Ողջույն, ժողովուրդ ջան:
Վերջապես միանում եմ էս տարածքին, բայց նախքան լրջորեն ինտեգրվելը, ուզում եմ հասկանալ, թե ինձնից առաջ էստեղ եղողները ինչու են եղել էստեղ ու մասնավորապես ինչ ա իրանց տալիս բլոգրելը: Ասեմ, ինչի եմ մտածում էդ մասին: Ինձ թվում ա, բլոգի երևույթը էնքան էլ տարբեր չի "One Dollar Cent"-ի նման խանութի նորամուծությունից, որը կամ ողջունում են, արագորեն ու կուրորեն ընդունում են կամ էլ որից վախենում ու խրտնում են... Ամեն դեպքում միջին ստատիստիկ հայի համար ինտերնետով սոցիալական շփումը, հատկապես եթե դա նաև անհատական օրագրային բնույթ ունի, բավականին օտար ու նոր բան ա: Պարզ ա, որ ինտերնետը նաև այլ երկրներում խիստ կոնկրետ ու պրակտիկ խնդիրներ ա լուծում, ու քանի որ, համաձայն բազմաթիվ հետազոտությունների, մարդիկ էնտեղ չեն հասցնում կամ արդեն չեն կարողանում կամ էլ չեն ուզում բավարարար ժամանակ տրամադրել առանց ժամ-պատարագի ու նախնական պայմանավորվածություն ձեռք բերելու իրար տեսնելուն, միմյանց հետ հանգիստ ու նորմալ շփվելուն, իրենց սոցիալական շփման կարիքը տեղափոխում են ինտերնետ, լուծելով տարածության, ժամանակի "նմանս նմանին փնտրելու" կամ բազում այլ հարցեր: Հիմա չգիտեմ, ես եմ առաջ ընկնում ու չեղած տեղը մկից սար սարքում, թե մենք էլ արդեն հայերով ունենք սոցիալական շփման էնքան անբավարար դաշտ ու հնարավորություններ, որ դանդաղ, ինքներս էլ չնկատելով մեր առերես շփման ավանդական եղանակը տեղափոխում ենք օնլայն, դեռևս առանց հստակ հասկանալու, թե ինչի ենք դա անում: Ոնց ա հանկարծ ստացվում, որ նույն քաղաքում, աշխարհագրորեն երևի թե կես ժամվա ճանապարհ իրարից բաժանող մարդիկ կարիք ունեն իրար ԳՐԵԼՈՒ ու իրար պատմելու հենց իրենց իսկ սոցիալական կյանքի ու Հայաստանում գրանցվող կամ նկատվող զարգացումների մասին: Հետաքրքիր է, ձեզնից քանիսն են սկզբում իրար չճանաչելով բլոգի շնորհիվ հետո հանդիպել, նստել, միասին զրուցել, քննարկել էս կամ էն մտքերը, ընկերացել, վստահվել, որ բլոգը քեզ տալիս է հնարավորություն ոչ միայն նստած տեղդ ինքդ քեզ արտահայտելու, այլ նաև ձեռք բերել վստահելի ու կարևոր ծանոթների network այն ժամանակի դիմաց, որը դու ես տալիս ներդնում էս տարածքում: Թե ուղղակի զուտ գրելու գաղափարը ձեզ հետաքրքիր ա թվում, ասենք օրինակ, օրվա վերջում ինչ եք հասկանում էն քննարկումից հետո, երբ ամեն մեկդ գրում եք, թե ինչ եք մտածում էս կամ էն երևույթի կամ դեպքի մասին, ասենք, օրինակ, Միշայի ու Հարութի ամուսնության:)
Միգուցե ես սխալ եմ, բայց էն տպավորության տակ եմ, որ էստեղ հավաքվել են բավականին առաջադեմ մարդիկ, որոնք ներկա պահին հաճույք են ստանում միյանց հետ ուղղակի շփվելուց ու ընդհանուր առմամբ մտածելակերպի փոփոխության ու ազդեցության ոլորտի խնդիր չունեն: Ինչքանով որ ես եմ համոզվել, գրեթե 90% դուք համաձայնում եք մեկդ մյուսի հետ (բացի իհարկե Քրիստինայի ո Արտաշեսի դեպքից:), ու էս տարածքի միջոցով մեկդ մյուսին ամենաքիչը կարող եք հետաքրքիր նորություններ ու ինֆորմացիա փոխանակել, բայց ոչ լրջորեն ազդել իրար վրա: Ստացվում ա էնպես, որ նրանք, ովքեր որ ավելի շատ կարիք ունեին էս մտքերը լսելու, խորհրդածելու ու ազդվելու, կամ էլ, ինչի չէ, օգտվելու իրանց հնարավորությունից ձեզ համոզելու ու բացատրելու իրանց ճշմարտությունը, ձեզ --- անելու իրանց հետաքրքրող երեևույթների մասին, էս տարածքից ու բլոգի գաղափարից ու գործիքներից հեռու մարդիկ են ու ոչ էլ հնարավորություն ունեն իրանց կարծիքն օնլայն ասելու, որ ստացվի իսկական հայկական իրականություն=Local Life in Armenia: Լավ, ժողովուրդ ջան, եթե դեմ չեք, մի քիչ չեք կիսվի բլոգրության ձեր նպատակների ու փորձի մասին: Ինչ ավել բան/եր է Ձեզ տալիս բլոգը, որը դուք չեք կարող ստանալ ձեր ընտանիքի, ընկերների, գործընկերների հետ ամենօրյա շփման ժամանակ... PS. Կներեք, հարցական նշանի տեղը Unicode-um չեմ գտնում :)