Սաքարթվելո չեմո - Մաս II (Չարգալի)
Երեկոյան մեր հյուրընկալ տանտիրուհին տեղեկացրեց, որ Թբիլիսիի քաղաքապետարանի նախաձեռնությամբ ամեն առավոտ Վարդերի հրապարակից (իմ տարակուսանքին ի պատասխան, թե ինչու է սալահատակ հրապարակն այդպես ծաղկային անվանում ստացել, երբ վարդի նշույլ անգամ չկա ողջ տարածքում, ինձ հիշեցրեցին ոչ վաղ անցյալում ծաղկած քաղաքական վարդերի մասին:-)) տասնյակ ավտոբուսներ բավականին մատչելի գումարով հետաքրքրասերներին տեղափոխում են Թբիլիսիի շրջակա տեսարժան վայրերը: Այդպես մենք հայտնվեցինք վրացի Թումանյանի` Վաժա Փշավելայի, հայրենի Չարգալիում: Իսկ ճանապարհը դեպի այդ խստաշունչ լեռնական գեղեցկության գիրկն անպատմելի մի բնապատկեր էր. աջից` կանաչ անտառներով իրենց մերկությունը պարուրած վսեմ լեռներ, ձախից` զմրուխտյա ջրամբար, որի կանաչ աչքերն ուղղակի գերում էին ու հրապուրում դեպի իրենց անհունն անապակ: Փշավելայի կացարանը լեռնականի պարզության ու խստաբարո կենցաղի արտացոլումն էր: Նախամուտքից աջ ու ձախ երկու սենյակներում էր անցել գրողի կյանքի ավելի քան 20 տարին: Աջում ապրում էր ինքը, ընդունում իր ընկերներին, տաքանում պետերբուրգյան հուշերն ամփոփած բուխարու կողքին` թիկնած լայն, փայտե թախտին, իսկ ձախում գրողի շարունակությունն էին ապահովում կանայք ու երեխաները: Այսքանն իմացանք վրացի ուղեկցորդուհու պատմությունը մեզ համար բարեհաճորեն ռուսերեն թարգմանող ռազմական լրագրողից: Վերջինիս շնորհիվ էլ կարողացանք ճաշակել (ըըըըըըըմ) ամենահամեղ խինկալին, որ երբեևէ համտեսել էի: Վաժա Փշավելայի կացարանից ոչ շատ հեռու փոքրիկ մի հյուղակում հյուրասիրում էին զբոսաշրջիկներին: Խինկալին պատրաստում էին կրակի վրա դրված մեեեեծ մի կաթսայում: Ծխի հոտը միայն ինչ ասես չարժեր:-)
Չարգալիից Թբիլիսի չվերադարձանք այնպես, ինչպես նախատեսված էր: Մեր բավականին պատկառելի լրագրողուհին խմբին համոզեց ճանապարհին ավելացնել ևս երկու կիլոմետր և այցելել Արագավայի եկեղեցին: Մեզ ի՞նչ էր պետք. ոչինչ ավելին:-) Թափառել, տեսնել, լսել, զգալ, համեմատել (անասելի դժվար էր ամբողջ այցի ժամանակ գեթ մի անգամ խուսափել “Իսկ մեզ մոտ...” համեմատական նախերգանքից: Անվերջ համեմատում էի: Բնությունը, մարդկանց, բնակավայրերը, ամեն, ամեն ինչ...) Արագավան մեր այցելած առաջին եկեղեցին էր, որը շրջափակված էր ամրոցով: Հետագայում նկատեցինք, որ գրեթե բոլոր եկեղեցիներին կից կամ մոտակա բարձրունքին ամրոց կա: Խաչն ու սուրը անբաժանելի էին այդ երկրում: Նույնիսկ այսօր. բոլորը հաճախում են եկեղեցի, առնվազն խաչակնքվում դրա կողքով անցնելիս, իսկ գլխավոր փողոցներից մեկն էլ կոչել են Ջ. Բուշի անունով:-)

0 Comments:
Post a Comment
<< Home