Acoustic Folklore կամ ակուստիկ պատմություն մի երաժշտի մասին
91թ., ամառ: Մինչ Վանաձորի ամենավստահելի անգլերենի կրկնուսույցներից մեկը փորձում է ընդհանրացնել իմ սխալներն ու միավորները, միջանցքում նկատում եմ ցածրահասակ, լուրջ մի երիտասարդի, որը հրաշալի թավ ձայնով բարևում է և անհետանում:
93թ., գարուն կամ ամառ: Լուսինեի հետ զրուցելով մոտենում ենք ավտոբուսին, որը բոլորիս տանելու է Վանաձոր, այդ թվում Լուսինեի եղբորը, որի մասին բազմիցս լսել եմ ու երբեք չեմ տեսել: Հանդիպում ենք բաաաարձրահասակ, լուրջ մի երիտասարդի, որը վարակիչ ծիծաղ ուներ և ամաչկոտ շարժուձև:
Այսպես ծանոթացա ինչպես հետո իրենք շատերին հայտնի դարձան որպես Snack-ի, ու մի քիչ ավելի հետո էլ ու արդեն ավելի երկար, որպես Լավ Էլիի Մհերի ու Գոռի հետ:-) Հետո եղան մոմի լույսի տակ ծնված ու ապրված սերեր, ատելություններ, սոյայի կոտլետներ, խնձորով պիրոգներ, ծվածեղներ, սաաառը սենյակներ, ընկերություն, հիասթափություն, հուսահատություն, տարեցտարի բազմազան դարձող ուտեստներ, նոր սերեր ու … երգեր… մեղմ ու հախուռն, քնքուշ ու բուռն, ու ամենակարևորը հայերեն գեղեցիկ հնչող երգեր, որոնք կեղծ չէին, լալկան-սենտիմենտալ չէին, վսեմ-ձևական չէին, այլ լավ երգեր էին, որոնք ամեն մի երիտասարդ երգում է իր փոթորկոտ կամ սովորական երիտասարդության օրերին: Լավ Էլին շատ հետաքրքիր երևույթ էր, որտեղ երիտասարդական երկվություններն իրենց գեղեցիկ արտահայտությունն էին գտել Մհերի սթափեցնող, լայնահոս մտքապատկերների թավության ու Գոռի մեղմ, հանդարտ զգացմունքայնության համահունչ ձայներում, որոնց ռոք երաժշտության բուռն ինտենսիվությունն էին հաղորդում Դավիթի հարվածայիններն ու Վահեի բաս կիթառը:
Հետո Լավ Էլին բաժանվեց: Չեմ կարծում այն ժամանակ, երբ այլևս ասելիք չուներ: Շատ ուներ, բայց երևի այդ պահին ավելի բովանդակալից կամ արտահայտիչ ասելիք ունեին անհատները, ոչ թե խումբը: Ու արդյունքում ունեցանք ‘ընդհատակյա’ Լավ Էլիի Մհեր ու Գոռ Մխիթարյան:
Գոռին շատերս համարում էինք անբուժելի երազող: Մի օր Վանաձորում նա մեզ` չորս ընկերուհիներիս, խոստացավ, որ մի քանի տարի անց արձակուրդներին հրավիրելու է Թաիթի:-) Լավ ծիծաղեցինք, ամեն ինչի մասին հանգամանորեն պայմանավորվեցինք ու աղջիկներով դուրս եկանք զբոսնելու:
Անցան տարիներ, ու հիմա Գոռը համերգներով հանդես է գալիս ԱՄՆ-ում ու Եվրոպայում: Բազմաթիվ երաժշտական ակնարկներում նրան համարում են նորեցի հնչողությամբ ու ինքնատիպ հայ երաժիշտ: Միգուցե… Ինձ համար Գոռն իր ու իր աշխարհի մասին անկեղծորեն երգող երաժիշտ է, իսկ քանի որ նրա աշխարհը և Վանաձորի երկրաշարժից հետո տարիներով տուն դարձած домик-ն է, և լոսանջելեսյան ու բոստոնյան երաժշտական բոհեմը, քանի որ ինքն անկեղծորեն հավատում է իր կյանքին, զգացմունքներին ու մտքերին ու միաժամանակ շարունակում է անբուժելիորեն երազել, իր երգը միշտ գտնում է իր ունկնդրին: Գոռն ինչ-որ մի երջանիկ պահի հասկացավ իր իրական կոչումը և վստահորեն շարժվեց առաջ` շատերին թվալով վանաձորյան դոն կիխոտ, իսկ իրեն` ընդամենը մեկը, որի համար երաժշտությունը դարձավ առանցք:
Ինչո՞ւ հիշեցի Գոռին: Որովհետև շուտով ապրիլի 7-ն է, որը բացի Հայաստանում գտնվող կանացի սեռին գովերգող տոներից երկրորդը, նաև Գոռի նոր ալբոմի` Acoustic Folklore-ի մեկնարկի օրն է, և որովհետև անհամբեր սպասում եմ նորից նրան տեսնելու Հայաստանում: Մայիսի 5, Երևան, Տիկնիկային թատրոն… Եթե հետաքրքրեցի:-)

4 Comments:
Soyayi kotlety lavn er...
Yes ko parrabanvac "chalma" tarty chem moranum;)
Լուս ջան, մի օր կաշխատեմ 'չալմայով' ձեզ հյուր գալ: Տեսնենք երիտասարդ սերունդն ինչ կարծիք կհայտնի:-)
Christina jan,
Shat shnorhakal em hetakrkir post-i hamar. Iskapes lav tariner ein yev mek mek karotum em:-) Hastat aveli ankeghts eink aprum qan Los Angelesyan, New Yorkyan, ayjmyan Yerevanyan kam Bostonyan bohemum.
I miji ayloc mayisi 5-i hamerg@ poxvec Tiknikayinic Avangard Folk Club. Husov em shutov ktesnvenk
arayjm
Gor
Bostonum bohem ka ? :)) Menak chaseq, wor haykakan a ed bohem@ ... Isk ankeghts aprel@ arajin hertin marduc a, heto nor mijavayric. Eritasard tariqum mardik sovorabar aveli ankeghts en linum u paymanakanuthyunneric zerts
Post a Comment
<< Home