Tuesday, August 28, 2007

Սաքարթվելո չեմո - Մաս V (Քութաիսի)

Քութաիսին գավառական քաղաք էր, երկար, ալարկոտ փռված շրջակա սարերին: Բայց ինչպես բոլոր գավառական քաղաքները, ուներ իր պարծանքի առարկան` 11-րդ դարի Բագրատիի տաճարը: Քաղաքի ամենաբարձրադիր բլրի գագաթին կառուցված այս տաճարն ինձ հիշեցրեց մեր Օձունի տաճարը: Վսեմ կառույց է: Իր վեհությամբ ու իմաստուն հանդարտությամբ համահունչ միաձուլվել է գեղանի բնությանը, որ բոլորել է տաճարն ու պարիսպը կանաչ լեռներով ու լայնահոս գետով:

Իմերեթյան պատմության երկու այլ հիանալի վկաներ էին Գելաթիի համալիրը և Մոցամեդա եկեղեցին: Գելաթիի հիմնական տաճարը թբիլիսյան Սամեբա տաճարի նախատիպն է: Դեռևս պահպանվել են տաճարի որմնանկարները ու չես դադարում զարմանալ, թե ինչպես են 12-րդ դարից քեզ հասել այդ կարմիրն ու կապույտը:

Քութաիսյան եզրափակիչ գոհարը Մոցամեդա փոքրիկ եկեղեցին էր, որ միոտնանի արագիլի նման ծվարել էր բարձր լեռան էլ ավելի բարձր ու անտառաթավ կատարին: Ներքևում Արյան գետն էր հոսում (վրացերեն չեմ կարողանում հիշել անվանումը): Մեր երիտասարդ վարորդը հուզված ու իր կցկտուր ռուսերենից նեղված պատմում էր, որ այդ ձորում սպանել են սուրբ Դավիթ և Կոնստանտին եղբայրներին: Նրանց արյունը կարմիր էր ներկել ողջ գետն ու այդ օրվանից այն կոչվում է Արյան գետ:

Ուշ կեսօրին տեղավորեցինք մենք փոքրիկ պայուսակներն ու հսկայական տպավորությունները տապից շիկացած Քութաիսի-Բաթումի երթուղային տաքսում ու շարժվեցինք դեպի «ծով»: Ո՞վ է ասում, երկու երանին մի տեղ չի լինում: Իսկ լեռներն ու ծովը մի տեղ երկու երանի չե՞ն: Են, են: Ձեր ժամանակն իզուր մի վաճառեք Մորփեոսին ու կտեսնեք, թե բնությունն ինչպես է անսպասելիորեն իր ողջ գեղեցկությունը փռում ձեր առջև: Կտեսնեք արևին կլանող անսահման կապույտը, ալիքների ու քամու անվերջ սեթևեթանքն ու վերջինիս հուսահատ հանգրվանումը կանաչ սաղարթի մեջ

0 Comments:

Post a Comment

<< Home