Saturday, April 28, 2007

Հավսար...Զգաստ

Այսօր մի տեսակ պիոներական օր է:-) Սայաթ-Նովան ոնց որ մի մեծ գետ, ուր հոսում են մանուկների ու պատանիների խառնիխուռն վտակներ` գույնզգույն վզկապներով, գունավոր պլակատներով, որ հպարտորեն կրում են… սովորաբար աղջիկները:-) Իսկ պլակատների վրա իրենց դպրոցների անունները ու այսպիսի հպարտ հայտարարություններ. “Ազատվենք կեղտոտությունից: Մաքուր պահենք մեր շրջապատը”: Հետաքրքիր է, նույն այդ ակցիայից հետ ինչպիսի տեսք կունենա Ազատության հրապարակը, դեպի ուր շարժվում էին դպրոցականների այդ խմբերը…

Tuesday, April 24, 2007

Ապրիլի 24

2:01: Էս ինչ ա կատարվում… Երկնքից ոչ թե ձյուն ա թափվում, այլ բռունցքաչափ բամբակի հեղեղ: Կանաչ ծառերին, թաց մայթերին ու գորշ շենքերին: Կատաղի, վրդովված հեղեղ: Հազար ափսոս բոստանի բալենուն:-(

Wednesday, April 18, 2007

Մեր կանգառի Գագոն

Ամեն մի գյուղ կամ քաղաք ունի իր, ինչպես Լոռում են ասում, ‘շաշը’: Դա մեկն է, որը տարբերվում է բոլորից. փողոցում կարող է բարձրաձայն խոսել անտեսանելի զրուցակցի կամ ինքն իր հետ, երգել, ուտել, չսանրվել, ծիծաղել բարձրաձայն ու լիաթոք… Մանկությանս տարիներին Վանաձորում ունեինք ‘Շաշ Նանար’, որից շատ էի վախենում` գեր կին էր, բեղ-միրուքով, անտանելի բուրմունքով, ու ‘գիժ Սերգո’` սպիտակամորուք, ամառ թե ձմեռ սև վերարկուն վրան մի տղամարդ, որը միշտ ինքնամոռաց խոսում էր: Սերգոյի մասին լսել եմ, որ շատ խելացի մարդ է եղել: Ասում են երկուսն էլ հիմա չկան:

Երևանյան իմ փայ ուրախին կոչում են Գագո. 25-35 տարեկան, կարճահասակ, լիք-լիքը, կարմիր թշերով, ժպտերես Գագոն, որը մեր կանգառում արևածաղիկ է վաճառում: Երթուղայինների վարորդների բարձրաձայն “Գագոոոոո, մի բաժակ սեմըշկա բեր” կոչին արագ ու լայն ժպիտով արձագանքող Գագոն: Ու տեսնել է պետք, թե ինչպես է շիկնում ու խոնարհած աչքերի տակով անցող-գնացող գեղեցիկ տիկնանց ըմբոշխնում Գագոն: Կարծես թե նախընտրում է փայլփլուն հանդերձանք ու երկար վարսեր:

Գագոյի ուրախ ու բաց ժպիտը շատերին է ստիպում ժպտալ…

Tuesday, April 17, 2007

Գարուն

Գարունը կարծես դժկամորեն, բայց անխուսափելիորեն մուտք է գործում Երևան: Անձրևում է ամեն օր, իսկ մարզերում նույնիսկ ամենաձմեռային ձմեռ է: Երեկ փակվել էին ճանապարհները Տաշիրից Երևան: Այս առավոտ արևի համեստ ճառագայթներն էլ բավական են, որ նկատես նոր բողբոջներն ու ծաղկունքից հևացող սակավաթիվ ծառերը:

Սա էլ իմ լավ ընկերներից մեկի ձոնն առ գարուն:-)

***

Սպիտակ անձրևի կաթիլները զարդարում են կանաչը նորահաս,
Լուսաբաց է: Կարմրում են մեղմիկ ճյուղերը բարդու սիրահար:
Սիրահար` մովին քնկոտ պարսերի
Հողածին, փթթող մանուշակների:

Հարբում են դանդաղ ծվեններն երկնի
Բոսորագույն արեգակից
Ու փորձում թաքցնել ցավը գիշերվա
պայծառ առկայծող մանուշակներից:

Կաթիլներն սպիտակ մեկնում են երկինք,
Կապույտը անվերջ հաղթում է կարմրին,
Բարդին սիրավառ բողոբոջում է տաք`
Կանաչի թագը տալով կապույտին…

Իսկ թագից կանաչ բուրում էր մովը մանուշակների:

Monday, April 16, 2007

...

90 թվականի ամռանը ծնողներս որոշեցին ինձ նվեր մատուցել: Հաջորդ տարի ավարտելու էի դպրոցը, սկսվելու էին ընդունելության քննությունները, նոր դասեր և այլն, ու մերոնք որոշեցին, որ էդ ամենից առաջ ինձ լավ հանգիստը բոլորովին չէր խանգարի:-) Ինձ հարցրեցին. “Ո՞ւր կուզենայիր գնալ` "Ռիգա՞, թե՞ Լենինգրադ": "Ռիգա", միանշանակ պատասխանեցի ես, քանի որ այնտեղ էր բնակվում մորաքրոջս տղան (բազմաթիվներից մեկը:-)), որը քանդակագործ է և այդ ժամանակ ուսանում էր Ռիգայի Գեղարվեստի ակադեմիայում: Ընդամենը մի չորս անգամ էի տեսել իրեն, բայց քանի որ քանդակագործ էր, շատ էի ուզում տեսնել, խոսել. կարծում էի ահագին մեծ եմ, որ կարգին զրուցընկեր լինեմ:-)

Եվ այսպես, հավաքեցինք ճամպրուկները ու հայտնվեցինք Ռիգայում: Ճիշտ է, ես այդպես էլ չխոսեցի Հրայրի հետ, որովհետև իմ լռակյացությանը միանում էր նաև այն հանգամանքը, որ նա գրեթե միշտ իր արվեստանոցում էր լինում, իսկ մենք թափառում էինք քաղաքում: Բայց մի օր որոշեցի մնալ տանը, քանի որ անձրև էր գալիս, մերոնք էլ գնացել էին հարևան-բարեկամների համար նվերներ գնելու: Հրայրը մեզ էր զիջել իր մեկ սենյականոց փոոոքրիկ բնակարանը, որտեղ բոլոր պատերը էսքիզներով ու մեջբերումներով էին պատված: Սկսեցի քչփորել իր գրադարանը: Այդպես առաջին անգամ իմացա բուդդիզմի ու տիբեթյան փիլիսոփայության մասին: Մինչև հիմա հիշում եմ փոքրիկ մի պատմություն:

Աշակերտն ու ուսուցիչը նստում են ընթրիքի: Հանկարծ ուսուցիչը հանում է մի գանգ, գինի լցնում ու խմում: Աշակերտը սարսափահար նայում է, թե ինչպես է նա հանդարտ, առանց որևէ հուզմունքի ըմպում գինին: Ուսուցիչը վար է դնում գանգն ու նույն հանդարտությամբ դիմում աշակերտին, “Ընկերս է”:

Խոստովանում եմ, ոչինչ չհասկացա, բացի աշակերտի սարսափից, որովհետև նույնն էի զգում…Երևույթի ֆիզիկական բնույթի սահմռկեցուցիչ հանդարտությունն էնպիսի ըմբոստություն էր մեջս առաջացրել, որն ուղղակի թույլ չէր տալիս մտածել: Հետագայում, տարբեր առիթներով նորից հիշել եմ այս պատմությունը…

Եվ ինչպե՞ս իմանալ, որտեղ է ավարտվում սպիտակն ու սկսվում սևը, կամ հակառակը: Այն ինչ կոչվում է նվիրվածություն, կարող է դառնալ շղթա, սերը` պարտավորեցնող կապանք, ազատությունը` մոլախոտային տարանցիկություն, դավաճանությունը` սիրո մեծագույն դրսևորում… Ինչպե՞ս ընտրել քո ճանապարհն այս լաբիրինթոսում ու իսկապես լինել ազատ, սիրող, բարի, ազնիվ, ինչպե՞ս գտնել քո սահմաններն առանց միաժամանակ դրանք կաղապարներ դարձնելու…

Tuesday, April 10, 2007

Էստի համեցեք...

Շրջայցը Երևանում այսօր քաղաքական համակրությունների բացահայտիչ կարող է հանդիսանալ: Կարելի է պարզել նաև, թե որ ‘օբյեկտն’ ում է պատկանում, կամ ով է հովանավորում` ոչ բարդ եզրահանգումներ կատարելով դռներին ու լուսամուտներին փակցված համապատասխան կուսակցությունների կամ անհատ թեկնածուների գունավոր պլակատներից:

Հետաքրքիր է, արդյոք քարոզարշավների կազմակերպիչների մոտ երբևէ ցանկություն չի՞ առաջանում լինել ինքնատիպ: Միգուցե դաշնակցական փուչիկները նման ցանկության արտացոլո՞ւմն են:-) Բարեկամության խաչմերուկում իշխում են կապույտ ու սպիտակ Բարգավաճ Հայաստանն ու Դաշնակցության մեեեծ, սպիտակ փուչիկները, որոնցից մեկն արդեն հասցրել է պայթել, կամ էլ նստել:-) Մի բան ակնհայտ է. բարձրացել է և դիզայնի, և տպագրության որակը: Նույնիսկ կարգախոսները հավակնում են հնչել հենց որպես կարգախոս: Օրինակ` “Միասին կառուցենք բարգավաճ Հայաստան”:-) (վերջին թարմ անեկդոտը. շաբաթ երեկոյան, թե կիրակի առավոտյան լուրեր էինք կիսանայում (դե, գիտեք դա ինչպես է լինում Հայաստանում. ամբողջ ընտանիքը հավաքվում է հյուրասենյակում, բոլորը զրուցում են, բայց հեռուստացույցն էլ անպայման միացրած է լինելու:-), երբ իմ ու եղբորս ուշադրությունը գրավեց մի մեծահասակ կին, որն իր խոսքը եզրափակեց այսպես. “Շատ ապրեք, շատ շնորհակալ եմ, միշտ բարգավաճ ըլնեք”: Պարզվեց, ԲՀԿ անդամներն այցելում էին բազմազավակ ընտանիքներին և նվերներ բաժանումJ

Որպես արդարացում միշտ կարելի է լսել. խաղում ենք ընդունված կանոններով: Եթե մեկը գովազդային պաստառ է տպագրում, ես էլ ավելի լավն են տպագրելու: Եթե մեկն ունի երեք ժամ հեռուստաեթեր, ես ունենալու եմ առնվազն 2*3: Իսկ եթե ընտրություններին նախորդող երեք ամսվա մեջ կատարվող հիմար գովազդների փոխարեն ոչ հիմար նախաձեռնություններով հանդես գամ ընտրություններին նախորդող չորս տարիների ընթացքում, մի՞թե ավելի վստահելի համակիրներ չեմ ձեռք բերի: Չէ՞ որ ժամանակն է հարաբերությունների փորձաքարը, որը մեզ թույլ է տալիս դրսևորվել այնպես, ինչպես իրականում կանք:

Ոչ ոք չի հավատում քարոզներին, մեծամասնությունը տառացիորեն զզվում է այս գովազդային մրցարշավից, բայց դրանք հենց այն գերակշռող մեխանիզմներն են, որոնք այսօր առկա են այս երկրում: Լավ, ընդունում եմ, նաև միջազգայնորեն: Բայց չե՞նք կարող գոնե մի անգամ ինքներս առաջինը լինել, գործել ավելի ինքնատիպ ու արդյունավետ. օրինակ տարբեր ծրագրեր իրականացնել տարիների ընթացքում, այդ ծրագրերի ժամանակ հանդիպել մարդկանց հետ, զրուցել ու տեսնել, թե ինչ են ցանկանում այն մարդիկ, որոնց հետո խնդրելու ենք, որ ընտրեն մեզ: Շատ հաճախ ամենարդյունավետ պատասխանները հայտնվում են հենց այդ զրույցների ընթացքում:

Տեսնենք մնացած լիքը-լիքը կուսակցություններն ինչպես են ասելու, որ իրենք ամենալավն են: Կենտրոնական Երևանում առայժմ ՀՅԴ-ն ու ԲՀԿ-ն են գովերգում իրենց բարեմասնությունները:

Thursday, April 05, 2007

Հայոց լեզու. 2007թ.

Հայոց երիտասարդների ստեղծագործական մոտեցումը հայոց լեզվին 2007թ. գարնանը.

Բոց (ածական) բոցվել (բայ). սքանչելի, հրաշալի. Երեկ լրիվ բոց էր: = Երեկ շատ լավ էր, ուղղակի հոյակապ:

Հայացք (հավանաբար գոյական). Հայացք չկա մեջը: = Տվյալ անձին պակասում են ինքնատիպությունը, ինտրիգը: Դիմացինի համար նա անհետաքրքիր է, ձանձրալի:

Կտտացրած (ածական). հիմարավուն, խելքի որոշակի պաշարների բացակայություն. Վարորդը լրիվ կտտ(ա)ցրած էր/ (‘ա’ տառը կարելի է և բաց թողնել արտասանության մեջ) = Վարորդի խելքը մի քիչ պակաս էր:

Լյոկշ (անհայտ խոսքի մաս). ձանձրանալ, պարապ լինել. Լյոկշ ա = Այս պահին պարապ եմ, ձանձրանում եմ:

Սա էլ ավելի ‘ավանդապաշտների’ համար նույն տարիքային խմբի անդամներից մեկի կողմից.

Խնձորը
(բալլադ մեկ տենչով)

Նա ուզում էր Նուռ լինել,
բայց զգում էր, որ իր բջիջների մեջ
ծանրացած օրենքը
օրըստօրե խնձորում է իրեն:

Նախանձում էր հարևանությամբ
հասունացող նռներին, որոնք
ակամա և առանց երազանքի նուռ էին…

Արևը մեծ Նուռ էր,
երկինքը` նռան փարթամ ծառ…

Դեռ կիսահաս էր, երբ պատահաբար
պոկեցին ու շպրտեցին ցանկապատն անցած
ինչ-որ շան ետևից…

Ճյուղից մնաց կախված տիեզերքից էլ մեծ Տենչը

Ասողիկ Գնել Հակոբյան

Wednesday, April 04, 2007

Երևանյան առօրյայից

Եթե Հայաստանի բնակավայրերում վերանորոգվում են հիմնական ճանապարհներն, ապա պետք է ուղղակի երեկոյան լուրեր նայել և իմանալ, թե որ երկրի բարձրաստիճան պաշտոնյան է ժամանելու Հայաստան: Սովորաբար բարձրաստճայնությունը սահմանափակվում է Ռուսաստան, ԱՄՆ, Եվրոպա աշխարհաքաղաքական միավորներով: Իսկ եթե ասֆալտի հոտ է գալիս նեղ, ծուռտիկ-մուռտիկ փողոցներից, նշանակում է ընտրություններ են: Փողոցների չափսերից կարելի է որոշել ընտրությունների մասշտաբը:

Լցակայաններում հայտնվել է ‘եվրոդեզիլ’: Բայց ‘եվրոյի’ ամենալավ օրինակն իմացա վերջերս. պարզվում է, եթե ամուսնանում ես երեսունից հետո, ունենում ես ‘եվրոամուսին’:-) Ափսոս, հետագա մեկնաբանություններ չեղան, թե կոնկրետ ինչպիսի չափանիշներ են սահմանում եվրոամուսնուն:-)

Երևանի փողոցներում և հասարակական վայրերում նորից կարելի է լսել ռուսերենը, որն 90-ականների սկզբներին կտրուկ նվազեց: Հաղորդակցվողները մեծամասամբ երիտասարդներ են: Համարենք լավ նշա՞ն. ոմանք վերադառնում են Հայաստան: Ավելի լավ բացատրություն չունեմ, որովհետև մեր կրթության որակը հաստատ նման սահունություն այսօր չի կարողանում ապահովել:

Monday, April 02, 2007

Acoustic Folklore կամ ակուստիկ պատմություն մի երաժշտի մասին

91թ., ամառ: Մինչ Վանաձորի ամենավստահելի անգլերենի կրկնուսույցներից մեկը փորձում է ընդհանրացնել իմ սխալներն ու միավորները, միջանցքում նկատում եմ ցածրահասակ, լուրջ մի երիտասարդի, որը հրաշալի թավ ձայնով բարևում է և անհետանում:

93թ., գարուն կամ ամառ: Լուսինեի հետ զրուցելով մոտենում ենք ավտոբուսին, որը բոլորիս տանելու է Վանաձոր, այդ թվում Լուսինեի եղբորը, որի մասին բազմիցս լսել եմ ու երբեք չեմ տեսել: Հանդիպում ենք բաաաարձրահասակ, լուրջ մի երիտասարդի, որը վարակիչ ծիծաղ ուներ և ամաչկոտ շարժուձև:

Այսպես ծանոթացա ինչպես հետո իրենք շատերին հայտնի դարձան որպես Snack-ի, ու մի քիչ ավելի հետո էլ ու արդեն ավելի երկար, որպես Լավ Էլիի Մհերի ու Գոռի հետ:-) Հետո եղան մոմի լույսի տակ ծնված ու ապրված սերեր, ատելություններ, սոյայի կոտլետներ, խնձորով պիրոգներ, ծվածեղներ, սաաառը սենյակներ, ընկերություն, հիասթափություն, հուսահատություն, տարեցտարի բազմազան դարձող ուտեստներ, նոր սերեր ու … երգեր… մեղմ ու հախուռն, քնքուշ ու բուռն, ու ամենակարևորը հայերեն գեղեցիկ հնչող երգեր, որոնք կեղծ չէին, լալկան-սենտիմենտալ չէին, վսեմ-ձևական չէին, այլ լավ երգեր էին, որոնք ամեն մի երիտասարդ երգում է իր փոթորկոտ կամ սովորական երիտասարդության օրերին: Լավ Էլին շատ հետաքրքիր երևույթ էր, որտեղ երիտասարդական երկվություններն իրենց գեղեցիկ արտահայտությունն էին գտել Մհերի սթափեցնող, լայնահոս մտքապատկերների թավության ու Գոռի մեղմ, հանդարտ զգացմունքայնության համահունչ ձայներում, որոնց ռոք երաժշտության բուռն ինտենսիվությունն էին հաղորդում Դավիթի հարվածայիններն ու Վահեի բաս կիթառը:

Հետո Լավ Էլին բաժանվեց: Չեմ կարծում այն ժամանակ, երբ այլևս ասելիք չուներ: Շատ ուներ, բայց երևի այդ պահին ավելի բովանդակալից կամ արտահայտիչ ասելիք ունեին անհատները, ոչ թե խումբը: Ու արդյունքում ունեցանք ‘ընդհատակյա’ Լավ Էլիի Մհեր ու Գոռ Մխիթարյան:

Գոռին շատերս համարում էինք անբուժելի երազող: Մի օր Վանաձորում նա մեզ` չորս ընկերուհիներիս, խոստացավ, որ մի քանի տարի անց արձակուրդներին հրավիրելու է Թաիթի:-) Լավ ծիծաղեցինք, ամեն ինչի մասին հանգամանորեն պայմանավորվեցինք ու աղջիկներով դուրս եկանք զբոսնելու:

Անցան տարիներ, ու հիմա Գոռը համերգներով հանդես է գալիս ԱՄՆ-ում ու Եվրոպայում: Բազմաթիվ երաժշտական ակնարկներում նրան համարում են նորեցի հնչողությամբ ու ինքնատիպ հայ երաժիշտ: Միգուցե… Ինձ համար Գոռն իր ու իր աշխարհի մասին անկեղծորեն երգող երաժիշտ է, իսկ քանի որ նրա աշխարհը և Վանաձորի երկրաշարժից հետո տարիներով տուն դարձած домик-ն է, և լոսանջելեսյան ու բոստոնյան երաժշտական բոհեմը, քանի որ ինքն անկեղծորեն հավատում է իր կյանքին, զգացմունքներին ու մտքերին ու միաժամանակ շարունակում է անբուժելիորեն երազել, իր երգը միշտ գտնում է իր ունկնդրին: Գոռն ինչ-որ մի երջանիկ պահի հասկացավ իր իրական կոչումը և վստահորեն շարժվեց առաջ` շատերին թվալով վանաձորյան դոն կիխոտ, իսկ իրեն` ընդամենը մեկը, որի համար երաժշտությունը դարձավ առանցք:

Ինչո՞ւ հիշեցի Գոռին: Որովհետև շուտով ապրիլի 7-ն է, որը բացի Հայաստանում գտնվող կանացի սեռին գովերգող տոներից երկրորդը, նաև Գոռի նոր ալբոմի` Acoustic Folklore-ի մեկնարկի օրն է, և որովհետև անհամբեր սպասում եմ նորից նրան տեսնելու Հայաստանում: Մայիսի 5, Երևան, Տիկնիկային թատրոն… Եթե հետաքրքրեցի:-)