Սխալվելու բարդույթ
Գիտե՞ք, ով է ուսուցիչը: Ով կարող է քեզ համբերատար ուղեկցել դեպի սխալների լաբիրինթոս: Ոչ թե նա, որ դեռ չմտած անիմանալու տիրույթ, քեզ պատասխանների մի ամբողջ կծիկ է տալիս ու սկսում գոռգոռալ, երբ կծիկը շեղվում է պատասխաններով ուղենշված ճանապարհից:
Եվ որտեղի՞ց մեզ այսքան մեծամտություն ու անհանդուրժողականություն սխալների հանդեպ: Ի՞նչն է մեզ այդքան իրավունք տալիս նսեմացնել ուսանողին իր սխալների համար:
Երեկ քիչ էր մնում սիրտս պայթի. լողավազանում սովորաբար առաջին և վերջին գծերը պահված են նորելուկ լողորդների համար, որոնց թիվն ամռանը մեծանուուուում է, էն էլ ինչքան:-) Իսկ էսպես կոչված ‘տրեներ դյադյան’ առոք-փառոք նստած աթոռին, ձեռքերը ինքնաբավ տեղավորած հաստ փորին` գոռգոռում է մի աղջնակի վրա. “Էրկու անգամ ասեցի, էլի ուպոռնի նույն սխալն ես անում”… Իսկ աղջիկը ծիծաղում է. “Չի ստացվում, ինչ անեմ”:
Նման տեսարանի ականատես եմ լինում գրեթե ամեն անգամ, երբ լողում եմ: Ու սարսափում եմ. իսկ ինչո՞ւ չի կարելի սխալվել, իսկ ինչո՞ւ են քեզ այդքան վճարում, ինչո՞ւ է քեզ համար նորմալ, երբ դու գումար ես վճարում, իսկ քեզ վրա գոռում են, երբ դու եկել ես սովորելու, համաձայնվել ես իրենց բոլոր պայմաններին, բայց չես կարողանում քեզ հետ հարգալից տոնով խոսելու մի պստիկ իրավունքդ պաշտպանել…
Եվ սխալներն ընդհարապես ուսանողների մղձավանջն են այս երկրում. արտագրում են, որ չսխալվեն, կեղծում են, որ չսխալվեն, չեն արտահայտվում, որ չսխալվեն, անդադար բառերի շարան են կապում, որ ընթացքում չհասցնես գլխի ընկնել, սխալվել են, թե ոչ…
Սխալվիր, որ քիթդ ջարդվի ու առաջ գնաս. ծուռ քթով, բայց քո սեփական կյանքով: Չէ, ոնց կլինի. Ռոկֆելլերի թոռներն ենք ու Փերիս Հիլթոնը (կամ էլ Քսենյա Սոբչակը, եթե հետևենք քաղաքական քամուն:-))

5 Comments:
Չտեսնված գրառություն։ :)
Գիտեմ, որ դժվար է այս ամենը խոսքերի միջոցով արտահայտել և շնորհակալ եմ, որ կարողացար դա անել (արդեն երկար ժամանակ այս օրագիրը կարդալուց այնպիսի զգացում է ստեղծվել, որ անձնապես ճանաչում եմ Christina-յին։ Հույսով եմ «դու» դիմելաձևը չի վարկաբեկում)։ Ինքս այն կարծիքի եմ, որ կամայական «սխալ» գործելուց հետո սովորողին պետք է ուղեկցել մինչև այդ սխալի անիրավությունը հասկանալը։ Նույնիսկ երբ ճիշտը հասկացվում է, սխալների վերլուծությունը և սխալության ըմբռնումը կարևոր են ճշտի հասկանալու ամրապնդմանը։ Սակայն լողավազանի դեպքը կարող է տարբերվել մյուս սովորելու պրոցեսներից։ Չգիտեմ թե կոնկրետ ինչումն էր այդ աղջկա սխալը, բայց ականատես եմ եղել լողալ սովորողների, որոնք ունեն հոգեբանական բարդույթներ լողալու և ընդհարապես ջրի նկատմամբ։ Եվ միայն ստիպողական ազդեցությունը կարող է այդ բարդույթը մարդու մեջից հանել։
Երբ փոքր էի, հաճախում էի կինո Մոսկվայի դիմացի լողավազանը (դեռ գործու՞մ է)։ Ու մի տղա կար մեր խմբում, որը չէր կարողանում մեջքի վրա հանգիստ պառկել ջրի մակերևույթին։ Եվ սա սխալների պատճառներ էին, որոնք գալիս էին ֆիզիկական վախից։ Եվ մոտը չէր ստացվում, մինչև տրեները ծեծի վախով չստիպեց այդ տղային անշարժ պառկել ջրի երեսին։ :) Սխալների բնույթն էլ է տարբեր լինում․․․
Լողավազանային «դասավանդման մեթոդիկան» իսկապես տարբերվում է, և միգուցե խիստ մեթոդներն ավելի արդյունավետ են տարբեր բարդույթներից ազատվելու համար: Սակայն, ըստ իս, խստությունը չպետք է հակասի տարրական քաղաքավարությանը (ես աշխատեցի մեղմել ավելի կոպիտ բառապաշարն այս գրառման մեջ: Իսկ եթե ավելի անկեղծ լինեմ, ուղղակի չեմ հիշում:-)Ինձ հատուկ դասընթաց է պետք համեմված խոսելու համար:-) ):
Գիտեք, երբ կընդունեի այդ խստությունը և ստիպելը: Եթե մարզիչն ինքը լիներ լողավազանում և ՍՏԻՊԵՐ աղջկան անել այդ վարժությունն այնքան, որքան դրա անհրաժեշտությունը կզգացվեր այն ճիշտ կատարելու համար: Դասավանդման իմ ամբողջ փորձն ապացուցել է, որ լավագույն ուսուցիչը հենց քո փորձն է. քարոզիր որքան ցանկանում ես, աշակերտը մի անգամ տեսավ քո խոսքի ու վարքի տարբերությունը, ինքն այլևս երբեք չի վստահի քեզ որպես ուսուցանող, իսկ որն ավելի լուրջ է, չի վստահի այն ամենին ինչ դու ուսուցանում ես: Ես անվերջ բողոքներ եմ լսում դասախոսներից, որ ուսանողներն անընդհատ խոսում են դասի ժամանակ: Մտեք ցանկացած դասախոսական ժողովի ու տեսեք, թե ինչ է այնտեղ կատարվում. խոսողին լսում են միայն առաջին շարքում նստածները...
Ձեր նշած լողավազանն էլ արդեն չկա: Հիմա Կինո Մոսկվայի դիմաց Ստանիսլավսկու թատրոնն է, անցյալ տարի բացված Terranova խանութը, իսկ դրանց հետևում Հյուսիսային պողոտան:
P.S. «Դու»-ն միանգամայն ընդունելի է:-)
դե Ստանիսլավսկու թատրոնը «միշտ» էլ կար, իմ ասածը թատրոնից աջ է գտնվում (երբ նայում ես կինո Մոսկվայի կողմից)։ Այնտեղ մեծ սպորտ-համալիր էր, որտեղ տարբեր սպորտաձևերով էին զբաղվում, և Աբովյանի փողոցի կողմից պատին վաստակավոր երիտասարդ սպորտսմենների նկարներ էին փակցված։ :) լողավազանն էլ կոչում էին «лягушатник», իր սաղր լինելու պատճառով՝ միայն մանկական խմբեր էին այնտեղ պարապում։
Համաձայն եմ ասածներիդ բոլորի հետ, ես էլ եմ նույն եզրակացությունների հանգել իմ դասավանդման փորձի ընթացքում։ Հերիք է թույլ տալ որևէ անարգելիություն և կորցնում ես ուսանողների ուշադրությունն ու բարեկիրթ վերաբերմունքը։ Իսկ ստիպելով գլխները բան լցնելը երկարատև արդյունքների չի բերում...
Դասախոսական ժողովում կատարվողն էլ երևիթե հայկական խասյաթ է։ :) Ամենքս մեզ ”Դոն Քիշոտ” ենք համարում, էլ դիմացինին լսելն ինչներիս է պետք։
:-)գոնե քիշոտյան ռոմանտիզմն էլ ներսներս լիներ, էլի ներելի կլիներ այդ խաժամուժային, բայց ոչ կիրթ մարդուն բնութագրող վարքը: Իսկ հայկականի առումով, չգիտեմ: Սպասեք, մի հատված մեջ բերեմ Դովլաթովի «Արհեստ» վիպակից, որ հենց երեկ կարդացի.
Мы бесседовали с классиком отечественной литературы - Пановой.
"Конечно, - говорю, - я против антисемитизма. Но ключевые позиции в русском государстве должны занимать русские люди"
"Дорогой мой, - говорит Вера Федоровна, - это и есть антисемитизм. То, что вы сказали, - это и есть антисемитизм. Убо ключевые позиции в русском государстве должны занимать НОРМАЛЬНЫЕ люди..."
Հիմա անկիրթ պահվածքն,ըստ իս, բոլոր աննորմալ մարդկանց է բնորոշ` անկախ ազգությունից:-) Ուղղակի մեր առօրյա կենցաղային մշակույթն այնքան խեղաթյուրված է, որ այն, ցավոք, հաճախ նույնացվում է հայկականության հետ:
Անկիրթ պահվածքը իսկապես աննորմալ մարդկանց է բնորոշ, սակայն «անկրթությունը» տարբեր հասարակություններում (մշակույթներում) տարբեր իմաստներ կարող է կրել։ Օրինակ Հայաստանում տրանսպորտում կնոջը տեղ չտալը կարող է դիտվել որպես անկրթություն, իսկ այն նույն քաղաքավարության օրրան՝ Ճապոնիայում, ոչ մի տղամարդ տրանսպորտում կնոջը տեղ չի զիջի։ Ես այս իմաստով էի ակնարկում դասախոսների հայությանը, չնայած որ սա իհարկե կես-կատակի իմաստով էր ասված։ Հայաստանում գիտական զեկույցի ժամանակ թե՛ ունկնդիրները զեկուցողին, և թե՛ զեկուցողը ունկնդիրներին կարող է «անհեթեթություն դուրս տվողի» պիտակ կպցնել, և բոլորն էլ սա նորմալ կհամարեն։ Մյուս անգամ էլ զեկուցողն ու ունկնդիրը տեղերով կփոխվեն, և ամեն ինչ կկրկնվի։ Սրան ի հակառակ օրինակն էլ վերջերս ԱՄՆ-ում հանդիպեցի։ Մի երիտասարդ, բայց բավականին խոստումնալից գիտնական զեկուցելու ժամանակ դահլիճում շշուկներ է լսել և պտտվելով դեպի այդ շշուկի ելակետը, ասել է՝ «please!»։ Մի երկու ամիս այս զեկուցողի «վերին աստիճանի անարգալից» պահվածքի մասին էին իրար պատմում և զարմանում...
Այդ նույն աշակերտներն ու ուսանողներն էլ հայաստանում դասախոսի կողմից նսեմացվելուն, ինչ-որ իմաստով, հանգիստ կարող են նայել այն պատճառով, որ իրենց ընտանիքներում մեծերը փոքրերին նույն կերպով են վերաբերվել։ Ստացվում է, որ հասարակա-մշակութային խնդիր է, այսինքն, միգուցե և՝ «հայկական»։
Post a Comment
<< Home