Tuesday, August 29, 2006

Անվերնագիր

Երեկ երեկոյան Քուվեյթից ժամանած ընկերոջս հետ նստած զրուցում էինք Օպերայի սրճարաններից մեկում, երբ հանկարծ նկատեցի Սիլվա Կապուտիկյանի նկարը Օպերայի շենքի վրա: Սգո ատրիբուտիկաներով զարդարված նկարը իր համրությամբ խլացնում էր տարածքի բոլոր սրճարանների երաժշտություն կոչվող կաղկանձյունները ... Սիլվա Կապուտիկյանին չեմ սիրում, որորվհետև տիպիկ սովետական գրող է եղել, բառիս ամենաիսկական և վատ իմաստով, միշտ ինչ-որ կեղծավորություն եմ զգացել իր ստեղծագործություններում: Ինչպես շատ դիպուկ գրել էին երեկ lragir.am-ում, նման է եղել մնացած բոլոր սովետական գրողներին, գովերգել է Ստալինին, Քննադատել Պաստեռնակին, ապա ներողություն խնդրել իր այդ թուլության համար: Վերջ ... Նրա գրած մնացած ամեն ինչը, հազվագյուտ բացառություններով, գորշություն է: Սակայն ես հարգում եմ այդ կնոջն այն բանի համար, որ 88-ի զարթոնքի հոգևոր առաջնորդներց էր, որ այն հազվագյուտ մտավորականներից էր, որ բողոքում էր այժմյան իշխանության ապօրինությունների և ապաշնորհ արտաքին, ներքին ու տնտեսական քաղաքականությունների դեմ, ուներ այնքան քաջություն, որ հետ էր վերադարձրել իշխանությունից ստացած բոլոր կառավարական պարգևները, այն պարգևները, որոնք ստանալու համար մնացածները պատրաստ են փորսող տալ ամեն մեկի առջև ... Չնայած Կապուտիկյանի բողոքի արտահայտությունն էլ էր մի տեսակ լուռ, նեղացած բնույթ կրում:
Կարելի էր չէ գոնե այս 2 օրը մի քիչ ցածր միացնել երաժշտությունը, էլ չեմ ասւմ այդ բոլոր, հիմնականում ապօրինի կառուցված, սրճարանները Օպերայի տարածքից մաքրելու մասին ...

Monday, August 28, 2006

Լիլիթիկն ու կրթական բարեփոխումները

Այսօր օգոստոսի 28-ն է: Է, ի՞նչ մի նշանակալի օր է որ, կհարցնեք: Ոչ մի:-) Ուղղակի տեսնելով գրենական պիտույքների և գրախանութներում տիրող եռուզեռը, հասկացա, որ մոտենում է Սեպտեմբերի 1-ը: Նոր ուսումնական տարվա սկիզբն էլ ինչ-որ նշանակալի մի երևույթ չի, իհարկե, բացառությամբ այն ընտանիքների համար, որտեղ կան առաջին դասարանիցներ ու առաջին կուրսեցիներ: Բայց այս տարին հայաստանցիներիս համար ՊԵՏՔ է նշանակալի լինի, որովհետև հանրակրթության ոլորտի բարեփոխումների առաջին լուրջ քայլն է արվում այս տարի` թևակոխում ենք 12-ամյա կրթական համակարգ: Ինչո՞ւ, ինչպե՞ս, որքանո՞վ ենք պատրաստ… Ահա պատասխաններից մի քանիսը` Բոլոնյան գործընթաց, միջազգային չափանիշներ, եվրոպական չափորոշիչներ… Ձեզ ինչ-որ բան ասո՞ւմ են այս պատասխանները: Բացի ԿԳՆ և ԿԱԻ մի քանի աշխատակիցների ու կրթական ոլորտում աշխատող մի քանի անհատների, սրանք ոչինչ չասող արտահայտություններ են:

Սովորական հարցեր, որոնց պատասխանները փորձում եմ փնտրել մամուլում որպես սովորական հայաստանցի /մեր հեռուստատեսությունն էնքան էլ չեմ սիրում…/ ու թեև ընդամենը 3 օր է մնացել սեպտեմբերի մեկից, ոչ ոք ոչինչ չի քննարկում: Տխուր է… Այսօր առաջին դասարանցիների ծնողները, որոնք ընտրության շատ թե քիչ հնարավորություն /այս դեպքում ի նկատի ունեմ, մարդիկ, որոնք որոշակի մոտեցումներ ունեն կրթությանը և որոնք ունենա նաև համապատասխան ֆինանսական միջոցներ/ ունեն, կանգնած են մեկ այլ դժվարության առջև. ի՞նչ դպրոց ընտրել երեխայի համար: Եթե կան հստակ մոտեցումներ, օրինակ` ծնողը գնահատում է վալդորֆյան դպրոցների կրթական փիլիսոփայությունը, ապա հարցը շատ արագ է լուծվում, որովհետև Հայաստանում միայն մեկ այդպիսի դպրոց կա /թեև այստեղ մեկ այլ խնդիր է առաջանում. ինչպե՞ս գտնել այն ոսկե միջինը, որը թույլ կտա քո երեխային ձևավորվել որպես հարուստ ներաշխարհ ունեցող, ազատ, ներդաշնակ անհատականության և գոյատևել ու հարաբերվել մի հասարակությունում, որտեղ կրթությունը հաճախ նույնացվում է տեղեկացվածության կամ ավելի ճիշտ ինֆորմացիոն հագեցվածության աստիճանի հետ/: Երեխայի համար անհատական մոտեցում ապահովելու ջատագովները կարող են ընտրություն կատարել մի քանի մասնավոր դպրոցներից, որոցից մի քանիսին արդեն հաջողվել է բավականին լավ համբավ վաստակել. օրինակ` Մուշեղ Իշխանի անվան կրթօջախը, Սեբաստացի կրթահամալիրը և այլն:

Հասանք ամենամեծ խմբին. սովորական հանրակրթական դպրոցին ապավինողներին: Եթե ընդամենը մի քանի տարի առաջ հնարավոր էր ընտրություն կատարել ‘լավ’ և ‘վատ’ դպրոցների միջև, և այս գնահատականները հիմնականում արդարացված էին լինում դպրոցի ղեկավարության և ուսուցչական կազմի որակներով, ապա հիմա դա գրեթե անհնարին է դարձել: Այսօր Չեխովն ու Պուշկինը ապահովում են միայն “выпускник престижной щколы” տիտղոսը…

Եվ ամենացավոտ հարցը. այս տարի առաջին դասարան են ընդունվում 5-5.5 տարեկանները: Նախարարը հայտարարում է, որ արդեն իսկ կան այս տարիքային խմբերի համար նախատեսված դասագրքերը: Հարցնում եմ ծնողներիս, որոնք աշխատում են դպրոցում: Այսօր չգիտեմ, բայց դեռ անցյալ շաբաթ այդ գրքերը չկային: Ընդամենը մի քանի շաբաթ առաջ սկսվել է դասվարների վերապատրաստումը: Հետաքրքիր կլիներ ինչ-որ տեղ կարդալ այդ վերապատրաստումների թեմաների, ընթացքի ու ակնկալվող արդյունքների մասին… Չեմ գտնում ոչինչ: Նայում եմ ԿԳՆ կայքը: Նորացվում է և գրեթե ոչ մի տեքստ: Եվ ինչպե՞ս ենք վաղը մեր Լիլիթիկից պահանջելու, որպեսզի նա վարորդից չպահանջի կանգնել փողոցի ցանկացած մասում …

Կգա՞ արդյոք փողոցային “անարխիա”-ի վերջը :)

Վերջապես … Երկարատև բացակայությունից հետո Երևանի փողոցներում վերջապես կանգառներ հայտնվեցին: Մոտ երկու շաբաթ հետևում էի դրանց տեղադրմանը, բայց այսօր առաջին անգամ զգացի արդյունքը, երբ մարշուտկայի վարորդը հայտարարեց, որ “Պրոսպեկտի տարածքում կանգառից դուրս կանգառ չպահանջեք”: Այսինքն, թեկուզ տեղ-տեղ, բայց փոզոցային խայտառակ երթևեկությունը կանոնակարգելու փորձեր են արվում և դա շատ ուրախալի է: Հուսով եմ, մոտ ապագայում միայն կանգառում կանգնելու կանոնը կպահպանվի քաղաքի ամբողջ տարածքում: Բայց, այնուամենայնիվ, վարորդները դեռ շատ նյարդեր կքայքայեն, մինչև բոլորը սկսեն հարգել օրենքը, որովհետև հենց այսօր միջին տարիքի մի կին արդեն ընդդիմացավ միայն կանգառներում կանգնելու հայտարարությանը և պահանջեց Օպերայի մոտ կանգնեցնել մեքենան: Մոտ երկու կանգառ վարորդը` բավականին տարիքով մի մարդ, համոզում, խնդրում, աղաչում էր կնոջը, որ գոնե մի փոքր վերև կամ ներքև կանգնի, որպեսզի ավտոտեսուչները առավոտ շուտ չտուգանեն, սակայն վերջինս անդրդվելի էր: Եվ գիտեք ի՞նչ փաստարկներ էին հնչում. “Այսօր էլ կանգնեք, վաղն արդեն միայն կանգառներում կկանգնեք”, “Կանգառներից դուրս մարդ վերցնելու համար կանգնում եք, բայց մարդ չեք իջեցնո՞ւմ”: Դրանցից հետո վարորդը պահանջողական կեցվածքից անցավ պաշտպանողականի, և, ի վերջո, տեղի տվեց … Փաստորեն ճիշտ էր ասում մեր ընկերներից մեկը, որ ամեն մարշուտկայի վարորդի կողք պետք է մի հատ օրենքի պաշտպան նստեցնել, որպեսզի թույլ չտա արգելված վայրում կանգնեցնել մեքենան: Ինչևիցե, հուսանք, որ սա առաջին, հաջողված քայլը կլինի ժողովրդի մոտ օրենք պաշտպանելու իմունիտետ առաջացնելու ուղղությամբ, իսկ մնացածն արդեն, ինչպես ասում են, տեխնիկայի հարց է:

Monday, August 21, 2006

Ինչպես եմ անցկացրել ամառային արձակուրդներս (շարունակ.)

Սկսեցի Գուրգեն Մահարու “Այրվող այգեստաններ” վեպը: Ամոթով պետք է խոստովանեմ, որ հայ գրականություն էնքան էլ լավ չգիտեմ: Արձակ շատ եմ սիրում, բայց մեր արձակագիրներից հաճույքով կարդում եմ միայն, (խնդրում եմ չքմծիծաղել:-), Հրանտ Մաթևոսյանին: Ինչևէ, սկսեցի վեպն ու պետք է ասեմ, որ ՇԱՏ լավ, իսկապես շատ լավ վեպ է: Ինձ համար անսպասելի հայտնաբերեցի մի աշխարհ, որտեղ թագավորում են նուրբ հումորն ու ջերմ կարոտը: Վեպում հեղինակային լեզուն արևելահայերենն է, կերպարներինը` արևմտահայերենը, ավելի ճիշտ, Վանի բարբառը, /հիմնականում, բայց կան նաև արևելահայերենով խոսող կերպաներ, օրինակ հայտնի Արամ Մանուկյանը/ ու մի հրաշալի, ամբողջական ձուլվածք է ստացվել: Կարդում եմ ու աչքերիս (ականջների՞ս:-) չեմ հավատում. ամբողջ 2 դար է անցել, իսկ մենք կանգնած ենք նույն կոտրած տաշտի առջև. իրենց ազդեցության համար պայքարող բազմաթիվ կուսակցություններ փոքրիկ մի երկրում, ‘ուժային կառույցների’ /տվյալ դեպքում ֆիդայիներ/ ու հասարակ ժողովրդի միջև աճող փոխադարձ դժգոհությամբ հագեցած հակակրանք, “դեպի Եվրոպա” քաղաքական գիծ, “թուրքը մեր թշնամին է” և “թուրքը մեր հարևանն է” երկու հակադրությունների միջև կշեռքի անվերջ տատանում, տեղացիների ու “եկվորների” միջև անհաշտ թշնամանք /հետաքրքիր էր կարդալ ‘ռուսահայերի’ հանդեպ ‘տաճկահայերի’ տածած անհանդուրժողականության մասին: Ինչքա՞ն ենք այսօր խոսում հայաստանցի-սփյուռքահայ անհանդուրժողականության մասին…/: Մեկ այլ հետաքրքիր փաստ, որ հիշեցի. վեպի ծանոթագրություններում ասվում է այն մասին, որ Արևմտյան Հայաստանում բնակչությունն աչքի էր ընկնում նախնական կրթության բարձր մակարդակով, իսկ Արևելյան Հայաստանում բարձր էր բարձրագույն կրթություն ստացածների թիվը: Մեկ այլ հետաքրքիր փաստ. Վան եկած տարբեր կուսակցական առաջնորդները, որոնք եկել էին կուսակցության աշխատանքներն առաջ տանելու և Հայաստանի ազատության մասին հոգալու, հիմնականում սերում էին որտեղի՞ց…. դե իհարկե Ղարաբաղից` Շուշի, Գանձակ:-) Ընդհանրապես վեպի ծանոթագրությունները հիանալի հայագիտական նյութ են հանդիսանում: Շատ լավ հրատարակություն է. մեկ գրքի մեջ ամբողջացված են վեպի առաջին, որը բնագիրն է, և երկրորդ տարբերակները, որը Մահարին ստիպված է եղել ներկայացնել հրատարակության տարբեր ‘գրաքննադատների’ ճնշման արդյունքում: Ինձ թվում է, դեռ բազմիցս անդրադառնալու եմ այս վեպին…

Դե լավ էստեղ ավարտեմ…

Ինչպես եմ անցկացրել ամառային արձակուրդներս:-) © Aram K.

Լրացավ երկու շաբաթն, ու չզգացի էլ, թե ինչպես վերադարձա Երևանի հեղձուցիչ, ծանոթ, սառը-քաղաքավարի, պճնոտ, քմահաճ, ասֆալտային, բայց այնուամենայնիցվ ջերմ ու հարազատ գիրկը:-)

Շատ բան չունեմ պատմելու, բայց չէ՞ որ բլոգի իմ մասն ամբողջությամբ մանր-մունր դիպվածների խճանկար է:-)

Սկսեմ Վանաձորից, որտեղ սկսվեց իմ արձակուրդը: Քանի որ ծնողներս ու եղբայրս, ի տարբերություն ինձ, ավելի ամուր են կապված իրենց արմատներին, ես փորձում եմ ազատ ժամանակիս մեծ մասն անցկացնել իրենց հետ: Մի քանի անգամ առիթ եմ ունեցել ասելու, թե ինչքան երջանիկ եմ նման մարդիկ ինձ սիրողների շարքում ունենալու համար:-) Ինչևէ, բացի ընտանիքս, Վանաձորում են անթիվ-անհամար բարեկամներ ու ընկերներ, մարդիկ, որոնք ինձ ճանաչում են դեռ մանկապարտեզից, ու ամեն անգամ հայտնվելով այս փոքրիկ քաղաքում` ինձ թվում է, թե ընդհատում եմ կյանքս ու ընկղմվում իմ մանկության ու պատանեկության մեջ: Երևանից դուրս շատ բան չի փոխվել: Ես ի նկատի չունեմ արտաքին փոփոխությունները: Մարդիկ դեռ բարձրահարկ շենքի 8-րդ հարկից գոռում են բակի երեխաներին ու պատշգամբից փող գցում` խնդրելով նրանց դիմացի խանութից հաց գնել, ծանոթները եռանդով ու ջերմությամբ անցնում են մայթը ու մի կես ժամ զրուցում իրար հետ, թեև շատ հավանական է, որ երեկոն անց են կացնելու միասին, մի գավաթ սուրճի շուրջ, տարիքով ավելի փոքրին հանդիպելիս անպայման փորձելու են պարզել, թե ում տղան կամ աղջիկն է, ու անկեղծորեն հիասթափվել, եթե դա հանկարծ իրենց չհաջողվի, երեկոյան զովին բոլորը զուգվել-զարդարվելու են ու զբոսանքի դուրս գալու քաղաքի միակ գլխավոր պողոտայով… Եթե դու ծնվել ու մեծացել ես /նույնիսկ մասամբ/ փոքրիկ քաղաքում, էստեղ քեզ կամ սիրում են, կամ քեզանից խուսափում, որովհետև էստեղ քեզ ճանաչում են, էստեղ քո կյանքն` առաջին ճիչից մինչև ավարտական զանգ, եղել է հարևանների ու բարեկամների քննարկման առարկան, ու Աստված չանի, դու ասեցիր կամ արեցիր մի բան, որը հակասում է քո մասին նրանց ունեցած պատկերացումներին:-) Գավառական փոքրիկ քաղաքը նույնն է բոլոր երկրներում` ժողովրդին հատուկ ավանդույթներից բխող որոշ տարբերություններով:

Ինչևէ, առաջին օրերս անցան մերոնց մանրամասներ պատմելով իմ երևանյան առօրյայից. մայրս երբեք չի հագենում “ի՞նչ հագար”, “ի՞նչ կերար”, “ո՞ւմ հետ, ի՞նչ խոսացիր” /և սա երկուշաբթիից մինչև կիրակի/ խոսակցություններից:-) Հետո պատահաբար զանգահարեց իմ դասարանցիներից մեկը, որը ներկայում մեր դպրոցի փոխտնօրենն է (!) ու ասաց, որ դասարանցիներով հավաքվում ենք` նշելու դպրոցն ավարտելու 15 ամյակը… Շատ հետաքրքիր էր տեսնել ‘երեխաներին’, որոնց հետ անցել են իմ մանկության 10 տարիները: Անհավատալի փոփոխություններ կային, բայց հրաշալի:-) Հաճույքով հետևում էի իմ դասարանցի Արթուրին, որը դպրոցի յուրաքանչյուր ուսուցչի վատագույն մղձավանջն էր, թե նա ինչպես է սաստում իր 10-ամյա Նարեկին, երբ վերջինս ալարում էր լիմոնադի շշերը տեղավորել արկղում ու գերադասում էր դրանք նետել փոքրիկ գետակը:-)

Շատ չձանձրացնելու համար գրեմ մի քանի հետաքրքիր մանրուքների մասին, որ “հայտնաբերեցի” այս երկու շաբաթվա ընթացքում.
i muvrini – կորսիկական երաժշտության ժամանակակից, գեղեցիկ մեկնաբանություններ: Բայց պետք էր տեսնել իմ դեմքը, երբ նստած լսում էի ինձ անծանոթ բառերը ու մեկ էլ, “չլինի՞ լեզուներ հասկանալու շնորհ է իջել վրաս…” Ավելի ուշադիր եմ լսում ու սկսում եմ հասկանալ սա. “Անմար հույսով ապրում է սիրտն իմ, և սպասում քո վերադարձին, այրվել է հողը արեգակի պես, երկինքն ու ծով կանչում են քեզ”… Դե՞, պատեկարացրի՞ք:-) Մինչև հիմա չգիտեմ, թե ով է երգում, ինչպես է այս հայերեն գեղեցիկ քառյակը հայտնվել VO LU MONDU երգում… A strada ալբոմն ինձ մոտ հայտնվեց ընկերուհուս եղբոր բելգիացի կնոջ շնորհիվ…
շարունակելի:-)

Tuesday, August 08, 2006

“Չմոռանանք մեր ռազմագերիներին”

Որևէ մեկը կարո՞ղ է ասել, թե որքան ռազմագերիներ ունենք մենք հիմա` Արցախյան ազատամարտի հետևանքով: Ըստ պաշտոնական աղբյուրների տվյալների` ոչ մի, բայց անձամբ ես չեմ հավատում պաշտոնական տվյալներին:
Ցանկացած պատերազմ, բազում արհավիրքներից բացի, բերում է նաև այնպիսի հիմնախնդիրներ, ինչպիսիք են փախստականները, ստրես ապրած մանուկները և ռազմագերիները: Հենց այս վերջին կատեգորիան է, որ ամենից մոռացվածն ու անտեսվածն է: Եվ դա բացատրելի է, որովհետև ցանկացած ժամանակաշրջանում և հասարակարգում գերի ընկնելը համարվել և համարվում է ամոթալի, դատապարտելի արարք, անկախ գերի ընկնելու հանգամանքներից: Յուրաքանչյուր զինվոր վերջին փամփուշտը միշտ պահում է իր համար, բայց ոչ բոլորն են կարողանում այն օգտագործել …
Պատերազմի ժամանակ առիթ եմ ունեցել հանդիպել գերությունից ազատված ազատամարտիկների: Չեմ նկարագրի գերության ամբողջ դաժան մանրամասնությունները, միայն ասեմ, որ նրանցից շատերի մոտ հոգեկան շեղումներ էին առաջացել: Չգիտեմ, կա՞ր արդյոք պետական հոգածություն այդ մարդկանց նկատմամբ, բայց նրանք բոլորն էլ լքված էին զգում իրենց և ակնհայտորեն հոգեբանի կարիք ունեին: Նույնը կարելի է ասել նաև մյուս ազատամարտիկների վերաբերյալ, բայց, այնուամենայնիվ, գերության խարանն ավելի ծանր է: Ուրիշ բան է լինել հաղթանակած, բոլորովին այլ է լինել գերությունից վերադարձած:
Երբ ապրում էի Քուվեյթում, ամեն անգամ հաց առնելիս կարդում էի փաթեթի վրայի անգլերեն մակագրությունը` “Չմոռանանք մեր ռազմագերիներին”: Իրենց պատերազմն Իրաքի հետ շատ ավելի կարճ էր, քան մեր հերոսամարտը, բնականաբար, զոհերի ու տուժածների քանակն էլ ավելի քիչ էր, չնայած համեմատությունն այստեղ այնքան էլ տեղին չէ: Չ՞է որ խոսքը գնում է մարդկային ճակատագրերի մասին: Բայց իրենք հիշում էին յուրաքնաչյուրին և հիշեցնում բոլորին` տեղացիներին, զբոսաշրջիկներին, բոլորին: Իսկ մերոնք երևի առաջնորդվում են “Մեկ մարդու մահը ողբերգություն է, շատերինը` վիճակագրություն” կարգախոսով: Այնինչ առաջին հերթին գերի ընկած լինելու դժբախտության մեջ հայտնված մարդկանց պետք է փրկել. չէ՞ որ նրանց հաստատ ոչ մի լավ բան չի սպասվում գերության մեջ:
Որևէ մեկը կարո՞ղ է ասել, թե որքան ռազմագերիներ ունենք մենք հիմա` հրադադարից 12 տարի անց:
“Չմոռանանք մեր ռազմագերիներին” …

Friday, August 04, 2006

Լավ մտադրություն

Անցյալ շաբաթ նորից Վանաձոր էի գնալու: Ընկերներս նույնպես, իրենց երեք երեխաների հետ միասին: Քանի որ երեխաները փոքր են, երթուղայինով ուղղակի անհնար է ճանապարհորդել: Հետևաբար միակ ընտրությունը տաքսին է: Բարեբախտաբար շատ արագ գտանք պատրաստակամ վարորդ, որին չհուզեց մեքենայում մի քանի ամսական Մուշեղից մինչև 5 տարեկան Շողեր ունենալու փաստը: Ճանապարհին Մուշեղն ու 2 տարեկան Արփենն սկսեցին թնկթնկալ, դե Լուսինեն էլ արդեն որպես վաստակավոր մայրիկ, անմիջապես կռահեց, որ սոված են ու Ապարանում յոգուրտ գնեց: Երեխեքն ախորժակով ու արդեն ժպտալով կերան վերջացրեցին յոգուրտը, ու ես դատարկ տուփը վերցնելով, պատրաստվում է դնել տոպրակի մեջ` ինչ-որ աղբարկղ նետելու ակնկալիքով, երբ վարորդը, 28-35 տարեկան մի տղամարդ, մեծագույն պատրաստակամությամբ դիմեց ինձ. “Տվեք, տվեք, էստեղից կգցեմ”… Նկատի ուներ մեքենայի բաց պատուհանը:

Սպիտակի մոտ կա Ջրաշեն անունով մի գյուղ, որտեղ ճանապարհի մի հատվածում շինարարական աշխատանքներ են տարվում: Մեր վարորդն արագ մոտեցավ վերանորոգվող հատվածին ու մի կարճ բանակցություն ունեցավ շինարարներից մեկի հետ` փորձելով համոզել նրան, որպեսզի բարձրացնի արգելափակոցն ու թույլ տա մեքենան անցնի: Մյուս մեքենաներն անցնում էին ժամանակավոր ճանապարհով, որն անցնում էր հենց այդ հատվածի կողքով: Անհաջող բանակցություններից հետո վարորդը շրջվեց դեպի մեզ, “Էսպես արագ կհասնեինք, երեխեքն էլ չէին հոգնի”…

Ինչու եմ պատմում այս փոքրիկ դրվագները: Մեր վարորդը մեզ շրջապատող բազմաթիվ մարդկանցից մեկն է, որոնք նույնիսկ չեն գիտակցում, որ իրենց վարքը տարրական օրինակ է անբարեկրթության և անօրինապահության: Տղան ուղղակի ցանկանում էր օգնել մեզ… Երբ ուշադիր հետևենք մեզ շրջապատող առօրյա վարքին, կնկատենք, որ դրանց մեծ մասն ուղղակի տվյալ պահին մեր որևէ կարճատև ցանկությանն անմիջականորեն հագուրդ տալու պահանջն է: Նույն դրդապատճառն է ընկած հենց փողոցն անցնելու մեր սարսափելի վարքի հիմքում: Այն պահին, երբ դուք տեսնեք մի խումբ հայեր կանաչ լույսով փողոց անցնելիս ու մեքենաներն էլ հանգիստ կանգնած, կարող եք վստահ լինել, որ հայերի ճակատագրում բեկում է տեղի ունեցել:-) Միգուցե երկարատև զրկանքներից հետո մենք այլևս իրավունք ենք մեզ վերապահում լինել ավելի եսակենտրոն, փորձել ավելի հեշտ ապրել` շրջանցելով բազմաթիվ մեծ ու փոքր կանոններ, որոնք թույլ մի փորձ են կարգավորել մեր կյանքը, միգուցե հոգնել ենք այն փաստից, որ այս երկրում բոլորը հավասար են, բայց ոմանք ավելի հավասար ենք, քան մյուսները… Չգիտեմ, բայց եթե բոլորս էլ էսպես հոգնած ու զայրացած շարունակենք ապրել մեր տանը, մի օր այն փուլ կգա ու վերջ… Մեզ պետք են մարդիկ, որոնք պատրաստ են կրթել մեր վարորդի նման մարդկանց, որոնք ունեն արժանիքներ, բայց չգիտեն, թե ինչ բան է լինել քաղաքակիրթ քաղաքացի: