Thursday, July 05, 2007

Ինչպես Վոլտերը կասեր. "Պարելուց ու կարդալուց էս աշխարհին վնաս չկա":-)

Մեկ-երկու-երեք, մեկ-երկու-երեք…Դու փորձում ես մարմնիդ թվացյալ ազատությունն ու երաժշտության թռիչքը սահմանափակել այդ ռիթմի մեջ: Ուղեղդ հաշվիչ մեքենա է, ոչ թե մարմինդ ու Շոպենին միահյուսող ներդաշնակության կռվան: Առաջին անգամ ոտքերդ ու ձեռքերդ, որ թվում է, ինչ անպատմելի շարժում ասես չէին կարող անել մինչև այդ անիծյալ 'մեկ-երկու-երեքը', ուղղակի անասելի անճոռնիությամբ չեն տեղավորվում այդ շրջանակի մեջ: Ձախով հայտնվում ես աջի վրա, աջդ այնպես է պարուրվում մարմնիդ, որ հախուռն մոլախոտ ես հիշեցնում, ոչ թե մարդակերպ արարած:-) Այսպես սկսում ես սովորել վալս պարել:-)

Պարել շատ եմ սիրում: Քիչ եմ պարում, բայց շատ եմ սիրում: Մի ժամանակ, երբ ավելի հաճախ էի դա անում, ինձ անասելիորեն գերում էր սահմանի ու ազատության այդ հակամարտությունը. ռումբայի մեջ ձեռքի գեղեցիկ շարժում կա, երբ արմունկից ծալում ես դեպի ներս ու պրկված մատներով շրջանի ամբողջ ներքինը կրքոտությամբ դուրս հրում… Ինքնին բավականին պարզ շարժում է, բայց, ամեն անգամ փորձելով նույն այդ շարժումը, հանկարծ մի օր էլ գիտակցում ես, թե լարված մկաններիդ մեջ ինչքան ազատություն կա, ինչքան ճկունություն ու անսահմանություն կա: Բայց նույն շարժումն է, ոչինչ չի փոխվել… Ու տարօրինակորեն հստակ գծագրված այդ սահմանն է ազատության քո շեմը:

Մեկ-երկու-երեք, մեկ-երկու-երեք… այս անգամ թռչում ես, չես պարում:-)

0 Comments:

Post a Comment

<< Home