Ուշացած ամփոփում
Չեմ հիշում Անդրանիկն էր, թե Նժդեհը, որը հորդորում էր օրվա վերջում գլուխը բարձին դնելիս ու աչքերը փակելուց առաջ մի պահ խորհել օրվա մասին ու փորձել գնահատել, թե ինչ ես կարողացել անել այդ օրվա ընթացքում հայրենիքիդ համար: Նոր Տարին այսօր իմ բարձի դերն է տանելու ու թեև ուշացումով, փորձեմ գնահատել անցյալ տարին (բայց ոչ այն, ինչ արել եմ հայրենիքիս համար:-) Այս դեպքում գրելու բան չէր լինի:-). միջին հայ կնոջ միջին գնահատական` կիսաանկեղծ, որովհետև հանրության առջև արժանապատվությամբ, գեղեցիկ ու բովանդակալից անկեղծանալու համար առնվազն տաղանդ է պետք:-)Դրա համար իմը կլինի կիսանակեղծ:-)
Երկու օր առաջ մի մարդ, որին շատ հարգում եմ, որն իր կյանքում արդեն կարողացել է անել լավագույնը, որ մարդ երբևէ ի վիճակի է անել` իմաստավորել կողքինների կյանքը, ասաց. “2007-ը հրաշալի տարի է լինելու, անկախ ամեն ինչից, անկախ նրանից, թե ինչպես է այն սկսվել, սա հրաշալի մի ժամանակահատված է լինելու: Հիշեք խոսքերս:” Ի՞նչն է այս կամ այն ժամանակն այդպիսին դարձնում: Պատասխանների թիվն անսպառ է, իհարկե, բայց ի վերջո, բոլորը հանգեցնում են մի բանի. այն ամենն, ինչ քեզ թույլ է տալիս ասել. “Այդ ժամանակը հնարավորություն տվեց ինձ ավելի լավ զգալ”: Բնականաբար, սրիկան էլ սրիկայություն անելիս, մտքում սրա մասին է մտածում, ու հենց այստեղ սահմաններն անհետանում են, բայց փորձենք:-)
1. 2006-ն ինձ համար շրջադարձային էր, այն պարզ պատճառով, որ ամենօրյա կենցաղս որոշում էր իմ արժեքային համակարգի որակների տոկունությունը: Մի պահ ես պատրաստ էի հրաժարվել այն ամենից, կամ գոնե ամենի մեծ մասից, որ 30 տարիների ընթացքում ինձ դարձրել էր այնպիսին, ինչպիսին կամ իմ ու շրջապատիս համար:
2. Երկար դիմադրելուց հետո ինձ վերջապես բջջային հեռախոս նվիրեցին, քանի որ մի կարճ ձմեռային օր ու երկար ձմեռային գիշեր ընկերներիս հետ Stop գնալիս, չկարողացա մերոնց տեղեկացնել ու այնքան անհանգստության պատճառ հանդիսացա, որ հիմա ստիպված եմ հասանելի լինել Հայաստանի գրեթե ողջ տարածքում:-)
3. Մի տարվա ընդմիջումից հետո նորից հաջողվեց ճանապարհորդել, որի արդյունքում ավելի քան երբևէ ընդգծվեց Արևմուտքի ինքնապարփակ հարմարավետագերությունն ու Արևելքի երջանիկ կամ դժբախտ ճակատագրապաշտությունը, որը երբեմն հագուրդ տալով զուտ ենթագիտակցական ձգտմանը ‘հարմարին’, միևնույն ժամանակ ինչ-որ վսեմ ճիգեր է անում հողմաղացային պայքար մղելու նույն այդ մղման դեմ: Ուղղակի ուշադրություն դարձրեք, թե որքան են արևելքի որոշ երկրներում մեծանում “ազգայինի պահպանման” արշավները…
4. Թեև իմ նոր աշխատանքն սկսեցի 2005-ին, իմ անկյունում փողոցի ասֆալտին ուշադիր հետևող ոզնու նկարը (միակն, իմիջիայլոց:-) հայտնվեց միայն 2006-ին:-) Միայն անցյալ տարվա կեսերին սկսեցի վերագտնել ինձ իմ աշխատանքում, որին կարելի է համարել իմ առօրյայի միանձնյա տիրակալը;-) Դա առանց իմ գործընկերների հնարավոր չէր լինի անել: Շատ հետաքրքիր թիմում եմ աշխատում, ու եթե Հայաստանում մի քիչ ավելի շատ լինեին իրենց նման մարդիկ, կարգին երկիր կարող էինք դառնալ:-) Այստեղ մարդիկ մտածում են ու իրականցնում, բնականաբար ընթացքում վիճում, նեղանում, հագուրդ տալիս անձնական ամբիցիաներին, միշտ հիշում կողքինին ու անհրաժեշտության դեպքում առանց ավելորդ դեկլարացիաների հայտնվում նրա կողքին, ով ունի իրենց կարիքը, գինի քաշում, լավ, դիպուկ ու խելացի մտքերը ժողովում “Նոթատետրում”, գեղեցիկ ազդագրեր պատրաստում, երեխաներին ամռանը ստիպում Ժյուլ Վեռն կարդալ, խելացիագույն դատողություններով դիմացինին ստիպում անմիջապես վազել ու նորից լիքը բան սովորել ու էսպես շարունակ: Սովորական մարդկանց խումբ է, որը փորձում է կյանքն ապրել ամբողջ թափով: Ես էդպիսին չեմ, բայց պետք է խոստովանեմ, որ կյանքի տենդը վարակիչ բան է, ու դա պարզեցի անցյալ տարի:-)
5. Մի տեսակ անսպասելիորեն (ինձ համար, քանի որ երբեք նախկինում նշաներ չեն եղել, որ այդ ամենը կարող է ինձ հետաքրքրել), սկզբում` անճոռնի կաշկանդվածությամբ, հետո` աննկատելիորեն առօրյա դառնալով` իմ ակտիվ բառապաշարի անբաժան մաս դարձան այնպիսի բառեր, ինչպիսիք են բլոգը, եվրաինտեգրումը, ազգային ռազմավարությունը, ԵՀՔ-ն, ազատ ընտրությունները, սահմանադրական փոփոխությունները, երկքաղաքացիությունը, Town Hall Meeting ու բանակցային փուլերը…
6. Անասելի ուրախությամբ վերահայտնաբերեցի իմ հին ընկերներից երկուսին: Ինձ թվում էր, նրանք մնացել էին իմ անցյալի այն հատվածում, որը ջանում էի կտրել ‘անցյալ’ կոչվող կոլաժից: Շատ շնորհակալ եմ իրենց դրա համար:
7. Բերդյաև, Կլե, Հայդն, Պավիչ, Աղասի Այվազյան, Մահարի, Մարկուս Միլլեր, թավջութակահար Արտյոմ, Արունդհատի Ռոյ, Փենջաբի ժողովրդական երաժշտություն, Գյուրջիևի երաժշտությունը, Վեյնինգեր, Կորտասար, Ինյարիտուի “Բաբելոնը”, Սոտեի “Ձմեռը սրտում”, Կոպոլայի “Թարգմանության դժվարությունները”, Ամենաբարի “Ծովը ներսում”, Տարկովսկու “Նոստալգիան” – ահա 2006-ի ընթացքում բազմաթիվ հետաքրքիր ու անհետաքրքիր տեսած-լսած-կարդացածս բաների մեջ ամենամնայուննների ցանկը:
Տեսնենք 2007-ին ուր ենք հասնելու…

6 Comments:
2006-ը` հայտնագործությունների տարի
Ինձ համար, օրինակ, 2006-ը նախ և առաջ հայտնագործությունների տարի էր: Կկարծեք ինչ-որ թնջուկի բացատրությու՞նն եմ տվել, նոր մոլորա՞կ եմ նշմարել կամ երևույթների մեջ գոյություն ունեցող օրինաչափությու՞ն եմ մատնանշել, ոչ , Մարդ եմ հայտնաբերել: Կամ ավելի շուտ ընտանիք` "տաղանդների ընտանիք": Հրաշալի է չէ՞... չեք պատկերացնի ինչքան հպարտ եմ իմ հայտնագործությամբ: Զարմանալ կարելի է թե իմ "գտած" ընտանիքում որքա՜ն տարբեր են զավակները, ընդգծված տարբեր, լիովին տարբեր: Նման են մեկ բանով. տաղանդավոր են: Չեք պատկերացնի ինչքա՜ն հպարտ եմ հայտնագործությամբ ու ուրախ. դադարել եմ սևի, ստվերի, գաղջի, սքողման ու միջակի մասին մտածել և գրել...
Welcome back, Christin :)
Christin jan, mi hat harc unem :) Ete du merjum eir bjjayin heraxos@, apa Internetic inchu eir ogtvum ?:)
Սևակ ջան, իսկ միջակի մասին թեև պետք չի շատ մտածել, բայց վախենալ պետք է:-) Միջակը հարմար ու լավ բան է, նաև սարսափելի գայթակղիչ…
Արամ ջան, հեռախոսն ինձ իսկապես պետք չէր, որովհետև ես միշտ հասանելի էի սովորական հեռախոսով աշխատանքի վայրում և տանը:-) Իսկ երբ ոչ առաջինում էի, ոչ երկրորդում, միշտ ընկերներիս հետ էի, որոնք գրեթե բոլորը ունեին բջջային հեռախոս: Իսկ ինտերնետից բոլորովին այլ պատճառներով էի, եմ օգտվում:-)
Անանցյալ, աններկա, անապագա: Անլույս, հետևաբար և անստվեր. անհետք, նաև անհետևանք: Միջակություն:
Սրա՞ մասին է խոսքը, թե ես սխալվում եմ:
Քրիստ ջան, կարդում էի “վերջինդ” ու մտածում երևի դժվար պահ ես ունեցել, ինչպիսիք ունենում են բոլորը, և հաղթահարել այն… մինչև որ Սևակը գլխի չգցեց, թե…: Կամ գուցե դա Սևակի վառ մտահաղացման արդյունքն էր…
Համենայն դեպս այդ “միջամտությունն” ինձ ստիպեց մի երկու բառով անդրադառնալ հուզմունքիդ:
Չէի ուզի “սովորական”գտնվել ու “ի՞նչ անել, որ հարուստ ապրել” հարցին տալ շատ սովորական ու հասկանալի պատասխանը: Այո դրա համար անհրաժեշտ է և’ “հարմար”-ություններ ստեղծել, և’ շրջապատվել դրանցով, այո դրա համար անհրաժեշտ է շատ փող վաստակել, բայց… այո’ դրա համար անհրաժեշտ է գտնել, ձևավորել ու վաստակել մի միջավայր, ուր ի վիճակի ես ինքնաիրացվել:
Չկան կարևոր և անկարևոր մարդիկ: Կա ունակություն` բացահայտելու կամ կորցնելու, բացահայտվելու կամ կորսվելու… Ու բազմաթիվ անգամ, երբ հասկանում եմ, որ որևէ մեկն ինձ համար այլևս կորավ, (բառիս ուղղակի կամ անուղղակի առումներով) կամ ես կորցրեցի միջավայրը, մարդկանց, դուրս մնացի “խաղից”, ապա ցավալիորեն բացահայտում և երկար ժամանակ տանջվում եմ այն գիտակցումից, թե որքան շատ բան կորցրեցի այն կուտակված հարստությունից կամ այն կուտակելու հնարավորությունից:
Ուստի ուրախ եմ, որ երբեմն տրվում է այդ հետ քայլն անելու և վերագտնելու հնարավորությունը…
Post a Comment
<< Home