Tuesday, August 28, 2007

Սաքարթվելո չեմո - Մաս III (Իշխանուհին)

Սիրում են այստեղ իրենց երկիրը, չեն սիրում այն ամենն, ինչ ըստ իրենց, կարող է թերարժևորել այն: Օրինակ` կոմունիստներին: Ռուսթավելիի գեղեցիկ կառույցներից մեկը գիտե՞ք ինչ է հյուրընկալում ներսում. այո, այո, խորհրդային օկուպացիայի թանգարան:-) Բավականին հյուրընկալ, աշխույժ մի վրացուհի մեեեծագույն ատելությամբ պատմում էր վրաց կոմունիստների դավաճանության մասին: Ինչպե՞ս կարելի էր մաս-մաս անել այս երկիրը, օրինակ Լոռիա-Տաուշին ուղղակի նվիրել Հայաստանին:-) Էլ չեմ ասում Ռուսաստանին բաժին հասած “նվերներին”: Նույն կինը դժգոհում էր ջավախքահայերից: Մի՞թե վատ են ապրել կողք-կողքի: Ինչպե՞ս կարելի է այսօր նման կերպ պահել իրենց, ինչ-որ հիմար պահանջներ ներկայացնել: Չէ՞ որ դարերով վրացիներն իրենց հովանավորության տակ են առել անպաշտպան, պետականությունից զուրկ հայերին: Երախտամոռ չի կարելի լինել...

Իսկ ախալքալակցի երիտասարդ դիվանագետը, որ նոր-նոր էր լքել ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի պատերը, անթաքույց քամահրանքով էր խոսում վրացիների մասին: Հպարտանում էր, որ վրացերեն բարևից բացի ոչինչ չգիտի: Եվ ինչո՞ւ է պետք սովորել: Իր հայկական հողում ինչի՞ն է պետք ուրիշի լեզուն...Հայաստան վերադառնալիս հայերն իտալացի հյուրերին պատմում էին, որ վրացական կառավարությունը համառորեն հրաժարվում է Ախալքալակի ճանապարհը վերանորոգել: Ամբողջ Վրաստանում հսկայական ճանապարհաշինարարություն է ընթանում: Հիմնական մայրուղիների մեծ մասն արդեն վերանորորգված է, իսկ Ախալցխան, Ախալքալակը Հայաստանին միացնող մայրուղին նույն վիճակում է, ինչ Գավառի փողոցները ջրհեղեղից հետո:

Իսկ եթե ցանկություն ունեք իմանալ վրաց էթնոսի նշանակության, պատմության, միֆերի ու լեգենդների մասին, անպայման Թբիլիսիում այցելեք պետական թանգարան: Այստեղ փոքրամարմին իշխանուհին, արհամարհելով ծերությունից կքված մարմնի ծանրությունը, ձեզ կուղեկցի դեպի վրաց պատմությունն ու ազգային նկարագիրը: Կիմանաք, թե ինչու երբեևէ որևէ վրացի շախմատի աշխարհի չեմպիոն չի եղել ու չի էլ լինի: Անհույս է: Աստվածատուր (չմոռանաք խաչակնքվել:-)) գենետիկան զրկել է նրան նստելու ու լուռ հայելու ունակությունից: Վրացին չի կարող ժամերով նստել, կպայթի, մեջի կրակը կմոխրացնի նրան: Տեսե՞լ եք վրացի տղամարդու պարը: Դե հիմա ասեք, ինչպե՞ս կարող է նա դրանից հետո նստել ու ժամերով նայել շախմատի տախտակին: Ուշադիր նայեք եռափեղկ սրբապատկերներին: Դրանք շրջափակող զարդանախշերում չկան կրկնվող նույնիսկ երկու զարդանախշեր: Դրա համար վրացի արհեստավորի համբերությունը չէր հերիքի: Բազմազանությունն ինքնին արտացոլումն է ներքին կրակոտ խառնվածքի: Կիմանաք նաև, որ վրացին առաջինը լինելու ներքին պահանջ ունի: Մեր ուղեկցորդուհին, խորամանկ ու հպարտ ձայնը թաքցնելով արտաքին անբռնազբոսության տակ, նշեց, թե տարիներ առաջ ինչպես է նման շրջայց կազմակերպել Ռուսաստանից ժամանած հայտնի հյուրերի համար, որոնց թվում էր Արկադի Ռայկինը: Երբ ինքն սկսում է խոսել վրացիների առաջինը լինելու կրքի մասին, Ռայկինը ծիծաղում է ու պատմում հետևյալը. “Նախորդ օրը խանութից ինչ-որ բան էր պետք գնել: Գնում եմ այնտեղ ու տեսնում, որ ինչ-որ հերթ է: Սկսում եմ հարցնել հերթում կանգնածներին, թե ով է վերջինը: Մոտենում եմ վերջում կանգնած մեկին, ասում է “Ես առաջինն եմ”: Մոտենում եմ երկրորդին, պարզվում է սա էլ է առաջինը: Ու այդպես ողջ հերթում կանգնած են միայն առաջինները...”

Վրացին մինչև 17-րդ դարն իր ստեղծագործություններում երբեևէ ադամանդ չի օգտագործել: Ցուցանմուշներն ինքնին վկայում են զմրուխտի, փիրուզի ու թանկարժեք այլ քարերի նախապատվության մասին: Զգո՞ւմ եք, ինչ քարեր են: Ճիշտ եք. ԳՈՒՆԵՂ: Գույն ունեն, ուրեմն կյանք ունեն մեջը, իսկ ադամանդը կեղծ լույս է ճառագում, անկյանք, անշունչ: Վրացին այդ սառնությունից ի՞նչ կերտի

Իշխանուհու պատմություններն ու ժպիտը թանգարանի ամենաթանկարժեք հարստությունն էին:

2 Comments:

Anonymous Sevak said...

Որոշել էի, որ առիթ առաջանալու դեպքում մոտ ժամանակներում անպայման կրկին Թիֆլիս այցելեմ. Իմ վերջին այցը 2 տարի առաջ էր, ասում են, շատ բան է փոխվել: Հիմա փոշմանեցի: Ի՞նչ իմաստ, միևնույն է իմ աչքերն ի զորու չեն այսքան գունեղ ընկալել շրջապատը:
Ապրես, Քրիստ ջան: Մեր հին հարևան օղորմածիկ Սաքոն կասեր Աստված շնորհքդ տասնապատկի...

9:51 AM  
Blogger AramK said...

Loria-Tavushin vracinern en irenc@ hamarum, Syuniq@ - adrbejanciner@, Shirki marz@ - turqer@ ... u ays amen@ Arajin hanrapetuthyan apashnorh ghekavneri patcharov, wor storagrel ein 10 000 q.km.-anoc Hayastani paymanagri tak. Aprum enq 30 000-i vra, unenq 300 000-i havaknuthyunner, bayc harevanner@ mez 10 000-n el en shat hamarum. Verjn inch a linelu ?

11:29 AM  

Post a Comment

<< Home