Tuesday, April 17, 2007

Գարուն

Գարունը կարծես դժկամորեն, բայց անխուսափելիորեն մուտք է գործում Երևան: Անձրևում է ամեն օր, իսկ մարզերում նույնիսկ ամենաձմեռային ձմեռ է: Երեկ փակվել էին ճանապարհները Տաշիրից Երևան: Այս առավոտ արևի համեստ ճառագայթներն էլ բավական են, որ նկատես նոր բողբոջներն ու ծաղկունքից հևացող սակավաթիվ ծառերը:

Սա էլ իմ լավ ընկերներից մեկի ձոնն առ գարուն:-)

***

Սպիտակ անձրևի կաթիլները զարդարում են կանաչը նորահաս,
Լուսաբաց է: Կարմրում են մեղմիկ ճյուղերը բարդու սիրահար:
Սիրահար` մովին քնկոտ պարսերի
Հողածին, փթթող մանուշակների:

Հարբում են դանդաղ ծվեններն երկնի
Բոսորագույն արեգակից
Ու փորձում թաքցնել ցավը գիշերվա
պայծառ առկայծող մանուշակներից:

Կաթիլներն սպիտակ մեկնում են երկինք,
Կապույտը անվերջ հաղթում է կարմրին,
Բարդին սիրավառ բողոբոջում է տաք`
Կանաչի թագը տալով կապույտին…

Իսկ թագից կանաչ բուրում էր մովը մանուշակների:

2 Comments:

Anonymous Sevak said...

-Մայիս է, գարուն...
Ու զանգակ առուն զիլ տաղ է ասում:
-Ո՛չ, ի՛մ բարեկամ, ձմեռ է ու ձյուն...
Նանրամիտ մի սարդ նենգ շարժումներով
Վերին հարկերում ոստայն է հյուսում...
Ու ես չեմ լսում կարկաչն առվակի,
Ես չեմ ճաշակում զարթոնքը գարնան...
Ստորին հարկի այս տաք ջերմոցում
Դողում եմ, մրսում...

11:21 AM  
Blogger Observer said...

Գարնանային ծաղկած Սակուռա իմ բոստանում...
http://angry-root.livejournal.com/19019.html
գարնանից սիրուն բան կա՞ աշխարհում...

5:26 PM  

Post a Comment

<< Home