Monday, October 30, 2006

Արթուր Մեսչյանի համերգը

Արդեն երկու օր է, ինչ Երևանն ընկղմվել է խոր աշնանային թմբիրի մեջ` գորշ երկինք, հազվադեպ արևային ճիգերով, որ մինչ այս պահն անարդյունավետ են, ու թողնում են, որ պաղ ու թաց օդը թափանցի մինչև ոսկորներդ և գործ չանելու, բայց փոխարենը տաք թեյ խմելու (կամ ընդամենը տաք բաժակը ձեռքերիդ մեջ պահելու:-)) ու մի լավ ֆիլմ դիտելու տրամադրություն:-)

Երեկ երեկոյան տանից դուրս չգալու մեծագույն ցանկությունս հաղթահարեց միայն նոր բարեկամներիս մոտ անքաղաքարի չլինելու ցանկությունը: Ինձ հրավիրեցին Արթուր Մեսչյանի համերգին, իսկ դրսում թաց էր, ցուրտ, ես էլ լիիքը անտրամադիր:-): Բացի այդ, անկեղծ ասաց, տատանվում էի. շատ ուզում էի լսել նրան կենդանի կատարմամբ, միևնույն ժամանակ խուսափում էի, որովհետև գիտեմ, որ կյանքում լավագույն զգացմունքները երկրորդ անգամ ապրել չի կարելի:-) Իսկ Մեսչյանի հետ կապված է իմ մանկությունը, երբ ինձ ուղղակի դուր էր գալիս նրա երաժշտությունը (5-6 տարեկանում բառ անգամ չէի հասկանում իր երգերից), իմ սիրած ‘մեծերին’` մորաքրոջս տղաներին, հաղորդակից դառնալու ինքնագոհությունը ու վաղ պատանեկությունս, երբ արդեն լսում էի ոչ թե (կամ ոչ այնքան) երաժշտությունը, այլ նրա երգերում գտնում էի այնքան հոգեհարազատ անելիանելիության ու կատարյալի մարմնավորումը:

Ինչևէ, մի կերպ ինձ դուրս հանեցի տնից ու շատ ուրախ եմ դրա համար: Ինձ շատ դուր եկավ համերգը: Համերգները սովորաբար չեն տրվում նկարագրության, քանի որ դրանք լսողական պատկերներ են:-) Բայց ես կարող եմ նկարագրել այն, ինչ կատարվում էր երաժշտությունից դուրս. Մեսչյանի կրքոտ ինքնավստահությունն իր երաժշտության մեջ ու համեստ անինքնավստահությունը դրանից դուրս, բավականին հակասական հանդիսատեսը, որը միաձայն էր միայն մի բանում. գրեթե բոլորն անգիր գիտեին երգերը, լինեին նրանք 18 տարեկան, թե 50 ու միատեսակ անկեղծությամբ ծափահարում էին դրանց հեղինակին (համերգը ինձ հիշեցրեց ռուսական ДДТ:-)), մի տեսակ միասնականության զգացումը, որն առկա էր այդ մի քանի ժամերի ընթացքում:

Ճիշտ է, ընկերներից մեկը, որն ամֆիթատրոնում էր նստած, ասաց, որ այնտեղ հնչողությունը բոլորովին այլ է, բառերը չեն հասկացվում, ու ցավոք, տպավորությունն այն չի, բայց իմ բախտը երևի բերել էր, ինչպես հաճախ:-)

Ամենաշատը դուր եկավ մի նոր երգ` “Թռիչքը”: Ամսի 1-ին հաջորդ համերգն է:

Thursday, October 26, 2006

Վաղուց սպասված հանդիպում

Ուսանողական տարիներին հավաքվում էինք ինչ-որ մեկիս տանը, հիմա` բոլորիս նախընտրած սրճարանում, կամ էլ ինչ-որ նոր տեղ, որտեղ դեռ չենք եղել: Ըմմմ, ոնց եմ սիրում մեր էս զուտ կանացի հանդիպումները, և միշտ հետաքրքիր է եղել աննկատելիորեն մասնակից լինել միայն տղամարդկանց մտերմիկ զրույցին:-)

Մտերիմ կանանց երկու խումբ ունեմ, առաջինը` համակուրսեցիներս, երկրորդը` վանաձորցիները: Երեկ բավականին երկար ընդմիջումից հետո հավաքվել էինք երկրորդ խմբով ու վերջին կենցաղային (մեկը վերանորոգում է բնակարանը, մյուսը` փնտրում, երրորդն էլ վայելում` գտածը:-)), հարդարանքային, սիրային ու աշխատանքային նորություններից հետո անցանք աստեղային ու մշակութային նորություններով պարբերաբար ընդհատվող քննարկումներին` կարդացված վերջին գրքերի, լսված վերջին երաժշտության, համերգի ու հանդիպած հետաքրքիր մտքերի փոխանակմանը: Մեր էս փոքր խումբը շատ եմ սիրում, որովհետև չորսս էլ ահագին տարբեր բնույթ ունենք, հաճախ չենք համաձայնվում իրար հետ ու այդուհանդերձ մեր նմանատիպ բորոր հանդիպումներից հետո ինձ մի տեսակ հարստացած եմ զգում էն աննկարագրելի ջերմությամբ, որ ընկերներս կարողանում են փոխանցել իրենց բուռն կամ զուսպ համաձայնությունների ու անհամաձայնությունների ենթատեքստում:

Ոչ մի այլ միջավայրում այս զգացողությունը չունեմ: Բավականին հետաքրքիր է կին-հարևանների երեկոյան սրճա-թեյախմությունը, բայց էստեղ ես սովորաբար հանդես եմ գալիս դիտորդի դերում, քանի որ մի երեք ժամ անվերջ չեմ կարող քննարկել, թե Ասյան ինչու Ալյային էդպիսի հայացքով նայեց:-) Ինձ անցում է պետք դեպի “վսեմ թեմաներ”, ինչպես իմ ընկերների առաջին խմբից ամենագործնական ու հումորով համակուրսեցին էր ասում` ի նկատի ունենալով սերն ու գեղեցկությունը:-)

Monday, October 23, 2006

Խառը-մառը բաներ

Պարզվում է, ես այնուամենայնիվ սիրում եմ թատրոն:-) Ուրբաթ օրը ընկերներիցս մեկի շնորհիվ ինձ համար հայտնաբերեցի Հ. Մալյանի թատրոնը: Այդ օրը ներկայացնում էին Աղասի Այվազյանի “Ցեղի ֆիզիոլոգիան”: Հրաշալի մանրապատումներ էին հայկական իրականության մասին. բարձրաձայնվում էր գովերգված հայ ընտանիքի բազմաթիվ խնդիրները, ներկայացվում էր սերունդների կապն ու այդ հարաբերությունների հայկական առօրյան, մարդու միայնությունն ու հարբածի փիլիսոփայական զեղումների զավեշտն ու անկեղծությունը… Եվ այս ամենը կենդանի շունչ էր ստանում դերասանների հրաշալի խաղով (բացառությամբ մի կնոջ:-)), որին ականատես էին հազիվ մի 100 հոգի տեղավորելու կարողությամբ դահլիճի տարբեր անկյուններում ծվարած 20 հանդիսականները: Չէ, հաստատ, այս թատրոնը, Մնջախաղի թատրոնի նման, դառնում է երևանյան իմ սիրելիներից մեկը: Հաջորդ ներկայացումն ամսի 31-ին է, բայց երևի թե կարողանամ դիտել միայն դրան հաջորդող “Աղվեսագիրքը”:

Իսկ շաբաթն էն սակավաթիվ օրերից էր, որ բարեբախտաբար ինձ ‘հանդիպում’ են 10 տարին մեկ անգամ. նման օրերից հետո ուղղակի ուզում եմ գլուխ առնել ու փախչել էս երկրից: Երկրից ելքի համար վիզա էր պետք: Բնականաբար, ամեն ինչ էս երկրում պետք է հնարավորինս բարդացնել, չէ՞: Դե, այդ վիզան կարելի է ստանալ միայն գրանցման վայրում, որն իմ դեպքում Վանաձորն է: 2 շաբաթ առաջ եղբայրս անձնագիրս հանձնում է անձնագրային բաժին, որպեսզի իրենք համապատասխան նշումներն անեն, իսկ ես ակնկալվում էր, որ ավելի ուշ պետք է գամ, ստորագրեմ ու վերցնեմ անձնագիրը: Երևանից ժամանում ենք 2-ին, երբ վերջանում է ընդմիջումը: 2:10 բացվում է բաժինը և բաժնի պետի սենյակի մոտ շատ արագ գոյանում է 20 հոգուց կազմված անկանոն հերթ, որը հինգ րոպեն մեկ տատանվում է 30-7-ի միջև: 2:30` պետը չկա: Ինձ հետ է մորաքրոջս տղա, որը մեզ պետք է անմիջապես հետո տանի Ալավերդի: Զգում եմ, որ անհամբեր է ու դրանից ինքս էլ վատ եմ զգում: Ինչ-որ մի պահ նկատում եմ, որ նա անհետացել է: 2:50 գրեթե վազելով ներս է մտնում պետն ու ասում, “Ո՞վ է … (տալիս է կարևոր պետական կառույցի անուն)-ից”: Մորաքրոջս տղան անձնագիրս վերցնում է, մտնում սենյակ ու կես րոպե անց դուրս գալիս համապատասխան կնիքով ու ստորագրությամբ: Պետը մոռացել էր, որ առանց իմ ստորագորության հնարավոր չէր կնքել անձնագիրը…

Ես չգիտեմ իմ ամբողջ հասակով որտեղ թաքնվել էդ մարդկանց հայացքներից: Մի կողմից ուրախ եմ, որ ամեն ինչ ստացվեց, որովհետև սա միակ օրն է, որ կարող եմ ստանալ վիզան, հակառակ դեպքում մեծ խնդիր եմ ունենալու, մյուս կողմից սարսափելի վատ եմ զգում նման ձևով այն ստանալով (թեև միաժամանակ գիտակցում եմ, որ եթե պետը չգար, էդ մարդիկ էլ էին ստիպված լինելու անորոշության մեջ սպասել: Եվ միգուցե նաև հաջորդ օրը, որովհետև բաժինը փակվում է 4-ին, իսկ հերթը գնալով աճում է)…

Ես բոլորովին հեղափոխական բնույթ չունեմ, չեմ կարողանում նաև “ճարպիկ լինել’ ու նման դեպքերում ուղղակի չգիտեմ ինչ անել…

Friday, October 20, 2006

Dead Poets Society

Վերջերս աշխատանքային ծավալն էնպիսի չափերի է հասնում, որ միակ ուրախությունս մնացել են լողավազանն ու ուրբաթ առավոտյան անգլերենի բանավոր հմտությունների դասընթացը, որ վարում եմ Գլաձորում: Ընդհանրապես լեզվի դասավանդումը ինձ համար միշտ միջոց է եղել, երբեք չեմ կարողացել հետևել “դասական” դասավանդման սկզբունքներին: Մասնավորապես, միշտ ատել եմ մասնագիտական ֆակուլտետներում ընդունված դասագրքերը (Շևցովա, Բոնկ…), քերականության ուսումնասիրությունը համարել եմ անխուսափելի անհրաժեշտություն և … միշտ ցանկացել եմ դասավանդել գրականություն:-): Իհարկե, զիջումներ եղել են, օրինակ` իրավաբանների և գործարարների համար անգլերեն լեզվի դասընթացների մշակման ու դասավանդման տեսքով:-)

Հայաստանում մասնավոր բուհում դասավանդելու առավելություններից մեկն այն է, որ եթե առնվազն ԵՊՀ դիպլոմ ունես, քո գլխի տերն ես. մշակի ցանկացած ծրագիր, որ ուզում ես: Ընդվզման իմ դրսևորումներն արտահայտվում են երկու միջավայրում` ռոք երաժշտության և դասավանդման:-) Գլաձորն ուղղակի հրաշալի է էդ առումով, մանավանդ, որ դասավանդում եմ անգլերեն լեզվի բաժնի չորրորդ կուրսեցիներին: Սա իհարկե ոչինչ չի ասում նրանց լեզվական հմտությունների մասին և որքան էլ ցավալի է, ուսանողներիս մեծամասնությունը չորրորդ կուրսում ունեն միջին մակարդակի իմացություն: Շաբաթական ընդամենը մեկ դաս ունենալու արդյունքում միգուցե չեմ հասցնում միանգամայն հրաժարվել ուսանողներիս մեջ ինչ-որ հետաքրքրություն մտցնելու ցնորամիտ ձգտումից: Նման փորձ է նաև ֆիլմը, որ հիմա նայում ենք` Dead Poets Society: Ամեն անգամ էս ֆիլմը դիտելիս` Քիթինգն ինձ լիցքավորում է մի ամբողջ շաբաթով:-) Էլ չեմ ասում անասելի նուրբ հումորը, անգլերեն լեզվի ընձեռած հնարավորություններից առավելագույն օգտվելու հմտությունն ու… մի խոսքով, դատեք ինքներդ…

We don't read and write poetry because it's cute. We read and write պoetry because we are members of the human race. And the human race is filled with passion. Medicine, law, business, engineering, these are all noble pursuits, and necessary to sustain life. But poetry, beauty, romance, love, these are what we stay alive for. To quote from Whitman: "O me, o life of the questions of these recurring, of the endless trains of the faithless, of cities filled with the foolish. What good amid these, o me, o life? Answer: that you are here. That life exists, and identity. That the powerful play goes on, and you may contribute a verse. That the powerful play goes on and you may contribute a verse.
***
KEATING: Now, language was developed for one endeavor, and that is? Mr. Perry?
NEIL: Uh, to communicate.
KEATING: No! To woo women.

Ես կարող եմ անվերջ մեջբերել Քիթինգին, բայց դա բոլորվին ավելորդ է առանց Ռոբին Ուիլյամսի կրքոտ դերակատարման: Էնքան կրքոտ, որ մի խմբում 18-ամյա 10 ուսանողներից երեքը, այն հարցին, թե որ հերոսին են ավելի համակրում, պատասխանեցին Քիթինգին:-)

Մեր կրթական համակարգի բարեփոխումների ջատագովներից շատերը բողոքում են, թե մեր երեխաները քննադատական մտածողություն (critical thinking) չունեն: Քիթինգի դասարանին նայելով` չես ասի, թե էնտեղ մինչև Քիթինգը տղաները ‘մեռնում էին’ ազատ ու քննադատաբար նայելով երևույթներին: Ինչպե՞ս պետք է երեխան ազատ ու քննադատաբար մտածի, եթե դու պնդում ես և պահանջում, որ նույնը անի նաև ինքը, թե Շեքսպիրը մեծ գրող է, իսկ Կարեն Ղարսլյանը սկսնակ, մոդայիկ, սկանդալային, բայց տաղանդին սխալ ուղղություն տված, երբ թե դպրոցում, թե բուհում ուսանողների ու աշակերտների մեծամասնությունը կարդում է գրականության ներածություն ու քննադատություն և ոչ գրականություն:

Իմ խմբում ես մի լուրջ խնդիր ունեմ. 18 տարեկանում այս աղջիկների մոտ դեռևս լեզվամտածողություն չի ձևավորվել: Ոչ մի լեզվով…Հարցնում եմ, համաձա՞յն եք Քիթինգի հետ, որ կյանքում գեղեցկությունը և այլն և այլն կարևոր են, եթե այո, ինչո՞ւ, եթե ոչ, ինչո՞ւ: Բոլորը համաձայն են: Ինչո՞ւ: Որովհետև կյանքում սերը շատ կարևոր է… Ու խնդիրն էստեղ օտար լեզուն չի: Մի երկու անգամ փորձել եմ` խնդրելով իրենց միտքը շարադրել հայերեն: Չեն կարողանում…Պատճառները շատ են, չեն կարդում, չեն զրուցում /կենցաղային թեմաներից բացի/, հեռուստատեսային լեզուն բոլորովին չի նպաստում նման թեմաներով քննարկումներ ծավալելուն և այլն և այլն:

Բայց հուսահատվել էլ պետք չի, կաշխատենք, կսովորեցնենք:-)

Tuesday, October 17, 2006

Անթալիայում, ծովի ափին, դեռ հա՞յ եմ

Վերջերս Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատի կողմից վավերացված օրինագծի շուրջ քննարկումները չեն դադարում: Հաճախ է արծարծվում Թուրքիայի հնարավոր արձագանքներից մեկը` երկրից արտաքսել անօրինական հայ միգրանտներին, որոնց թիվը հասնում է 40000-70000-ի:

Քիչ առաջ էլեկտրոնային ցանցի անդամներից մեկը այդ նույն թեմայով թուրքական մամուլում հրատարակված մի հոդված ուղարկեց, որից առաջ գրել էր հետևյալ հարցը. ինչպե՞ս կարող է որևէ գիտակից հայ որոշում կայացնել Թուրքիայում աշխատանք փնտրելու մասին, կամ ավելի վատ, որոշել հանգստանալ մարմնավաճառներով վխտող Անթալիայում…

Չգիտեմ, ինչպես կարելի է, բայց որ նման որոշում կայացնող հայերի մի մասը գիտակից են, դա գիտեմ: Ի՞նչը պետք է խանգարի հային նման որոշում կայացնել: Հայրենասիրությո՞ւնը: Մարդկային ցեղի մեծամասնությունը փոխադարձություն է սիրում. եթե ես սիրում եմ, ինձ էլ պետք է սիրեն: Հիմա սիրո մարտիրոսներ չկան: Եթե ես սիրում եմ իմ հայրենիքը, պետք է փոխհատուցված զգամ էդ սիրո համար. ծով չունենք, մի կերպ կդիմանանք, բայց գոնե ծախսածս գումարի դիմաց նորմալ ծառայություն կարող եմ ակնկալել, չէ՞: Էլ չեմ ասում, թե ինչքան ավելի էժան կարելի է ստանալ շատ ավելի որակյալ ծառայություն: Իմ քաղաքում ասֆալտ անելու համար էլ բարձրագույն կրթություն են ուզում, Ստամբուլում փողը տվեցիր, առաջին դասարանցու կրթությամբ էլ քեզ “դուբլյոնկա” կվաճառեն, որը դու վերավաճառելով` կկերակրես ու կհագցնես երկու երեխաներիդ:

Չգիտեմ, դրսից էս առօրյան չի ընկալվում: Ներսում նույնպես, քանի որ սփյուռքի մեծ մասը գալիս է Հայաստան այլ անցյալով,որի հիման վրա է կերտում իր ապագան: Հայաստանցիներից շատերս մեր անցյալն էլ ենք կորցրել: Ու խնդիրը նույնիսկ ապագան չի, այլ ներկայում Մյունհաուզենի պոչիկի նման մի բան գտնելը, որպեսզի քեզ ճահճից դուրս հանես ու ոտքերիդ տակ ամուր հող զգաս….

Thursday, October 12, 2006

Կովկասի օր

Հարավկովկասյան միջխորհրդարանական նախաձեռնությունը հանդես է գալիս “Կովկասի օր” ստեղծելու առաջարկով, հայտնում է Արմինֆոն: Նպատակը տարածաշրջանի երկրների ընդհանուր ժառանգության վերհանումն է, ընդհանուր զարգացմանը միտված ջանքերի գնահատումը և այլն: Ընդ որում, առաջարկը դրվել է հանրային քննարկման և որքան էլ զարմանալի է, չեն մոռացել նշել, թե առաջարկներն ու դիտողությունները ում պետք է ներկայացնել:-)

Որքան էլ վերապահումով եմ մոտենում ցանկացած պետական նախաձեռնությանը, ուզում եմ հավատալ, որ սրանից մի բան կստացվի: Դեռևս բավականին անկողմնորոշ լինելով իմ դիրքորոշման հարցում մեր հարևանների հետ բազմաթիվ խնդրների վերաբերյալ` մի հարցում ահագին կողմնորոշված եմ. անվերջ խուսափել հարևանի հետ շփումից ուղղակի անհնար է: Պարզ օրինակ. մեր հարևաններից մեկը սարսափելի մի նախասիրություն ունի` լսել ռաբիզ երաժշտություն ամբողջ շենքով մեկ: Սովորաբար օրվա ընթացքում տանը չլինելով` դա իմ վրա այնքան էլ չի ազդում: Կիրակի օրերին դառնում է անտանելի: Մի քանի ամիս դիմանում ենք, հետո երեքով որոշում մշակել մեր “ռազմավարությունը”: Էրիկը միանշանակ մեկ ելք է տեսնում. որպես այլընտրանք ինքը այդ նույն ժամերին նույն բարձրությամբ լսելու է SOAD: Ես լռում եմ, դեռ կարող եմ դիմանալ, քանի որ սովորաբար ինձ մոտ ստացվում է անտեսել այն, ինչ ուզում եմ, եթե զբաղվում եմ սիրած գործով: Քույրս առաջարկում է “հանդիպել հարևաններին”: Թե որն է լավագույն առաջարկը, պարզ է: Բռնությունն ու խուսափումը նոր բռնության տեղիք են տալիս: Ինչով կամփոփվի երկխոսությունը, գոնե դեռևս պարզի չի…

Միգուցե մարդիկ կլինեն, ովքեր նորից կխոսեն թաքնված օրակարգերի մասին, բայց ես կարծում եմ, երբ կան համոզիչ փաստարկներ, երբ կա վստահություն քո արածի արդարացիության հանդեպ, ներքին մի գործընթաց է սկսվում, որը կարող է ազդել նաև այս թաքնված օրակարգերի վրա:

Համենայն դեպս, թվում է թե կարծիք արտահայտելու հնարավորություն է ընձեռնված: LINKS-ը առնվազն կարող է ապահովել, որպեսզի դրանք լսվեն: Հաշվի կառնվեն, թե չէ, այլ խնդիր է…

Ովքեր ինչ-որ ասելիք ունեն, կողմ, թե դեմ, կարևոր չի, կարող են գրել caucasusday2@yahoo.com հասցեով:

Wednesday, October 11, 2006

Ամուսնության վանաձորյան տարբերակ

Ամուսնությունները կնքվում են երկնքում, իսկ ողջ “բյուրոկրատական” քաշքշուկը բարդվում է խեղճ Երկիր մոլորակի ուսերին. հիմա որտեղի՞ց սկսել` խնամախոս, նշան, հարսանիք, որը ո՞րն է, ի՞նչ համապատասխան վարքի կանոններ կան և այլն և այլն:

Երբեք չէի պատկերացնում, թե դա էդքան բարդ գործ է:-) Քանի որ գործընթացի սկզբում ենք, հերթով նկարագրեմ Հայաստանում, մասնավորապես Վանաձորում, ընդունված քայլերը: Ասում են, ամեն ինչ սկսվում է խոսք ուզելուց կամ խնամախոսից (մինչև հիմա չեմ հասկանում, դրանք տարբերվում են, թե նույն միջոցառումն են:-) Սա երկու ընտանիքների առաջին պաշտոնական հանդիպումն է: Նպատակը խոստումն է, “որ աղջիկն արդեն մերն է” (տեսնես երբևէ հնարավոր է խուսափել էս ‘օբյեկտային’ մոտեցումից:-): Ինչու է անհրաժեշտ. հնարավորություն է ընձեռում զույգերին ‘հանրամատչելի’ դարձնել իրենց հարաբերությունները բառիս բուն իմաստով, այսինքն հանրությանը հայտնի դարձնել, որ կա առնվազն փոխադարձ ‘բացառիկ’ համակրանք, որը վերջում պետք է ամրագրվի ընտանիքով: Սա նշանակում է տղամարդու ու կնոջ ազատ ելումուտ միմյանց ընտանիքներ` առանց ժամանակային սահմանափակման:-) Ակնկալվում է, որ այն մի քանի շաբաթվա ընթացքում պետք է ամփոփվի նշանով, բայց սրա մասին ավելի ուշ, երբ բավականաչափ տեղեկություններ հավաքեմ:-)

Երբեք չեմ սիրել ձևը կենցաղում ու հարաբերություններում: Միևնույն ժամանակ միշտ կարևորելով և գնահատելով այն գրականությա մեջ` փորձել եմ հասկանալ, թե ինչու է այն այդքան կարևորվում նաև մեր առօրյա կյանքում ու նկատել եմ, որ արարողություններն, որոնք ըստ էության, ինչ-որ խորհուրդ ձևի մեջ դնելու փորձեր են, ինչ-որ անբացատրելի ազդեցություն ունեն: Օրինակ` չլինելով առաքելական եկեղեցու հավատարիմ հետևորդ, երբեք չեմ կարողացել անտարբեր լինել, երբ հնչում է պատարագը:

Tuesday, October 10, 2006

Պատը

Երեկ առաջին անգամ կարողացա դիտել Հայֆեստի ներկայացումներից մեկը` Վրաստանի մատների թատրոնի բեմադրությունը: “Մատների թատրոն: Աստված գիտի, դա ինչ է, երևի երեխաներին երբեմն զվարճացնելու համար մատներով համապատասխան կերպաների ստվերավորման նման մի բան, միգուցե մի քիչ ավելի բարդ”, մտածում էի մինչև ներկայացումը:

Ինձ շատ լավ անակնկալ էր սպասվում: Բեմադրության անվանումը “Պատ” էր, սակայն բոլորովին չէի սպասում, թե այն որևէ առնչություն կունենա Փինք Ֆլոյդի հայտնի “Պատի” հետ: Ուներ: Դա արդեն գրեթե բավական էր ինձ համար ներկայացման հաջողությունն ապահովելու համար:-) Բայց, բարեբախտաբար, անակնկալներն առջևում էին: Յոթ վրացի դերասանների հաջողվել էր բեմում մատներով միանգամայն լիարժեք ու նույնիսկ հուզականորեն վառ կերպարներ ստեղծել. կին, տղամարդ (չգիտեմ, դա ինչպես էր հաջողվել, բայց միանշանակ կարելի էր տարբերել, թե ‘մատնային’ մարդկանցից որն է կանացի մարմին, որը տղամարդու), երեխաներ, հրեշտակներ… Տիկնիկներից տարբերվում էր նրանով, որ մատներն էական մաս էին կազմում ամբողջ կերպարի մեջ, օրինակ` մարմին, թևեր: Հավելյալ նյութերն ուղղակի ավարտում էին կերպարի մարմնավորումը:

Շատ հետաքրքիր էր. մարդկային մարմնի ու ուղեղի ստեղծագործական կարողությունների անսահմանափակ հնարավորությունների մասին վկայող ներկայացում էր: Տեսնես կա՞ն նման այլ խմբեր: Շատ կարճ google search ոչինչ չտվեց: Պետք է նորից փորձել…

Friday, October 06, 2006

...

Մի քանի օր առաջ գործընկերներիցս մեկը վերադարձավ Թբիլիսիից, ու երբ հարցրեցի տպավորությունների մասին, ասաց, “Այնտեղ ամեն ինչ կանանց ձեռքում է: Նրանք են որոշումներ կայացնում:” Նախորդ աշխատանքիս բնույթից ելնելով` Թբիլիսիի հետ հաստատուն կապ ունեի և հիմնականում հաղորդակցվում էի կանանց հետ: Իմ դեպքում նման կարծիքը թերևս արդարացված կլիներ: Ես դա բացատրում էի մասնագիտական առանձնահատկությամբ (կարծես թե բոլոր երկրներում էլ կանայք մեծ թիվ են կազմում դասավանդման ոլորտում), բայց հետաքրքիր էր, որ դա Արմենն էր ասում, որն այլ ոլորտ է ներկայացնում:

Ինչևէ, վերջերս հատկապես առաջիկա ընտրությունների հետ կապված շատ են խոսում/գրում/քննարկում Հայաստանում կանանց դերի մասին: Եթե չեմ սխալվում նույնիսկ օրենքով է ամրագրում կուսակցական ցուցակներում կանանց որոշակի թվի ապահովումը:

Քաղաքական ու տնտեսական դաշտում մեր կանայք անշուշտ շատ չեն: Սոցիալական դաշտում զգալի թիվ են կազմում: Արվեստում առաջատար դեր ունեն թերևս միայն երաժշտության մեջ: Արվեստի կառավարումը գենդերային առումով բավականին հավասարկշռված է թվում: Կրթությունը. կառավարումը հիմնականում տղամարդիկ են իրականացնում, թեև միջազգային համայնքի կողմից հովանավորվող ‘բարեփոխումներն’ այստեղ սկսվում և ավարտվում են Կարինե Հարությունյանով:-)

Բայց եթե այս պահին ինձ հարցնեիք, թե կառավարման ոլորտում շատ թե քիչ եղած կանանց մասին ինչ կարող եմ ասել, առաջին դիտարկումը կլիներ այն, որ ըստ էության ոչ մի տարբերություն էլ չկա, էդտեղ կանայք են, թե տղամարդիկ: Եղած կանայք գործում են “տղամարդավարի”: Ոչ մեկին չեմ կարող առանձնացնել, որին կարող էի նկարագրել որպես “կանացի”… Երբ նայում/լսում եմ մեր կին գործիչներին, չեմ էլ մտածում, որ կին է խոսում:

Չգիտես ինչու, կանայք ովքեր մտնում են քաղաքական դաշտ, սկսում են գործել ինչպես տղամարդիկ: Միգուցե սա գոյատևման խնդիր է, չգիտեմ: Բայց, ըստ իս, կինն այստեղ պետք է նորամուծի այն, ինչ չկա. զուտ կանացի մոտեցում խնդիրներին (տղամարդիկ, համոզված եմ, շատ ավելի լավ կարող են կիրառել տղամարդկային սկզբունքները):

Վերադառնամ Թբիլիսի. այնտեղ Բրիտանական Խորհրդի անգլերեն լեզվի ծրագրերի ղեկավարը վրացուհի է, որը բոլոր հարցերին մոտենում էր կանացի մեղմությամբ, հանդարտությամբ, գործնականությամբ (լավ, կոնկրետ ի՞նչ ենք անում, որ լուծենք այդ խնդիրը/, լսելու ունակությամբ: Բարրին առաջարկում էր հայեցակարգը, Ռուսիկոն` գործողությունների պլանը: Արդյունքում անգլերենի դասավանդման առումով Վրաստանն առաջատար է մեր տարածաշրջանում…

Մեր կին գործիչներին լսելով` նկատում եմ ձգտում մրցակցել տղամարդկային տրամաբանության հետ, փաստարկելու /կամ հակափաստարկելու/ մեծագույն ցանկություն (ակամա հիշում եմ տարածված կատակը. “Երբ այլ ազգերի ներկայացուցիչները զրուցում են, մեկը խոսում է, մյուսը` լսում: Երբ խոսում են երկու հայ, մեկը խոսում է, մյուսն այդ ընթացքում պատրաստում է իր հակափաստարկները”:-):

Չէ, դեռ էնքան ել լավ չեմ հասկանում, թե կանացիությունն ինչպես կարելի է սահմանել, և մեր կանայք որպես կին ինչ ներդրում պետք է անեն քաղաքականության մեջ: Հստակ պատասխաններ չունեմ: Բայց գոնե հասկացել եմ, թե ինչու լիքը լավ բաներ տեսնելով էմանսիպացիայի մեջ, ներքուստ չէի կարողանում ընդունել “կանանց ազատագրման շարժումը”: Ինձ էստեղ շատ օգնեց Ն. Բերդյաևը, որը “Метафизика пола и любви”-ում գրում է (ոչ բառացի) “Էմանսիպացիոն շարժման գլխավոր սխալը կայանում էր նրանում, որ ՄԱՐԴ է համարվում տղամարդը: Տղամարդը մարդու (անհատականություն) իդեալական կերպարն է, և որպես այդպիսին կանայք ձգտում են կապկել տղամարդուն, մոռանալով կանացի սկզբի մասին, կանացիության առաքելության մասին: Կարիք չկա հակադրել կանացիությունն ու տղամարդկայնությունը (կա՞ էսպիսի բառ հայերենում): Դրանք փոխլրացնող սկիզբներ են, որոնք միանալով ստեղծում են անհատ (խոսքը երեխայի մասին չի):-)”: Սա բոլորովին չի նշանակում, թե ես կանանց դերը տեսնում եմ ծննդաբերության մեջ, քավ լիցի: Դեռ չգիտեմ, ինչում եմ տեսնում: Հենց իմացա, կդառնամ ՀՀ նախագահի խորհրդական:-)

Thursday, October 05, 2006

Փողոցային պատահարներ կամ ինչպես գրավել կնոջ ուշադրությունը Երևանում, ՀՀ

Շարժանկար 1.
- Ո՞ւր ես գնում, արի տանեմ (վարորդի կողքի նստելատեղի պատուհանից քեզ է հասնում "չէ, բայց դու գիտե՞ս, ես ինչ դեմք եմ" հպարտ արտահայտությամբ սև տաբատավորների ու գիշեր-ցերեկ արևային ակնոց կրողների մեծ զանգվածի մի միավորի թավ ձայնը):
- (Մի րոպե համբերում ես, հետո, երբ կողքից կրիայի արագությամբ շարժվող, ռուսական փոփի (Սա լավագույն դեպքում: Վատագույն տարբերակը` սրա հայկական տարբերակը) խլացուցիչ աղմուկը շուրջ բոլորը հպարտորեն տարածող /ինչ սիստեմ ա.../ հսկա մեքենան արդեն ազդում է ներվերիդ վրա, փորձում ես). Շնորհակալություն, պետք չի...
- Ոնց պետք չի: Բա սազո՞ւմ ա քո նման աղջկան թողնես մենակ քայլի: Արի տանեմ, ես էդ կողմ եմ գնում (հետաքրքիր է, որ կողմ):
Բախտդ բերում է, եթե հանկարծ հայտնվում է տարիքով ինչ-որ մեկը, կամ մոտակայքում խանութ կա, որտեղ կարող ես գնել բոլորովին անպետք ինչ-որ մի բան, միայն թե ազատվես այդ "մետաղյա կրիայից":
Շարժանկար 2.
- Ներեցեք, մեկ րոպե կարելի է... Դուք կարծես թե այն եզակի մարդկանցից եք, որոնց հայացքն ինչ-որ բան դեռևս արտահայտում է: Վերջերս Շթայների մոտ.. թեոսոֆիան, դե Դուք իհարկե գիտեք ինչ է թեոսոֆիան...Սակայն տիեզերական գիտակցության հասնելու միակ հավաստի ճանապարհը մեդիտացիան է...Երբեէ զգացել եք այդ անասելի եթերային զգացումը, թե ինչպես եք գետնից կտրվում, ու ձեր միտքն արդեն ճախրում է գիտակցությունից անդին (հաստ ակնոցի հետևից ձեզ նայող փոքրամարմին տղամարդն իհարկե արդեն իսկ մոռացել է նույնիսկ իր մարմնի գոյության մասին, ուր մնաց թե նկատի անկյունում կուչ եկած "երկրային գիտակցությամբ" մուրացիկին...)
- Ներեցեք, շատ հետաքրքիր է, բայց ես շտապում եմ:
- Ներեցեք...
Շարժանկար 3.
- Իսկ կարելի է իմանալ ինչ եք կարդո՞ւմ (նկատելով, որ կոշիկներն անվերջ առաջ չեն ձգվում, ցանկություն է առաջանում "լուսավորել":) Դեմ չե՞ք, միանամ Ձեզ: Աշունը Երևանում սիրուն ա, չէ՞: Անցնենք "դուի", լա՞վ: Իմիջիայլոց, երեկ Քլաբում էինք ընկերներով: ՄՄ-ին /հայտնի հաղորդավար/ գիտեք: Նոր էր վերադարձել Եվրոպայից... (մի 5 րոպե անվերջ գովքն է գնում Եվրոպայի ու թանկարժեք ռեստորանների, որտեղ մի 100 տարվա գինի են խմել, որը ոչինչ վատը չէր):
- Իսկապե՞ս, վատը չէր, հա՞: Ներեցեք, իմ ընդմիջումն ավարտվեց...
Շարժանկար 4.
- Քուրո /ԶԶՎՈՒՄ ԵՄ էս բառից/ էս ինչ սիրուն յուբկա ես հագել: Մի բաժակ կոֆե չխմե՞նք:
- .....

Tuesday, October 03, 2006

Ազնավուրի համերգը Երևանում

Ազնավուրի համերգը Հանրապետության հրապարակում շատ լավն էր: Նայում եմ իրեն ու մտածում, թե մարդ որքան երջանիկ պետք է լինի, որ այս տարիքում այսքան ավյուն ունենա ու դեռ ի վիճակի լինի շարունակել զբաղվել նրանով, ինչ իր կոչումն է… Հիացմունքիս միակ պատճառը սա չի իհարկե: Երբ ինչ-որ լավ գործի վկան ենք դառնում, փորձում ենք անպայման հայտնաբերել հետևում թաքնված շահը, որը նույն այդ գործն անողը հետապնդում է: Հայերենում ‘շահ’ բառն անպայմանորեն եսասիրության մի մեծ պաշար է ենթադրում, ու որպեսզի երկար-բարակ չճամարտակեմ եսասիրության մասին, բավարարվեմ մեծամասնության կողմից ընդունված ընկալմամբ. անում ես ամեն ինչ, ինչը կարող է բավարարել քո “եսը”, ամեն ինչ անխտիր: Ազնավուրի դեպքում այդ “շահը” սերն է դեպի Հայաստան, ու ես շատ կուզենայի, որ այն երիտասարդները, որ շաբաթ օրը հավաքվել էին հրապարակում, մի պահ գիտակցեին դա ու փորձեին պարզել իրենց համար, թե արդյոք նման բան հնարավոր է, թե չէ:

Իսկ համերգը շատ լավ էր կազմակերպված` չհաշված առաջին կատարման ժամանակ ձայնային անսարքությունները: Մարդկանց անվերջ հոսք էր դեպի հրապարակ Մաշտոցի պողոտայով ու Ալավերդյանով, որովհետև անվտանգության նկատառումներով մյուս, ավելի մոտ փողոցները փակ էին: Զարմանալի է, բայց գոնե մեր հատվածում անհամություններ էլ չեղան, թեև մարդկային զանգվածը շատ բազմադեմ էր:-): Հա, մի բան էլ, որ լավ կլիներ ապահովեին. թարգմանությունը: Երաժիշտներին ներկայացնելիս` թարգմանում էր Լուսինե Թովմասյանը, սակայն յուրաքանչյուրը կատարումների ընթացքում դիմում էր հանդիսատեսին, իսկ վերջինիս արձագանքը “Ի՞նչ ասաց”-ի տարակուսած ալիքն էր ամբողջ հրապարակով մեկ:-) Մանավանդ, իրենց խոսքը վերաբերվում էր հայ ժողովրդին: Շատերը հիանում էին նրա տոկունությամբ, մշակույթով, իսկ այդ մասին երևի իմանում էր միայն տասնյակ հազարներով տոմսեր գնած “վերնախավը”…