Wednesday, May 30, 2007

Շան տղեն էկավ-անցավ, բռնել-պաչելս կգա…

Հա, հա, մեր երգերից է` “Դինո”, որն առաջին անգամ լսեցի Անուշ ու Ինգա Արշակյանների կատարմամբ: Առաջին անգամը չի, որ ինձ զարմացնում են մեր երգերը:-) Դեռևս մի քանի տարի առաջ Տաղարանի կատարմամբ էլ մի քանի կատակերգ լսեցի, որտեղ աղջիկ-տղա ուրախ-ուրախ սիրահետում են իրար` անկեղծ, պարզ, հողային ու տաք:

Իսկ հիմա.

I wanna be your friend
Day by day to the very end
If you ever call crying with the blues
I’m here for you

Լավ էլի:-)

Tuesday, May 29, 2007

Տես, տես, ով է գալիս:-)

Վերջերս բարձրանում եմ Աբովյանով ու հանկարծ աչքս ընկավ դիմացից ինձ մոտեցող կնոջը: Անմիջապես ուշադրությունս գրավեց իր քայլվածքը. չափազանց ինքնավստահություն, որն արտահայտվում էր նույն այդ ինքնավստահությունը ի ցույց դնելու համար հետ նետված գլխով, որի պատճառով ամբողջ մարմինն ինչ-որ անբնական լարվածություն էր ստացել: Կինն ակնոց էր կրում` սովորական, սպիտակ ապակիներով ակնոց: Երբ մոտեցանք, նկատեցի, որ ապակիներից մեկի վրա, ներքևի անկյունում բավականին մեծ տառերով գրված էր ակնոցը պատրաստող ֆիրմայի անունը: Քանի որ տառերը բավականին մեծ տարածք էին զբաղեցնում, կինն ինչ-որ տարօրինակ խոնարհ հայացք էր ձեռք բերել. ստիպված էր նայել ակնոցների տակից:

Հաջորդ օրը երթուղայինում նստում եմ երևի քառասնամյա մի տղամարդու կողքին, որն անտեսելով վաղ առավոտյան արդեն իսկ ռազմատենչ դիրքորոշում որդեգրած տապը, մուգ կոստյում է հագել, որի ձախ թևին կարված է … կռահեցիք, ֆիրմայի անունը:-) Էլ չեմ խոսում անթիվ-անհամար գունավոր, փայլփլուն բլուզների մասին` UPA 3, SO, COM և ինձ համար անհասկանալի մի շարք այլ տառակապակցություններով զարդարված:

Չէ, ինչքան ենք սիրում “երևալ”:-)

Saturday, May 26, 2007

Մայիսյան դիտարկումներ

Ուրբաթ երեկոյան փոքրիկ Հայաստանի մեծ քաղաք Երևանի ‘կարևորագույն’ Բաղրամյան պողոտայով արագ, մանրիկ քայլերով դեպի օպերայի շենքն է շտապում փխրուն մի աղջնակ` կանաչ աչքերին ու կարմիր շուրթերին միշտ լայն մի ժպիտ, ձեռքին մի մեծ պայուսակ, իսկ մեջը` լիքը երիտասարդություն ու ապրելու ցանկություն: 22-ամյա Անան (հա, հա, Անան, Աննան չէ:-) Անա` իր ընտրությամբ, Անահիտ` ծնողների), որ հանդարտ, համառ ու ժրաջան վեր է բարձրանում ընդունված սոցիալական սանդուղքով, ուրբաթ երեկոներին լուռ ու ժպտերես տրվում է գեղեցկությանն ու ավելի թովիչ տեսարան, քան երիտասարդության ու սիմֆոնիայի համահունչ գոյակցությունը Երևանի ֆիլհարմոնիկ մեծ դահլիճում այսօր դժվար է գտնել հոգեբացակայությունից տառապող այս քաղաքում:

Անշուշտ, արտասովոր ոչինչ չկա դասական համերգի շտապող երիտասարդ կնոջ մեջ, բայց այնտեղ, որտեղ ամեն երրորդ երիտասարդ կնոջ երազանքները սահմանափակվում են լավ տուն-տեղ դնելով, ոսկյա ու ադամանդե զարդերի մրցավազք սկսելով, գեղեցկությունն ընկալելով միայն որպես հանրային կարծիք, մարգարիտները պետք է ցեխից հանել… Թյուրիմացություն կլիներ անտեսել ‘տան կնոջ’ դերը հասարակությունում, սակայն երբ հասարակությունը հիվանդանում է նյութապաշտության գերաճից, պետք է ահազանգել ու արագ դեմն առնել, որպեսզի այդ փտախտը չավերի այն… Առողջ հասարակությունում հոգի է պետք, ինչպես մարմնում…