Էստի համեցեք...
Շրջայցը Երևանում այսօր քաղաքական համակրությունների բացահայտիչ կարող է հանդիսանալ: Կարելի է պարզել նաև, թե որ ‘օբյեկտն’ ում է պատկանում, կամ ով է հովանավորում` ոչ բարդ եզրահանգումներ կատարելով դռներին ու լուսամուտներին փակցված համապատասխան կուսակցությունների կամ անհատ թեկնածուների գունավոր պլակատներից:
Հետաքրքիր է, արդյոք քարոզարշավների կազմակերպիչների մոտ երբևէ ցանկություն չի՞ առաջանում լինել ինքնատիպ: Միգուցե դաշնակցական փուչիկները նման ցանկության արտացոլո՞ւմն են:-) Բարեկամության խաչմերուկում իշխում են կապույտ ու սպիտակ Բարգավաճ Հայաստանն ու Դաշնակցության մեեեծ, սպիտակ փուչիկները, որոնցից մեկն արդեն հասցրել է պայթել, կամ էլ նստել:-) Մի բան ակնհայտ է. բարձրացել է և դիզայնի, և տպագրության որակը: Նույնիսկ կարգախոսները հավակնում են հնչել հենց որպես կարգախոս: Օրինակ` “Միասին կառուցենք բարգավաճ Հայաստան”:-) (վերջին թարմ անեկդոտը. շաբաթ երեկոյան, թե կիրակի առավոտյան լուրեր էինք կիսանայում (դե, գիտեք դա ինչպես է լինում Հայաստանում. ամբողջ ընտանիքը հավաքվում է հյուրասենյակում, բոլորը զրուցում են, բայց հեռուստացույցն էլ անպայման միացրած է լինելու:-), երբ իմ ու եղբորս ուշադրությունը գրավեց մի մեծահասակ կին, որն իր խոսքը եզրափակեց այսպես. “Շատ ապրեք, շատ շնորհակալ եմ, միշտ բարգավաճ ըլնեք”: Պարզվեց, ԲՀԿ անդամներն այցելում էին բազմազավակ ընտանիքներին և նվերներ բաժանումJ
Որպես արդարացում միշտ կարելի է լսել. խաղում ենք ընդունված կանոններով: Եթե մեկը գովազդային պաստառ է տպագրում, ես էլ ավելի լավն են տպագրելու: Եթե մեկն ունի երեք ժամ հեռուստաեթեր, ես ունենալու եմ առնվազն 2*3: Իսկ եթե ընտրություններին նախորդող երեք ամսվա մեջ կատարվող հիմար գովազդների փոխարեն ոչ հիմար նախաձեռնություններով հանդես գամ ընտրություններին նախորդող չորս տարիների ընթացքում, մի՞թե ավելի վստահելի համակիրներ չեմ ձեռք բերի: Չէ՞ որ ժամանակն է հարաբերությունների փորձաքարը, որը մեզ թույլ է տալիս դրսևորվել այնպես, ինչպես իրականում կանք:
Ոչ ոք չի հավատում քարոզներին, մեծամասնությունը տառացիորեն զզվում է այս գովազդային մրցարշավից, բայց դրանք հենց այն գերակշռող մեխանիզմներն են, որոնք այսօր առկա են այս երկրում: Լավ, ընդունում եմ, նաև միջազգայնորեն: Բայց չե՞նք կարող գոնե մի անգամ ինքներս առաջինը լինել, գործել ավելի ինքնատիպ ու արդյունավետ. օրինակ տարբեր ծրագրեր իրականացնել տարիների ընթացքում, այդ ծրագրերի ժամանակ հանդիպել մարդկանց հետ, զրուցել ու տեսնել, թե ինչ են ցանկանում այն մարդիկ, որոնց հետո խնդրելու ենք, որ ընտրեն մեզ: Շատ հաճախ ամենարդյունավետ պատասխանները հայտնվում են հենց այդ զրույցների ընթացքում:
Տեսնենք մնացած լիքը-լիքը կուսակցություններն ինչպես են ասելու, որ իրենք ամենալավն են: Կենտրոնական Երևանում առայժմ ՀՅԴ-ն ու ԲՀԿ-ն են գովերգում իրենց բարեմասնությունները:

0 Comments:
Post a Comment
<< Home