Monday, April 16, 2007

...

90 թվականի ամռանը ծնողներս որոշեցին ինձ նվեր մատուցել: Հաջորդ տարի ավարտելու էի դպրոցը, սկսվելու էին ընդունելության քննությունները, նոր դասեր և այլն, ու մերոնք որոշեցին, որ էդ ամենից առաջ ինձ լավ հանգիստը բոլորովին չէր խանգարի:-) Ինձ հարցրեցին. “Ո՞ւր կուզենայիր գնալ` "Ռիգա՞, թե՞ Լենինգրադ": "Ռիգա", միանշանակ պատասխանեցի ես, քանի որ այնտեղ էր բնակվում մորաքրոջս տղան (բազմաթիվներից մեկը:-)), որը քանդակագործ է և այդ ժամանակ ուսանում էր Ռիգայի Գեղարվեստի ակադեմիայում: Ընդամենը մի չորս անգամ էի տեսել իրեն, բայց քանի որ քանդակագործ էր, շատ էի ուզում տեսնել, խոսել. կարծում էի ահագին մեծ եմ, որ կարգին զրուցընկեր լինեմ:-)

Եվ այսպես, հավաքեցինք ճամպրուկները ու հայտնվեցինք Ռիգայում: Ճիշտ է, ես այդպես էլ չխոսեցի Հրայրի հետ, որովհետև իմ լռակյացությանը միանում էր նաև այն հանգամանքը, որ նա գրեթե միշտ իր արվեստանոցում էր լինում, իսկ մենք թափառում էինք քաղաքում: Բայց մի օր որոշեցի մնալ տանը, քանի որ անձրև էր գալիս, մերոնք էլ գնացել էին հարևան-բարեկամների համար նվերներ գնելու: Հրայրը մեզ էր զիջել իր մեկ սենյականոց փոոոքրիկ բնակարանը, որտեղ բոլոր պատերը էսքիզներով ու մեջբերումներով էին պատված: Սկսեցի քչփորել իր գրադարանը: Այդպես առաջին անգամ իմացա բուդդիզմի ու տիբեթյան փիլիսոփայության մասին: Մինչև հիմա հիշում եմ փոքրիկ մի պատմություն:

Աշակերտն ու ուսուցիչը նստում են ընթրիքի: Հանկարծ ուսուցիչը հանում է մի գանգ, գինի լցնում ու խմում: Աշակերտը սարսափահար նայում է, թե ինչպես է նա հանդարտ, առանց որևէ հուզմունքի ըմպում գինին: Ուսուցիչը վար է դնում գանգն ու նույն հանդարտությամբ դիմում աշակերտին, “Ընկերս է”:

Խոստովանում եմ, ոչինչ չհասկացա, բացի աշակերտի սարսափից, որովհետև նույնն էի զգում…Երևույթի ֆիզիկական բնույթի սահմռկեցուցիչ հանդարտությունն էնպիսի ըմբոստություն էր մեջս առաջացրել, որն ուղղակի թույլ չէր տալիս մտածել: Հետագայում, տարբեր առիթներով նորից հիշել եմ այս պատմությունը…

Եվ ինչպե՞ս իմանալ, որտեղ է ավարտվում սպիտակն ու սկսվում սևը, կամ հակառակը: Այն ինչ կոչվում է նվիրվածություն, կարող է դառնալ շղթա, սերը` պարտավորեցնող կապանք, ազատությունը` մոլախոտային տարանցիկություն, դավաճանությունը` սիրո մեծագույն դրսևորում… Ինչպե՞ս ընտրել քո ճանապարհն այս լաբիրինթոսում ու իսկապես լինել ազատ, սիրող, բարի, ազնիվ, ինչպե՞ս գտնել քո սահմաններն առանց միաժամանակ դրանք կաղապարներ դարձնելու…

1 Comments:

Anonymous Sevak said...

Ճանապարհը քո, ընթացող խաբկանք է,
առջևում միայն- անհայտություն,
երբ քո փողոցից մարդիկ հեռանում են,
դու փնտրիր նրանց ուրիշ քաղաքում:
Ա.Մ.

3:27 PM  

Post a Comment

<< Home