Սաքարթվելո չեմո - Մաս IV (Կախեթի)
Չորրորդ օրը հայտնվեցինք Կախեթիում, Սիղնաղի հինավուրց ու նոր քաղաքում: Լեռների մեջ ամփոփված այս բլրադիր քաղաքի կենտրոնում генеральная уборка էր:-) Վերանորոգում էին ողջ հին թաղը: Առանց որևէ նորամուծությունների…Հին փայտյա ու աղյուսե տներն ուղղակի նորացվում էին: Եթե թբիլիսյան շինարարությունն ինձ չզարմացրեց, սիղնաղյանն անչափ ուրախացրեց: Հետագա այցելությունները Քութաիսի և Բաթումի ապացուցեցին, որ երկիրը համամասնորեն է առաջ ընթանում: Մայրաքաղաքն անհագուրդ ախորժակով չի կլանում գավառը…
Կախեթիում մեր վերջին հանգրվանը Բոդբե մենաստանն էր, որտեղ Սբ. Նինոյի աճյունն է թաղված: Մենաստանը գործում է: Ընդհանրապես Վրաստանում կարծես թե կուսակրոնությունը բավականին տարածված է: Ասում են, բավականին մեծ է տղամարդկանց մենաստանների թիվը: Մեր տանտիրուհին նույնիսկ ասաց, որ դրանց թիվն ավելացել է հատկապես այն բանից հետո, երբ Վրաստանում սկսեց աճել թմրամոլությունը: Այս ախտի դեմ պայքարի մեջ ակտիվորեն ներգրավվեց նաև եկեղեցին, և երիտասարդ թմրամոլներին հաճախ ուղարկում են հենց մենաստան:
Իսկ Բոդբեն բավականին հայտնի ուխտատեղի է: Այնտեղ է գտնվում Սբ. Նինոյի աղբյուրը, որի ջուրը հավատացնում են, թե տարբեր հիվանդություններ է բուժում: Ասում են, աղբյուրը ժամանակին հենց մենաստանի բակում է եղել: Հետո պարսիկները փորձել են չորացնել այն, փակել են հունը, ջուրն էլ սկսել է հոսել ձորի մեջ, մենաստանից բավականին հեռու, որտեղ տանում է փոքրիկ մի զառիթափ արահետ:
Մեր խմբից մի կին, որը նախկինում վրդովված խոսում էր Լոռվա ու Տավուշի Հայաստանին հանձնելու մասին, Բոդբեում շատ ավելի մեղմ (երևի Նինոյի սերն էր ազդել;-)) մեզ տեղեկացրեց, որ Նինոն այն մի քանի կույսերից մեկն է եղել, որոնց Տրդատը չարչարել է հավատքի համար: Ենթադրեցինք, որ խոսքը Հռիփսիմեի ու Գայանեի մասին է: Նինոն այդ կույսերի հետ միասին քրիստոնեություն էր տարածում նաև Հայաստանում, երբ Տրդատն սկսում է հալածել բոլորին: Նինոյին հաջողվում է փախչել ու շարունակել իր գործն Իբերիայում:
Գեղեցիկ օրն ավարտեցինք Թբիլիսիի երկաթուղային կայարանում, որն ինչպես բազմաթիվ այլ կայարաններ, հատկապես նախկին խորհրդային քաղաքներում, մարդկային ողջ դիմանկարի ամենամուգ գույներն էր խտացրել. հոգնած գյուղացիներ, առևտրականներ, աղքատ քաղաքացիներ, պոռնիկներ, պարապ-սարապ թրև եկողներ, կորած-մոլորած զբոսաշրջիկներ, մուրացիկներ, հուսահատված ու ուրախ վարորդներ, քրտնքի ու տեխնիկա-մարդկային թափոնների տտիպ բուրմունք…Այստեղ երկու ժամ սպասելուց հետո շարժվեցինք դեպի Քութաիսի: Դա մեր արկածախնդրության փառահեռ պսակն էր:-)
Գիշերային մեր ճանապարհորդության ուղեկիցը Նինո Չխեիձի թավշե ձայնն էր: Բարեբախտաբար վրացական փոփ աստղերը երաժշտական գեղեցիկ ճաշակ ունեն, հակառակ դեպքում դժվար կլիներ դիմադրել իմ հետևի նստարանին քնած ուղևորի մեծ ձեռքերի հանկարծակի հարվածներին:-)

0 Comments:
Post a Comment
<< Home