ կարծրատիպային արժեհամակարգում պետական չինովնիկը պարտավոր չէ հոգևորի մասին շատ հոգ տանել, այստեղ պաշտոնի անվանումն ինքնին արդեն հուսահատեցնում է

Կարծեմ 8-րդ դասարան էի, երբ առաջին անգամ Աստվածաշունչ ընկավ ձեռքս: Ամռանն էլ եղբորս կնքեցին Հաղպատում: Մինչև հիմա չեմ կարողանում մոռանալ արարողությունից հետո Աստվածաշնչի մեջ հայտնված ռուբլիները…

Tuesday, July 17, 2007

ՀՀ բանակի հրթիռա-հրետանային զորքերի առօրյայից

1988: Արդեն 13 տարեկան էի ու կարող էի ինքս ընտրել, թե որ ճանապարհով եմ գնալ-գալու երաժշտական դպրոց: Ես նախընտրում էի քայլել մեր նոր տան ճանապարհին ընկած երկու զորամասերով հատվող հատվածով: Երկու պատճառով. ա) գեղեցիկ ծառուղու, բ) զինվորների ու բարձր պատերի, որոնցից այն կողմ կյանքն ինձ միանգամայն անծանոթ էր, իսկ ես տանել չէի կարողանում, երբ ինչ-որ բան չգիտեի:-)

Դա իմ ոչ առաջին, բայց ամենասերտ ծանոթությունն էր բանակի հետ: Ես սիրում էի զինվորներին: Հիշեցնեմ, այն ժամանակ նրանց մեծամասնությունը դեռևս սլավոններ էին: Դրանք խորհրդային զորամասեր էին: Իսկ ես սիրում էի զինվորներին, որովհետև նրանք միշտ ժպտում էին, գեղեցիկ, սլացիկ քայլվածք ունեին ու… վստահություն էին ներշնչում: Ու կապույտ աչքերում տխրություն կար: Խոսքում` սլավոնական փափկություն:

Հետո զորամասի պատերին հայտնվեցին «Կանգնի՜ր, կկրակեմ» նախազգուշացումներն, ու զինվորներն սկսեցին ավելի քիչ ժպտալ:

2007: Հայոց բանակն ինձ համար տարբեր սարսափելի պատմությունների ու մի քանի շքերթների հպարտ սարսուռից հետո նյութականացվում է եղբորս ծառայությամբ: Զորամասը Երևանից հեռու չի: Ներսում տարբեր հայ ռազմական գործիչների կիսանդրիներ են: Մի մասին բոլորովին չեմ ճանաչում: Աջից գրադարանն է: Գրադարա՞ն: Շատ անսպասելի էր…

Մոտենում է եղբայրս` բարձրահասակ, արևահարված, ժպտադեմ: Նոր բառերի տարափ, որոնց բացատրությունն իրականացվում է Total physical response մեթոդով.

- Էր ջան, բա սա՞ ինչ ա կոչվում:

- Tельняшка, бляха, бушлат, подшивка, кокарда, фуражка:

Չէ, բանակային ժարգոնը հայերենն այնքան էլ չի սիրում: Շապիկի վրա նշված է արյան խումբը: Պարզվում է, ամբողջ դասակը նույն խումբն ունի, իսկ ավելի ճիշտ, ինչպես զինվորներն ամբողջ դասակում չեն կարող առկա երկու չափից բացի այլ չափի գլուխներ ունենալ, այնպես էլ չեն կարող տարբեր արյան խմբեր ունենալ, որովհետև շապիկները (կամ էլ չգիտեմ դրանք ինչպես են կոչվում) միայն մի արյան խմբով նշում ունեն: Իսկ գլխարկների միայն երկչափյա գոյությունը պարտադրում է նմանվել ավանդապաշտ հրեաների, կամ էլ եթե տեսել եք «Незнайка» մուլտֆիլմը ու չաղլիկին հիշում եք, ապա այստեղ բոլոր նրանք, ովքեր ընտրել են գլխարկի այդ չափը, բավականին թմբլիկ են երևում: Մյուս մասը ստիպված է պարբերաբար աչքերից բարձրացնել ընկած գլխարկը:

Ինչպե՞ս է անցնում հրթիռա-հրետանային զորքերի նորակոչիկի օրն այսպես կոչված «ուչեբկայում».

6:30 – подъем (արթնանում են)

7:00 – развод` շարք են կանգնում ու հազարումի չգիտեմ ինչ են անում: Ճաշ, դասեր, շարք կանգնել, քայլել, վազել, մինչև 10:30: Այս ամենի ընթացքում կեսժամյա հանգիստ կեսօրին:

Լողանում են շաբաթական մեկ անգամ: Չորս ցնցուղներից միայն մեկն է համարձակվում տաք ջուր թողնել իր միջով:

Երբեմն «դնեվալնի» (дневальный) կամ հերթապահ են կանգնում:

Ուտում են: Ուտելիքը… ինչպես ասում է գումարտակի հրամանատարը. «Միսը վնասում է աղեստամոքսային տրակտը»: Ցորենը չի վնասում, այդ իսկ պատճառով ամեն ինչ ճաշարանում ի վերջո հանգում է ցորենի: Միրգ, բանջարեղեն, քաղցրավենիք. այս ամենը մնում է բաց դռների երազանք: Իսկ բաց դռների հնարավորություն կա ամեն ամսվա վերջին կիրակի օրը: Այդ օրը սպաները հաճախ հարցնում են. «Զինվոր, «տուլիկում» ի՞նչ կա»: Դա այն փաթեթն է, որի մեջ ծնողները փորձում են տեղավորել ավանդական հայկական սեղանը` դոլմայից ու տապակած հավից սկսած մինչև սուրճ ու կոնֆետ:

Բոլորն ուսումնասիրում են բոլորին: Քանի որ այս զորամասում մեծամասամբ բուհերի շրջանավարտներ են, ավանդական «դեդովշինան» ավելի հաճախ հոգեբանական բռնության է վերակերպվում: Մի տասնյակ սպաներից եղբայրս առանձնացնում է միայն մեկին, որին հաջողվում է հարգել զինվորին հիերարխիկ կարծրատիպերից անդին:

Այստեղ յուրաքանչյուրի վարքն անդրադառնում է ամբողջի վրա: Շարքի մեջ ոտքերդ չմիացրեցիր, ամբողջ մարտկոցը մի քանի շրջան ավելի է վազելու քո այդ վրիպման պատճառով: Հետևանքներն այլ զորամասերում ողբերգական կարող են լինել...

Փողն այստեղ էլ ամենակարող է: Կա ոչ պաշտոնական գնացուցակ ազատման թերթիկ ստանալու համար` 15-20 հազար:

Բանակը մի մասը համար անխուսափելի է, մյուս մասին համար` որոշակի գործունեության համար անհրաժեշտ նախապայման, երրորդների համար ինքնահաստատման փորձաշրջան:

Wednesday, July 11, 2007

Սխալվելու բարդույթ

Գիտե՞ք, ով է ուսուցիչը: Ով կարող է քեզ համբերատար ուղեկցել դեպի սխալների լաբիրինթոս: Ոչ թե նա, որ դեռ չմտած անիմանալու տիրույթ, քեզ պատասխանների մի ամբողջ կծիկ է տալիս ու սկսում գոռգոռալ, երբ կծիկը շեղվում է պատասխաններով ուղենշված ճանապարհից:

Եվ որտեղի՞ց մեզ այսքան մեծամտություն ու անհանդուրժողականություն սխալների հանդեպ: Ի՞նչն է մեզ այդքան իրավունք տալիս նսեմացնել ուսանողին իր սխալների համար:

Երեկ քիչ էր մնում սիրտս պայթի. լողավազանում սովորաբար առաջին և վերջին գծերը պահված են նորելուկ լողորդների համար, որոնց թիվն ամռանը մեծանուուուում է, էն էլ ինչքան:-) Իսկ էսպես կոչված ‘տրեներ դյադյան’ առոք-փառոք նստած աթոռին, ձեռքերը ինքնաբավ տեղավորած հաստ փորին` գոռգոռում է մի աղջնակի վրա. “Էրկու անգամ ասեցի, էլի ուպոռնի նույն սխալն ես անում”… Իսկ աղջիկը ծիծաղում է. “Չի ստացվում, ինչ անեմ”:

Նման տեսարանի ականատես եմ լինում գրեթե ամեն անգամ, երբ լողում եմ: Ու սարսափում եմ. իսկ ինչո՞ւ չի կարելի սխալվել, իսկ ինչո՞ւ են քեզ այդքան վճարում, ինչո՞ւ է քեզ համար նորմալ, երբ դու գումար ես վճարում, իսկ քեզ վրա գոռում են, երբ դու եկել ես սովորելու, համաձայնվել ես իրենց բոլոր պայմաններին, բայց չես կարողանում քեզ հետ հարգալից տոնով խոսելու մի պստիկ իրավունքդ պաշտպանել…

Եվ սխալներն ընդհարապես ուսանողների մղձավանջն են այս երկրում. արտագրում են, որ չսխալվեն, կեղծում են, որ չսխալվեն, չեն արտահայտվում, որ չսխալվեն, անդադար բառերի շարան են կապում, որ ընթացքում չհասցնես գլխի ընկնել, սխալվել են, թե ոչ…

Սխալվիր, որ քիթդ ջարդվի ու առաջ գնաս. ծուռ քթով, բայց քո սեփական կյանքով: Չէ, ոնց կլինի. Ռոկֆելլերի թոռներն ենք ու Փերիս Հիլթոնը (կամ էլ Քսենյա Սոբչակը, եթե հետևենք քաղաքական քամուն:-))

Monday, July 09, 2007

Եվ մեր այդ սևազգեստ արևը, այդ Կոմիտասը։

Ամեն ինչ հենք ունի: Նույնիսկ եղբորս տան կանաչ թուփը, որ մխրճվել է պլաստմասսայե բաժակի հատակին… Հենքի մասին չեն հիշում, տեղ-անտեղի չեն խոսում: Դա կա: Դա գոյն է…

Ես էլ չեմ խոսի: Մաթևոսյանից լավ չեմ կարող խոսել… Թողնեմ արևն այդ ինքը խոսի.

Հով ու ծով սեր

Կապույտ երկինքն էր եռում,
Կարմիր երկիրն էր ջեռում.
Հուր ու Հարավ` հև ու հև
Թախիծ ու տոթ էր բերում:

Հոգիս եկավ հովի պես,
Սերը սրտում ծովի պես.
Ծոցին վարդեր` ասաց. – Տես,
Քեզ իրելու եկա ես:

Վարդ ու քըրքում էր բուրեց,
Սիրտըս սըրտում գուրգուրեց.
Արև-Լուսին պագերով`
Երազ-երազ համբուրեց:


Հոգիս, ասաց ու ծռեց.
Ծամեր բացավ ու փռեց.
Ստինք-ստինք փարելով`
Հույզս մարավ ու լռեց:

Ես եմ

Ես քո սերն եմ,
Սիրուդ ջերն եմ,
Մենավոր:

Ես եմ քո կին,
Դու`իմ հոգին
Հենավոր:

Ձայնըդ հնչեց` սիրո կայծակ շեշտակի,
Հոգիս շնչեց` գարուն-փայլակ հեշտակի:
Շունչըդ առա կուռ ծոցերով`
Գըրիչ դառա հուր բոցերով:

Եռ ու սեր

Երկիրը եռում ` կողիկը գոցելով` ծաղիկ-ծաղիկ,
Առվակը սիրում է` հողիկը խոցելով` մաղիկ-մաղիկ.
Վարդկիը ջեռում է` շողիկը բոցելով` լըռիկ-լըռիկ,
Հովիկը ծիրում է` լողիկը ծոցելով` ջըրիկ-ջըրիկ:

Կոմիտաս, “Փըշուր մը” բանաստեղծությունների ժողովածուից

Thursday, July 05, 2007

Ինչպես Վոլտերը կասեր. "Պարելուց ու կարդալուց էս աշխարհին վնաս չկա":-)

Մեկ-երկու-երեք, մեկ-երկու-երեք…Դու փորձում ես մարմնիդ թվացյալ ազատությունն ու երաժշտության թռիչքը սահմանափակել այդ ռիթմի մեջ: Ուղեղդ հաշվիչ մեքենա է, ոչ թե մարմինդ ու Շոպենին միահյուսող ներդաշնակության կռվան: Առաջին անգամ ոտքերդ ու ձեռքերդ, որ թվում է, ինչ անպատմելի շարժում ասես չէին կարող անել մինչև այդ անիծյալ 'մեկ-երկու-երեքը', ուղղակի անասելի անճոռնիությամբ չեն տեղավորվում այդ շրջանակի մեջ: Ձախով հայտնվում ես աջի վրա, աջդ այնպես է պարուրվում մարմնիդ, որ հախուռն մոլախոտ ես հիշեցնում, ոչ թե մարդակերպ արարած:-) Այսպես սկսում ես սովորել վալս պարել:-)

Պարել շատ եմ սիրում: Քիչ եմ պարում, բայց շատ եմ սիրում: Մի ժամանակ, երբ ավելի հաճախ էի դա անում, ինձ անասելիորեն գերում էր սահմանի ու ազատության այդ հակամարտությունը. ռումբայի մեջ ձեռքի գեղեցիկ շարժում կա, երբ արմունկից ծալում ես դեպի ներս ու պրկված մատներով շրջանի ամբողջ ներքինը կրքոտությամբ դուրս հրում… Ինքնին բավականին պարզ շարժում է, բայց, ամեն անգամ փորձելով նույն այդ շարժումը, հանկարծ մի օր էլ գիտակցում ես, թե լարված մկաններիդ մեջ ինչքան ազատություն կա, ինչքան ճկունություն ու անսահմանություն կա: Բայց նույն շարժումն է, ոչինչ չի փոխվել… Ու տարօրինակորեն հստակ գծագրված այդ սահմանն է ազատության քո շեմը:

Մեկ-երկու-երեք, մեկ-երկու-երեք… այս անգամ թռչում ես, չես պարում:-)

Wednesday, July 04, 2007

Իջևանում լույս կա, բայց մութ է...

- Քանի դեռ կարալ չեմ ընկերուհուս սըհենց գրկիլ, տա լինելու պան չի, լի… , - ու վառվում են վրդովված երիտասարդի կապույտ աչքերն ու այտերը:

- Չէէէէէ, սիրտս դիմանալ չի, ես քինացի…

Անցնում ես Իջևանի փողոցներով ու բացի փոշոտ ու դմդմբան փողոցների փոշին կուլ տվող հիասքանչ ծառերը, հայացքդ հպվում-անցնում է երիտասարդների վրայով, որ ոչնչով չեն տարբերվում մայրաքաղաքի երիտասարդներից (ուղղակի իրենց խոսքն են համեմում ծորուն 'լի'-ով): Ամեն ձևի, հոտուհամի աղջիկ ու տղա կա այս կանաչ ու տխուր քաղաքում, բայց Ն-ի կապույտ աչքերը զայրույթի կայծեր են թափում աջ ու ձախ, որովհետև ինքն ուզում է Իջևանում Լորկայի նման կարողանալ հիշել “как на щеке цвело твое дыханье”, երբ ինքն զբոսնում է սիրած կնոջ հետ, բայց ասում են, ‘Նամուսով աղջիկն էդպես ման չի գա, իրան հարգող տղեն էլ պիլիկ-պիլիկ չի գրկի կնկան…’ Ազատությունը Ն-ի համար այդ լուսավոր ու երիտասարդ, անբռնազբոս ու ջերմ գրկախառնության մեջ է, նաև…կողքինների նույնքան ջերմ ու հասկացող հայացքների:


Մինչդեռ


А по садам орда людей и ругней,

суля разлуку, скачет к изголовью,


Սակայն:-) Եզրափակում է Ա-ն. “Տրա հըմար էլ դարման կա. առնում ես տղերքին ու հետդ ման ածում: Ինչքան շատ ըլնին հետդ, էնքան շատ կսովորին, լի, խի՞ էս նեղվում”…



P.S. Իջևանյան բարբառի անգրագետ կիրառման համար նախապես ներողություն եմ խնդրում:-)