Friday, March 30, 2007

գարուն ա, ձուն ա արել

Տեսնես արևն ինչու չի հիշում, որ Հայաստանում էլ է գարուն:-( Ոնց որ ներսից ենք գորշացել, էնպես էլ դրսից:

Դե լավ, էլ չեմ բողոքում և ինչպես կարելի է:-) Ֆիլհարմոնիկի համերգաշրջանն արդեն սկսվել է, հաջորդ շաբաթ սկսվում է բրիտանական ֆիլմերի փառատոնը, ընկերներից մեկն արդեն կրկնակի հպարտ հայրիկ է, քանի որ Քեսիդին արդեն Ֆիոնայի երկու օրական քույրիկն է, Լոնդոնից Երևան է վերադարձել ամենահրաշալի երևանցիներից մեկը, որին երբևէ ճանաչել եմ, և մեծագույն հույսեր ունեմ, որ կիրակի օրը վերջապես դուրս կպրծնեմ քաղաքից:

Thursday, March 29, 2007

'Շնակալություն'

Մի քանի օր առաջ առավոտյան աշխատանքի էի գնում ու ամեն ինչ նույնն էր, ինչ-որ նախորդ կամ դրա առաջին օրը. գեղեցիկ, դասից ուշացող ուսանողուհիներ, քնաթաթախ, բայց գելով հարդարված մազերով երիտասարդներ, վերջին ուղևորի հետ գետնին հայտնված վարորդական ծխախոտ (պատուհանին կախված նախազգուշացումն առողջությունը վտանգելու մասին զուտ դեկորատիվ գործառույթ ունի հայոց հանրային տրանսպորտում:-) և այլն…

Միակ տարբերությունն այն էր, որ ամեն անգամ, երբ երթուղային էր մտնում հերթական գեղեցիկ աղջիկը, լսվում էր. ‘Շնակալություն’: Ոչ ‘մերսի’, ոչ էլ ‘շնորհակալություն’, այլ ‘շնակալություն’:-)

Բնականաբար առաջին անգամը չէր, որ նկատում էի, թե ինչքան երկար է անգլիախոս մշակույթում որպես magic word հայտնի բառը: Երևի երկարությունն է պատճառը, որ հայերս դժվարությամբ ենք մեր երախտիքն արտահայտում:-) Նույնն իհարկե վերաբերում է ‘ներողությունին’: Որ լեզուն հուզական ու մտավոր աշխարհի հայելին է, հայտնի է վաղուց: Իսկ մերն ինչպիսի՞ն է: ‘Մերն’ այստեղ հավանաբար այնքան էլ տեղին չի, քանի որ նման աշխարհների քննարկումների համար առավել համապատասխան կլիներ անհատների մակարդակը, բայց փորձենք պատկերել հայկական սոցիումի դիմագիծը: Հայ ‘մենքը’ սիրում է մտածել, որ շատերը պարտավոր են անել, այն ինչ անում են. եթե զիջում ես տեղդ, պարտավոր ես, եթե հերթ ես կանգնում, դու պարտավոր ես, իսկ ինքը արտոնյալ է, կարելի է և առաջ անցնել: Միգուցե ‘շնորհակալությունը’ կարողանար այս տրոհվող եսերին մի քիչ մերձեցնել և անհատների ավելի համահունչ հանրային հարաբերման մշակույթ ձևավորել:

Երևանում իրականացվող շինարարության արդյունքում քաղաքի կենտրոնում մայթերի մի մասում ‘միակողմանի երթևեկություն’ է հաստատվել: Այդուհանդերձ երկու ընկերուհիներ, երբ անցնում են այս մայթերով, անպայման դա անում են կողք-կողքի և ապշած վրադ են նայում իրենց մեծ, գեղեցիկ աչքերով, երբ փորձում ես ճանապարհ խնդրել: Անգամ եթե նրանց մտքով անցնում է ներողություն խնդրել, դա արվում է լուսային արագությամբ և նրանք չեն էլ հասցնում գիտակցել դա:-)

Առաջարկ. առաջին դասարանից մինչև չորրորդ օրն սկսել հինգ րոպե ‘շնորհակալություն’ և ‘ներողություն’ բառերը կրկնելով:-)))) Միգուցե դրանք դադարեն շատ երկար թվալ, և արդյունքում կունենանք քաղաքակիրթ հանրային հարաբերման պատրաստ սերունդ:-)

Tuesday, March 27, 2007

“Ումո՞նցնի ես”

...շարունակում են հարցնել Լոռվա գյուղերում: Նոր ծանոթության ժամանակ անմիջապես փորձում ենք ընդհանուր ծանոթներ գտել ու փորձել նոր մարդուն դասակարգել որևէ ‘խմբում’` ըստ մեր ծանոթի հետ ունեցած նրա հարաբերությունների: Դասակարգումը, տեսակավորումը բավականին հեշտացնում է կյանքը, քանզի հարաբերությունները դարձնում են կանխատեսելի:-)

Մեզ մոտ խմբային պատկանելությունը բավականին ցավոտ հարց է: Ռաբի՞զ ես, թե՞ ռոքեր, երևանցի՞ ես, թե՞ ‘շրջանից’, ՀԿ աշխատակի՞ց ես, թե՞ պետական ծառայող և էլի մի տասնյակ այլ ‘խմբեր’: Ըստ այս կամ այն խմբին քո պատկանելությանը` ընտրություններ ես կատարում ու դրանց վրա հիմնում քո առօրյա վարքագիծը:

Վերջերս այցելել էինք մի բավականին լավ նկարչի արվեստանոց: Նայեցինք նկարները, խոսեցինք դեսից-դենից, մեկ էլ Վահագնը հարցնում է. “Ի՞նչ կխմեք: Գինի՞, կոնյա՞կ:” Փոքրիկ սեղանին էլ մոխրաման հայտնվեց: Մի քիչ ծանոթ էր ընկերուհուս, ինձ` միանգամայն անծանոթ: Բայց բոհեմն իհարկե ենթադրում է ‘ազատ’ պահվածք, իսկ Հայաստանում (դե ոչ միայն, ուղղակի այստեղ մեկ-մեկ դա այնքան ակնհայտորեն է այդպես, որ աչք է ծակում) ազատ կնոջ ամենացայտուն խորհրդանիշը հասարակության ուշադրության ներքո ծխելն ու ալկոհոլն են:-)

Իսկ եթե չես կողմնորոշվում քե տեսակի ընտրության հարցում, բանդ բուրդ է. յուրային երբեք չես դառնում: Իսկ դա մեկուսացման ամենահավաստի նախապայմանն է…

Saturday, March 24, 2007

Allegro, andante, allegro

Դիրիրժորն ամփոփիչ, գնդաձև շարժումով ավարտում է սիմֆոնիայի առաջին մասը ու դահլիճից լսվում են ծավահարություններ և …

- Շշշշշշշշշ…

Տատիկների հիասթափված, “Ну как можно быть таким хамом” վրդովմունք արտահայտող, երբեմն էլ ուղղակի շանթահարող հայացքներ ու երիտասարդների ծուռ, մեղավոր ժպիտներ:

Հայաստանում դասական համերգներին գրեթե միշտ կրկնվող տեսարան:-)

Ես չգիտեմ ինչպիսին էր դասական համերգների մշակույթը խորհրդային տարիներին, որովհետև Վանաձորում դասական երաժշտությունը սահմանափակվում էր մեր կարմիր նվագարկիչով, բայց երբ եկա Երևան, Լորիս Ճգնավորյանի ղեկավարությամբ ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգներով սկսվեց նաև իմ ծանոթությունը դասական երաժշտության կենդանի կատարմանը: 90-ականներից մինչ օրս իհարկե որոշ մանրամասներ փոխվել են: Օրինակ` եթե այն ժամանակ դասարական համերգին վայել հագուստ կարելի է տեսնել միայն տարեց կանանց հագին, այսօր նույնիսկ երիտասարդները չեն ալարում փողկապ կապել, իսկ կանայք` գեղեցիկ շրջազգեստ կրել (իսկ ամռանը կարելի է նույնիսկ հազվադեպ զույգեր տեսնել` երեկոյան հանդերձանքով): Այն ժամանակ կամ համերգային ծրագիր չէր լինում, կամ էլ այնքան սակավաթիվ օրինակներ էին լինում, որ ստիպված էիր շարքերով փնտրել, որպեսզի ծանոթանաս կատարվող ստեղծագործություններին:

Ու իհարկե, ամենահետաքրքիրը ծափահարությունների պահն էր:-) Թեև երաժշտական դպրոցում մեզ երբեմն հետաքրքիր բաներ էին սովորեցնում, սակայն որ գոյություն ունի առանձին համերգային մշակույթ, ես իմացա ուղղակի հաճախ համերգներին ներկա լինելով:-) Վերոհիշյալ ‘շշշշշշ’երի պատճառն այն է, որ հանդիսատեսին ոչ ոք չի ասել, որ մեծածավալ ստեղծագործությունները սովորաբար մի քանի մասերից են կազմված լինում, որոնց միջև չեն ծափահարում, իսկ թե քանի մասից է կազմված տվյալ ստեղծագործությունը, կարելի է տեղեկանալ` կարդալով ծրագիրը (իսկ շատերը համերգային ծրագիրը կամ չեն վերցնում, կամ անմիջապես նետում են աղբարկղ:-) Կամ էլ հետևելով դիրիժորի փայտիկին ու երաժիշտների գործիքներին. եթե փայտիկը դեռևս վերևում է, ջութակահարի աղեղն էլ չի իջել ցած, ուրեմն ստեղծագործությունը դեռ չի ավարտվել:

Ինչևէ, ինչպես ամենուր, այլ հետաքրքիր դիտարկումներ էլ կարելի է անել: Օրինակ` եթե մենակատարը արտերկրից է, դահլիճը լիքն է (բնականաբար տոմսերի գինն էլ է աճում, երբեմն մինչև այնտեղ, որտեղ կարող են հասնել միայն փողի տրցակները, որոնք սիրում են փողի գինն իմացողին, ոչ թե երաժշտության սիրահարին:-). անպայման ներկա են Հայաստանի նվազ միջին խավի զգալի մասն ապահովող միջազգային կազմակերպությունների աշխատակիցներ ու բազմաթիվ օտարերկացիներ: Հայաստանցի մենակատարների դեպքում դահլիճում կոնսերվատորիայի դասախոսներն ու ուսանողներն են, այլախոհ երիտասարդությունը և դասական երաժշտության սիրահարները:

Իսկ կատարումները երբեմն շատ-շատ լավն են:-)

Saturday, March 03, 2007

break

Այս բլոգի ընթերցողների ժամանակը խնայելու համար արագ ասեմ, որ առաջիկայում նոր ոչինչ չի լինի: Իսկ եթե մի երկու շաբաթ անց դեռևս հիշեք այս բլոգի մասին, փորձեք նորից այցելել:-)
Ով գիտի, ինչ կլինի:-)