Վերջերս դպրոցների համար փոքր դրամաշնորհների մրցույթ էինք հայտարարել մեր կողմից իրականացվող Հայաստանի Դպրոցների Փոխկապակցման Ծրագրի շրջանակներում:
Հայաստանի` մեր ծրագրային ցանցում գտնվող 330 դպրոցից մոտ 90 դրամաշնորհ էինք ստացել: Սկզբում բավականին մեծ հետաքրքրությամբ կարդում էի ծրագրերի առաջարկները գնահատելու համար, հետո հոգնեցի մտքերի միապաղաղությունից ու արդեն իսկ առկա ծրագրերի նմանակումից: Դե մենք մեղքի մեր բաժինն իհարկե ունենք, որովհետև փոքր գումար հատկացնելով հանդերձ, սահմանափակումներ շատ ունեինք մրցութային ուղեցույցի մեջ, նաև նշել էինք առաջնային թեմատիկան:
Դիմորդների մի գերակշռող խումբ ժողովրդավարությանը, մարդու իրավունքներին, քաղաքացիական հասարակությանը նվիրված սեմինարների, բանավեճերի և կլոր սեղանների կազմակերպման համար էր հայտ ներկայացրել: Մեծամասնություն կազմող մյուս խումբը արծարծում էր գենդերային հավասարության ու կանանց թեմաները: Էլ չթվարկեմ: Մեր ստուգող հանձնաժողովի անդամներից մեկը իր նկատառումներում գրել էր, “A few hours of talking won’t change much”: Ակնհայտ էր, որ նախագծերի մեծ մասը դոնորների զուռնայի տակ նվագող ու մոդայիկ թեմաներով առաջնորդված հայտեր էին, նպատակաուղղված սոսկ էս պահին դրական գնահատվելու և գումար ստանալու, ապագայում գումարները դպրոցի շատ ավելի կոնկրետ ու ռեալ կարիքներին ուղղելու ձևեր մշակելու նրբանկատ տողատակերով:-)
Մի նախագիծ կար, որն իր յուրօրինակությամբ ու մի քիչ էլ ռոմանտիկ ձգտումներով առանձնացել էր համարյա բոլոր ստուգողների արձագանքներում: Գյումրիի դպրոցներից էր:
Առաջարկում էին դպրոցին անմիջապես հարող թաղամաս/համայնքում հարցախույզի ու այցերի միջոցով գտնել ներկայումս աշխատանք չունեցող, բայց մասնագիտությամբ կամ առօրյայում անհրաժեշտ և օգտակար հմտությունների տիրապետող ավագ սերնդի ներկայացուցիչների և նրանցից լավագույններին հրավիրել դպրոց` համապատասխան արտադասարանական ակումբներում ուսուցանելու ցանկություն հայտնած աշակերտներին: Աղջիկները գործել, կարել ու թխել կսովորեն, տղաները տեխնիկայի հետ աշխատել, ժողովրդական լեզվով ասած, նպատակն էր, եփել-թափել իմացող աղջիկներ ու դզել-փչել իմացող տղաներ ունենալ նախագծի ավարտին: Գործած գուլպաները կուղարկվեն բանակ, թխվածքներն ու տորթերը կվաճառվեն և այլն… Համանքային ուսուցիչները կստանան իրենց աշխատավարձը ու նաև իրենց կզգան կարևոր ու օգտակար:
Այն եզակի դեպքերից էր, որ մարդիկ ոչ թե խոսում են ինչ-որ բան անելու մասին, այլ անում են: Ու հատկապես կարևոր էր, որ սերունդները միանում են իրար դպրոցում, եղած հին լավ արհեստներին նորից զարկ տալու նպատակով:
Վերջերս էր, Կրթության և գիտության նախարարն իր հարցազրույցներից մեկում ասում էր, մեզ մոտ մասնագիտությունների զարգացումը համամասնորեն չի զարգանում. ախր մենք չենք կարող ամեն տարի <արտադրել> այսքան շատ նոր դիվանագետ, տնտեսագետ ու էլի տարբեր …գետներ, ու ապահովել նրանց աշխատանքով այս փոքր երկրում, քանի որ չունենք այդքան լայն ոլորտ տվյալ մասնագիտությունների համար, իսկ այ որ մեզ պետք են լավ ու գրագետ մեխանիկներ, շինարարներ, ճարտարապետներ, դեղագործներ, դերասաններ, դա փաստ է: Իհարկե, քննարկման ենթակա չի, որ մենք նաև արտադրություն/մշակութային գործունեություն չունենք այնպիսի ծավալով, որ կարողանանք բավարարել նաև կիրառական մասնագիտությունների տեր թեկնածուների կամ արվեստագետների աշխատանքը, բայց որ նրանց համար աշխատանք կամ պատահական անհատական պատվերներ գտնելու հնարավորություններն ավելի մեծ են, քան թե ոմն դիվանագետի, ինձ թվում է անվիճելի:
Համաձայնեք, որ սրա ուղղությամբ պիտի աշխատել, որ երեխան ԴԵՌ մանկապարտեզից կամ դպրոցական տարիքից հասկանա, թե ինչքան որ պատվաբեր է դիվանագետ ու իրավաբան դառնալը, նույնքան էլ կարևոր ու շնորհակալ գործ է գյուղատնտես, խոհարար, վարորդ կամ օդաչու լինելը, հատկապես եթե գործնական աշխատանքի արդյունքում պարզվում է, որ նախադրյալներ, ունակություններ և իրական սեր ավելի շատ կան վերջինիս համար: Տնային աշխատանքի, երգ/երաժշտության, ինֆորմատիկայի, ֆիզիկական դաստիարակության ու զինվորական պատրաստվածության դասերը թատերական բնույթ են կրում դպրոցում. Բացառությամբ մի քանի մասնավոր դպրոցների, դպրոցների մեծ մասում ո’չ անհրաժեշտ գույքով հագեցած համապատասխան կաբինետներ կան, ո’չ էլ համապատասխան ունակություններով զինված ուսուցիչներ: Տղաների համար հարցը կրկնակի դժվարանում է տղամարդ ուսուցիչների ճնշող բացակայության հանգամանքներում. Թ’ե տանը և թ’ե դպրոցում դաստիարակվում են զուտ կանացի մթնոլորտում (սրանից բխող տխուր հարցադրումները չեմ անում):
Այ էս անհրաժեշտ ու կողմոնորոշիչ գործնականին ենք կարոտ մնում դպրոցում, դրա համար էլ բոլորս ուզում ենք հանրորեն թելադրված, փողաբեր ու բարձր ռեյտինգային մասնագիտություններ ընտրել, առանց լուրջ խորհրդածելու, թե մենք սիրում ենք տվյալ մասնագիտությունը թե ոչ, կամ ի վիճակի ենք լինելու հետագայում լավ աշխատել այդ ոլորտում թե ոչ… Ցավալի ա, բայց մասնագիտական ընտրության էական հիմնավորումներ չկան մեր երիտասարդների մեջ, ու դրա պատճառը ոչ թե երիտասարդներն են, այլ նրանց համար հուշող պայմաններ չստեղծողները:
Եթե մեր մոտ կիրառական արվեստներն ու արհեստները սիրելու սերմերը մանկապարտեզում կամ դպրոցում հեղ գտնեին, միգուցե կիսագրագետ թարգմանչուհիներից շատերը դառնային հոյակապ վարսավիրներ ու խոհարարներ, կամ մեր կիսատ-պռատ տնտեսագետներից շատերը դառնային հմուտ ու վստահելի վարորդներ: Ղ. Աղայանի ականջը կանչի իր հեքիաթներով… Դե իսկ, սպորտի մասին նույնիսկ չեմ էլ խոսում, առանձին թեմա է…<Առողջ հոգին, առողջ մարմնում> դպրոցում ու բարձրագույն ուսումնական հաստատություններում մնում է լոզունգային մակարդակի վրա:
Հուսով եմ, որ մի որոշ ժամանակ հետո այս ամենը պիտի էապես փոխվի, որովհետև արդեն իսկ մտածելակերպի փոփոխություններ առկա են: Ավելի լավ է հավատալ…