Thursday, November 15, 2007

Էսսե ժամանակակից հայ սիրահարների կյանքի մասին Հայաստանի գավառական քաղաքներում

Երբ քայլում ես Ստեփանավան քաղաքի կենտրոնական փողոցով դեպի վեր, դիմացդ խոյանում է Ստեփան Շահումյանի տուն–թանգարանը։ Քիչ ավելի վեր հայտնի այգին է՝ сад-ը, որտեղ և ամառային տաք օրերին հավաքվում քաղաքի ջահելությունը։

Այստեղ են որպես կանոն տեղի ունենում այն հանդիպումները, որոնք փոխում են ջահելների կյանքը... Հանդիպում են 15–17, երբեմն՝ մինչև 19 տարեկան երիտասարդներ ու սիրահարվում, դե իսկ հետո էլ պետք է հանդիպել, ինչպես ասում են՝ միասին «դուրս գալ», չէ՞։ Եվ հենց այստեղ էլ սկսվում է մեր պատմությունը։

Առաջին պրոբլեմը, որ պետք է լուծի սիրահարված աղջիկը, հետևյալն է՝ ինչ հագնել։ Ինչպե՞ս ընտրել կիսաշրջազգեստի օպտիմալ երկարությունը, որ և՛ չհրավիրի բարկացկոտ հայրիկի ուշադրությունը, և՛ գետնով չտա նամուսով հայ աղջկա պատիվը, և՛ միաժամանակ ստիպի տղայի սրտին տրոփել։

Այնուհետև պետք է ընտրել համապատասխան բլուզ՝ հնարավորին չափ շատ փայլփլուն քարերով, և ծամկալի մեջ բանտարկել շքեղ վարսերը, իսկ դեմքը ծանրաբեռնել կոսմետիկայով, ապա համենայն դեպս գլխարկ դնել, որ մայրը ոչինչ չնկատի :)

Դառնանք տղային... Խնամքով հարդարված մազեր, ճակատին՝ փոքրիկ մազափունջ, աչք ծակելու աստիճան փայլեցված սև սրաքիթ կոշիկներ... Իսկ հետո պետք է պատասխանել մոր հարցին՝ Էս ու՞ր սենց զուգված–զարդարված։ «Հեչ, մամ, տղեքի հետ հանդիպելու»...

«Տղեքի հետ» հանդիպումը կայանում է մի որևէ մենավոր փողոցում կամ նրբանցքում, ստեփանավաներեն ասած՝ տուպիկում (իսկ այդպիսիք այնտեղ քիչ չեն), և այստեղ սիրահար զույգի առջև ծառանում են նորանոր դժվարություններ...

Դրանցից առաջինը փոքր քաղաքներում ծագող հավերժական հարցն է՝ ուր գնալ։ Զբոսնելու տեղ քիչ կա, տեսարժար վայրեր՝ նույնպես, իսկ քաղաքից դուրս տաքսիով երթևեկելը հարմար չէ դեռահասների գրպանին այն քաղաքում, որտեղ նրանց ծնողները դժվարությամբ են օրվա հացի փող վաստակում... Բայց լավ, լավատես լինենք ու ենթադրենք, թե այս պրոբլեմն այնուամենայնիվ լուծված է. գնում ենք, ասենք, հենց նույն Ստեփան Շահումյանի տուն–թանգարան։

Ի՞նչ կտեսնի սիրահարներին հետևող անհամեստ աչքը։

Կտեսնի երկու երիտասարդների, ովքեր վախեցած գազանիկների նման քայլում են փողոցով միմյանցից հեռու–հեռու, որպեսզի տեսնողը չհասկանա, որ միասին են։ Բայց բախտները չի բերում. դիմացից «ծլում» է աղջկա հարևանուհին. «Աղջի՞, էս ո՞ւր ես գնում»։ «Հեչ, Սոֆիկ տոտա, մաման խանութ ա ուղարկել՝ սեմուչկա առնելու»։ «Հաա, դե զգույշ բան–ման չպատահի»։

Հարևանուհու քննախույզ հայացքը կանգ է առնում քիչ հեռվում կանգնած տղայի վրա ու անցնում առաջ։

Արգելքը հաղթահարված է :)

Բայց սա դեռ ամենը չէ։

Գավառական յուրաքանչյուր քաղաքի անքակտելի մասն են կազմում փողոցի նստարաններին նստած հետաքրքրասեր տատիկներն ու մայրիկները, ում բան ու գործի անունը փողոցով անցնող–դարձողներին չափչփելն է, եզրակացություններ անելը և այդ մասին ողջ թաղին տեղեկացնելը։ Թաղի BBC–ների հետաքրքրասեր հայացքների տակով անցնելը հատուկ համարձակություն է պահանջում դեռատի աղջկանից։ Ու մինչ նա, հայացքը խոնարհած, անցնում է փողոցով, նստարաններին մի իսկական աժիոտաժ է սկսվում. «Աղջի, էն Մարգոյի աղջիկը չի՞, հլա տես՝ ո՞ւր ա գնում սենց քսված–պռտված, էն տղեն իրա հետ չի՞»։

Ու եթե ջահելների բախտը չբերի, նույն օրը երեկոյան ողջ թաղը կտեղեկանա, որ «Մարգոյի աղջիկը» կարճ յուբկան հագին ինչ–որ տղայի հետ զբոսանքի էր դուրս ելել։ Սա՝ վատագույն դեպքում։ Իսկ լավագույն դեպքում Մարգոն դեղին քարտ կստանա հարևանությունից՝ աղջկա դիմահարդարանքը չափավորելու վերջնագրով։

Մինչ այդ ջահելներն արդեն նպատակակետ են հասել։ Կարծում եք՝ նրանց հանգի՞ստ են թողել։ Բոլորովի՛ն։ Չնայած քաղաքը փոքրիկ է, բնակչությունն էլ՝ նոսր, ժամադրավայրի կողքով անընդհատ անցնողների հոսքը երիտասարդներին փշերի վրա է պահում։ Բռնվելու ահը ստիպում է նրանց ծայրահեղ զգույշ լինել։ Ու յուրաքանչյուր պատահական անցորդի քայլերը տագնապահար զնգում են աղջկա սրտում՝ թեթևակի ինֆարկտ ապահովելով նաև տղայի՛ համար...

...Երեկոյանում է։ Կենտրոնական փողոցում (և միայն այնտեղ) վառվում են լապտերները։ Իսկ ջահելները մութ նրբանցներով տուն են ծլկում՝ այն բանից հետո, երբ տղան հաջողեցնում է աղջկանից հաջորդ օրը հանդիպելու խոստում պոկել...

Իսկ հաջորդ օրը կկրկնվի նույն պատմությունը՝ փոքր–ինչ այլ նրբերանգներով։ Ու կանցնեն ամիսներ, ու տղաների ծնողները մի օր մատանի կտանեն աղջկա տուն, ու... Բայց սա արդեն բոլորովին ուրիշ պատմություն է :)

Հ.Գ. Օրերից մի օր ես ու քույրերս որոշեցինք իջնել պաղպաղակ գնելու։ Նոր էինք թեքվել դեպի թանգարան (այո, ճիշտ կռահեցիք՝ Ստեփան Շահումյանի), երբ նկատեցինք կողք–կողքի կանգնած երիտասարդ տղայի ու աղջկա։ Նրանք, որ նույնիսկ իրար ձեռք էլ չէին բռնել, այլ ընդամենը կանգնած զրուցում էին, մեզ տեսնելով՝ անմիջապես միմյանցից հեռու քաշվեցին։ Տղան հայացքը շուռ տվեց դեպի պատը, իսկ աղջիկը սկսեց ամենայն ուշադրությամբ զննել իր բջջային հեռախոսը...

Հ.Հ.Գ. Իմ խորին համոզմամբ՝ եթե քաղաքում արևոտ եղանակ է, ու օդի մեջ հազիվ լսելի բույր կա մարդկությանն անհայտ ծաղիկների, բայց չկան փողոցով ձեռք–ձեռքի զբոսնող սիրահար զույգեր, ուրեմն այդ քաղաքը մեռած է...

14 Comments:

Blogger Shauri said...

Միանգամից ցանկանում եմ նշել, որ նկարագրությունները փոքր–ինչ գրոտեսկային են :) Այնուամենայնիվ, երկխոսություններում հորինովի ոչինչ չկա, բոլորն էլ վերցված են իրական կյանքից :)

11:27 PM  
Blogger christina said...

Շատ դիպուկ ու հավեսով նկարագրություն էր:-) Շնորհակալություն:-)

6:19 PM  
Blogger Shauri said...

Շնորհակալություն, ուրախ եմ, որ դուր եկավ :)

12:05 AM  
Blogger AramK said...

Achqis es blog@ lorecineri taratsqn e :) Yes el mtatsum em, the inchi ch@ndunveci estegh ...

P.S. Christina, woghjuyn ! :)

5:37 PM  
Anonymous Anonymous said...

HArgeli AramK isk duq noric porceq,vstahem vor kndunveq:)
Lusine

10:24 PM  
Blogger AramK said...

Mi or, erevi ...

6:15 PM  
Blogger Shauri said...

This post has been removed by the author.

1:28 AM  
Blogger Shauri said...

AramK ջան, պարտադիր չէ, որ արձակուրդը Ստեփանավանում անցկացրած մարդը լոռեցի լինի ;)
Իսկ ինչ վերաբերվում է չընդունվելուն, կարծում եմ, որ դա Ձեզ բոլորովին չի սպառնում: Ընդհակառակը, բոլորը ուրախ կլինեն Ձեզ տեսնել :)

1:35 AM  
Blogger AramK said...

Shauri jan, im mot enpisi tpavoruthyun ka, wor Stepanavani nman tegh mardik henc enpes chen gnum :) Asenq tatik-papiki, horqur-morquri mot en gnum, worovhetev qo ditarkumnern aveli xorn ein, qan parzapes entegh 15 or anckacrats mardun@ klinein :) Edpes e the che ?
Yes orinak Yerevanum em tsnvel/metsacel/aprum, bayc indz Shamshadinci em hamarum, worovhetev armatners xorn entegh en, wortegh el wor nerka pahin gtnvelus linem :)

Ch@ndunvelu masin asatss katak er. nerka pahin jamanaks heriqum e miayn urishneri gratsnerin hpancik tsanotanalun.

3:18 PM  
Blogger Lori said...

I enjoyed reading this blog. It provided much insight about what "dating" is like in Armenia for teenagers. Thank you.

2:51 AM  
Blogger tercumenette said...

This post has been removed by a blog administrator.

12:39 PM  
Blogger Shauri said...

AramK ջան, ձեր տպավորությունը միանգամայն ճիշտ էր :) Իմ արմատները իրոք այնտեղից են...

Dear Lori, thank you, I’m glad you enjoyed it :)

7:00 PM  
Anonymous Anonymous said...

vorpes bnik vanadzorci, dsegheci, mi xosqov, metsatarov loreci, indz dur en galis nkaragrutyunnere. manavand Stepanavanum siraharneri dzhbaxt kyanqi masin:))) :D

6:02 PM  
Anonymous Anonymous said...

isk inchu e merats? mernel chi kareli... guce qnats e? h@?

indz tvum e dzerq-dzerqi zbosanqner@ nuynisk arevmutqum mi 60-70 tarva patmutyun unen (sa i harke orinak parizi metsutyan qaghaqneri hamar, isk stepanavani chapi qaghaqnerum guce 20-30). U chem kartsum vor ayn qaghaqner@ vortegh zuyger@ qaylum en zerq-zerqi brnats patrast en jnjel minch-zerq-zerqajin irenc patmutyun@, vorpes merats tariner.

Stepanavanum mardik siraharvum en, amusnanum en. Stepanavanum yerekhaner en tsnvum. Stepanavan@ aprum e.

8:04 AM  

Post a Comment

<< Home