Monday, June 11, 2007

Մանկության մոլորակ

Չէ, չէ, էս լավ կայքի մասին չեմ գրելու` http://www.mankutianmolorak.com, ուղղակի երբ վերնագրում էի, որը գրեթե միշտ վերջում է ստացվում, անմիջպես սա հիշեցի:-) Հեծանիվ էլ ալարեցի հնարել:-))))


Մեր մանկությունը երբեմն խտանում է ինչ-որ տեղանվան մեջ…Ամոջն իմ տոնածառն է, որի վրա կախում եմ մանկությանս գունավոր խաղալիքները: Ոչ ոք ինձ այդպես էլ չի կարողանում բացատրել, թե ինչ է նշանակում “ամոջը”` Օձունի կողքին, սարերի մեջ ծվարած այս փոքրիկ գյուղի անունը, որն իր նեղացկոտ դիրքով հանդերձ առատաձեռն ու հյուրընկալ ոգի ունի: Գյուղը սարի վրա գտնվող բացատի վրա է, որտեղ բարձրանալու համար պետք է գոնե ինը ոլորան անցես ու քարափի գլխին տեսնես արծվի թռիչքը: Իններորդ ոլորանն ավարտվում է… դե իհարկե, հենց ճամփեզրին թիկնած խաչքարով ու ցորենի կամ եգիպտացորենի (էդ էլ գյուղացին ու ամառը գիտեն) դաշտերով: 2007-ի հունիսի 9-ին հացահատիկի արտերը ծփում էին ալվան կակաչով…Տեղ-տեղ արտերն էնպես էին շիկնել, որ շունչդ կտրվում էր…Տեղ-տեղ էլ արևն էր իջել ու բազմել կանաչ հացի մեջ… Դեղին, կարմիր, մանուշակագույն: Արտերի կանաչ ձոփքը քամին էս գույներով էր ներկում: Ի ուրախություն քաղաքացու ու ի դժբախտություն գյուղացու (սայլապանս կառապանիդ վնաս չի:-))

Արտերից աջ Օձունի բացատն է, ձախ` կանաչ քարափն ու Խաչի սարը` լիքը մոշուտով ու պնդուկով: Դիմացի վերելքին էլ թառել է այգեշատ Ամոջը, ուր երևի մի քառասուն տուն հազիվ լինի, դրանց կեսից ավելին էլ` դատարկ:

Գյուղի վերջին տան հետ սկսվում է եղևնուտը ու էլի մերկ, կանաչ սարեր: Գլուխդ կախ հետևում ես միակ կածանին, քայլում ես, քայլում, մինչև հասնում ես անտառին ու քաղցր մորուն: Իսկ էս կածանը գյուղի նախամուտքն ազդարարող մի քանի մետրանոց ասֆալտից հետո հողի ու խճի փոխակերպված ճանապարհի շարունակությունն է: Մի ժամանակ կածանը տանում էր դեպի թնդանոթները, որոնք երեխեքիս ուրախությունն էին: Մի երկյուղած հանդարտություն էր իջնում մեր խառնիխուռն ամբոխի վրա. արձակված արկերի հռնդյունից ու իրադարձության կարևորությունից սսկված` ուշադիր հետևում էինք, թե ինչպես են մեեեեծ ու սև ամպերը պարտված հեռանում ու սկսվում էր արևոտ 'գելածնուկը', անձրևի ու արևի կայտառ մի խաղ, որի ժամանակ, մեզ ասել էին, թե գայլերն անտառում 'ձագ են ունենում' :-) Ու էլ ինչ ասես չէին ասել, որ ավանակի զռռոցի ժամանակ թե հասցրեցիր մազիցդ ձգել, ուրեմն երկար, գեղեցիկ վարսեր կունենաս (ինձ էդպես էլ չհաջողվեց ձգել իմ անհնազանդ գանգուրները:-)), որ սարի սպիտակ ծաղիկով (մենք ասում էինք 'սապոնածաղիկ', քանի որ երբ ափերիդ մեջ տրորում էիր գլխիկները, փրփուրի նման բան էր առաջանում) լվացվելու դեպքում միանգամից սպիտակում ես. ամեն ամառ մի երեք անգամ լվացվելուց հետո էլ մինչև հիմա շարունակում եմ թուխ մնալ:-)

Ամոջում մանկությունը միահյուսել էր երևակայությունն ու իրականությունը…

Sunday, June 10, 2007

Ինչպես են ծնվում լեգենդները...

Գենկան երրորդ դասարանում էր սովորում: Ամբողջ Էնգելսը (էսպես էր կոչվում տատիկիս թաղը) հիանում էր կապուտաչյա աղջնակով, որը գերում էր իր կենսուրախությամբ, սրամտությամբ, ոսկեգույն, մինչև գոտկատեղը հասնող վարսերով, գերազանցիկությամբ ու ...մարկեսյան գեղեցկությամբ...հա, հա, փոքրիկ հայկական քաղաքում, որտեղ հպարտանում էին հայոց պատմության դասագրքերում անգամ նշված պղնձաձուլական գործարանով (սա ավելի ուշ, իհարկե) նման գեղեցկությունը հողային չէր կարող լինել...

Գենկան երրորդ դասարանում էր, երբ երկինք հառնելու փոխարեն, սև “Չայկայով” հիվանդանոցից բերեցին պապիկիս տուն: Անշունչ... Քոթոն` պապիս ահռելի հովվաշունը, որը մի անգամ երիտասարդ մորաքույրներիս փրկում է Ծաղկաշատի անտառների բրդոտ արջից, “Չայկայի” մոտենալուն պես սկսում է ոռնալ` անվերջ, միալար...

Տատս իր վշտի մեջ անգամ խելամիտ կին էր. Քոթոյին ուտել էր պետք: Երբ հյուղարկավորությունից հետո որերորդ անգամ Քոթոն հրաժարվում է հին հացի կտորտանքներից, տատս խղճում է գամփռին ու մսով, իսկական տղամարդավարի ճաշ սարքում: Լցնում է Քոթոյի առաջ, իսկ Քոթոն աչքերը բարձրացնում է դեպի տատս ու սկսում արտասվել: “Արցունքները մարդու պես հատիկ-հատիկ թափվում էին աչքերից”, պատմում է մորաքույրս: Ու Քոթոն քառասուն օր ոչինչ չի ուտում, օրերով պառկում է բնի դիմաց ու գլուխը թաթերին` հայացքը հառում դիմացը... Քառասունքից հետո առաջին անգամ բերանն է առնում տատիս բերած հացը...

Ասում են...

Friday, June 08, 2007

SOS

Առավոտյան ուզում էի ելակի մասին գրել, բայց մի ուրիշ անգամ…

Իսկ հիմա ուզում եմ գրել էն թագավորների մասին, որ երեկոյան փախչելով իրենց նազիր-վեզիրներից, հայտնվում էին ինչ-որ քարվանսարայում, մարդաշատ շուկայում, կամ աղքատի տանը, տեսնում էին իրենց ներսում ձևավորված թշվառության նյութականացումն աղքատության ու կեղտի մեջ ու փորձում էին ազատվել դրանից` մաքրելով աղքատության գորշությունն ինչ-որ մեկին օգնելով: Չունենք նման թագավորներ, բայց սիրում ենք կրկնել, որ ամեն մի հայ թագավոր է: Իսկ կարո՞ղ ենք մի քանի հայերով գոնե մի քիչ թագավորություն անել: Այս լրագրողն արդեն գործի կեսն արել է, կարող ենք շարունակել:

http://www.168.am/am/articles/10613
http://www.168.am/am/articles/10174
http://www.168.am/am/articles/10072
http://www.168.am/am/articles/10349

Ինչպե՞ս: Մեր կարեկցանքը դնենք մի կողմ, արագ-արագ չփորձենք մեզանից հեռացնել էդ թշվառությունն ու մի րոպե, ընդամենը մի րոպե, մտածենք (խոստովանում եմ, ինքս մեծ գայթակղություն ունեի չկարդալ ինձ ուղարկված այս հղումները...), թե կարո՞ղ ենք արդյոք ինչ-որ կերպ օգնել նրանց: Կամ մեր կողքի հարևանին, չգիտեմ… Ես հասկանում եմ, այստեղ կարելի է անվերջ խոսել պետական մոտեցման անհրաժեշտության մասին (դե չկա էդպիսին, չկա) այս մարդկանց նման սարսափելի վիճակի մեջ ընկնելու բազմաթիվ արդարացի ու անարդար պատճառների մասին, բայց եկեք տեսնենք, ինչ կարող ենք անել:

Այս մարդկանցից երեքը կարող են աշխատել. տղամարդը` բանվոր, կանայք` հավաքարար: Եթե կան ընթերցողներ, ովքեր գիտեն հարմար աշխատանքների մասին, խնդրում եմ արձագանքել: Անմիջական օգնության հնարավորության դեպքում էլ` հագուստ 12-ամյա աղջնակի և նրա 41-ամյա մոր համար, սնունդ գրեթե բոլոր ընտանիքների համար, գրեք, խնդրում եմ, մենք ընկերներով փորձելու ենք ինչ-որ բան անել…

Thursday, June 07, 2007

Գոյայի ուրվականները

Երեկ նայեցինք Միլոշ Ֆորմանի ‘Գոյայի ուրվականները’…Տեսնես ո՞վ է “белка в колесе” դարձվածքի հեղինակը: Տաղանդավոր բնութագիր է մարդկության համար: Դարից դար ենք տեղափոխում նույն արժեքները, արատները, գայթակղությունները, սխալներն ու տառապանքը. կյանքը: 21-րդում ուղղակի շատացել է կյանքը հեշտ ապրողների թիվը:

Այս ֆիլմը բաց պատուհան էր` փախչելու կյանքի ադիբուդիական ընկալումից դեպի ծիրանայինը…

Wednesday, June 06, 2007

Ինչու չեմ խոսում:-)

Երեկ ընկերներիցս մեկը մոտեցավ, թե “Քո բլոգն եմ կարդում: Բա ինչո՞ւ չես խոսում, երբ էդքան ասելու բան ունես”:-)

Էս հարցն ինձ հաճախ են տալիս, բայց միշտ տալիս են նրանք, ովքեր ինձ լավ չեն ճանաչում:-) Իսկ ովքեր գիտեն, գիտեն նաև այն ամենի մասին, ինչի մասին գրում եմ: Ընդհանրապես մեծամասնությունը ճիշտ է, ես շատ չեմ խոսում, երբեմն նույնիսկ այն դեպքերում, երբ զգում եմ, որ ասելիք ունեմ: Հիմնական պատճառները մի քանիսն են: Սովորաբար խոսում եմ միայն այն դեպքում, երբ զգում եմ, որ լսում են: Սա հազվադեպ է պատահում:-)

Այն մարդիկ, ում հետ իմ առօրյայում շփվում եմ, որպես կանոն շատ կիրթ են, տեղեկացված և մեր խոսակցությունների թեման այնպիսին է, որ ես սովորաբար շատ ավելի շատ լսելու կարիք ունեմ, որովհետև սովորում եմ նրանցից, իսկ դա ինձ մոտ անհագուրդ մի պահանջ է:-) Կան մի քանիսը, որոնք բացի տեղեկացված ու կիրթ լինելը, նաև տաղանդավոր են ու իրենց տեսակետների յուրահատկությունը բացահայտելը շատ ավելի հաճելի է, քանի ինչ-որ ջրիկ, ընդհանրական կարծիք հայտնելը:

Ավելի ընդհանուր խոսակցությունների ժամանակ միշտ հայտնվում են մարդիկ, որոնք խոսելու պահանջ ունեն, ինչպես ես` լսելու:-) Այդ միջավայրում ես ասելիք չունեմ, որովհետև նման մարդիկ չեն խոսում հաղորդակցվելու համար. խոսելն ինքնանպատակ է, կամ էլ խելացի երևալու, ինքնահաստատվելու մղում:

Անգլիական ‘եղանակի մասին խոսակցությունների’ տեսակին ընդհանրապես չեմ տիրապետում:-) Առաջին երկու նախադասությունից հետո ինձ կորցնում եմ ու սկսում հիմարավարի ժպտալ. ամենալուրջ պատճառը, թե ինչու կանանց մեծամասնության հետ ‘կոնտակտը’ ձախողվում է: Օրինակ` լողավազանում թերևս մտածում են, որ իմ բառապաշարը սահմանափակվում է “բարև ձեզ”, “ցտեսություն” բառերով:-)

Բայց ինչպես կարելի է կռահել, ինքնաարտահայտման պահանջ ևս ունեմ, որի արդյունքում էլ հայտնվեց այս բլոգը:-) Ինձ դուր է գալիս դրա չպարտադրող բնույթը. կարդա, եթե ուզում ես, հաղորդակցվիր, եթե ուզում ես, չէ` խոսա, լսիր, կարդա, դիտիր ուրիշին:-)

Friday, June 01, 2007

Two roads diverged in a yellow wood ...

..."Our eyes, fatigued from reading these tales, rest upon the picture. If there's something within the text that our intellect and imagination are at pain to conjure, the illustration comes at once to our aid. The images are the story's blossoming in color. But painting without its accompanying story is an impossibility.

"Or so I used to think, " I added, as if regretfully. "But this is indeed quite possible. Two years ago I traveled once again to Venice as the Sultan's ambassador. I observed at length the portraits that the Venetian masters had made. I did so without knowing to which scene and story the pictures belonged, and I struggled to extract the story from the image...What was the narrative that this representation was meant to embellish and c5omplete? As I regarded the work, I slowly sensed that the underlying tale was the picture itself. The painting wasn't the extension of a story at all, it was something in its own right."

Օրհան Փամուկի "Իմ անունը Կարմիր է" վեպում մանրանկարների իմաստի մասին զրույցում այսպես է իր խոհերն արտահայտում 16-րդ դարի թուրք մանրանկարիչներից մեկը: Կարդում եմ ու մտածում, թե ինչքան տարբեր են իմացության ուղիները, իսկ ուր են դրանք տանում, կարծես թե չենք էլ կարողացել մինչև վերջ պարզել/վերծանել/գտնել: Ու երանի նրան, որ ուղիների բազմազանության հարստությունն ունի ներսում, ոչ թե դրանց հակադրման ցանկությունը...

* Two roads diverged in a yellow wood ...