Վերադառնանք անցյալ շաբաթվա Վիեննա-Երևան ինքնաթիռ: Դեռ նոր էի շոկից դուրս եկել ինքնաթիռի երիտասարդի "խոստովանությունները" լսելուց հետո, երբ հայտարարեցին թռիչքը սկսելու մասին, խնդրեցին կապել ամրագոտիները և նստած մնալ տեղերում` մինչ հաջորդ հրահանգը: Ինքնաթիռն արդեն սկսել էր բարձրություն հավաքել, երբ հայերից մի քանիսը (արտասահմանցիները քարացած նստած էին իրենց տեղերում) հանկարծ ինչ-որ բան հիշեցին, արձակեցին ամրագոտիները և սկսեցին ինքնաթիռի սրահում վազվզել, բառիս բուն իմաստով: Մեկը տեղն էր փոխում, մյուսը իրերն իջեցրեց ու սկսեց ինչ-որ բան փնտրել, կարծես չէր կարող համբերել մի 5 րոպե, կամ կարծես եթե ինչ-որ բան մոռացած լիներ, կարող էր կանգնեցնել ինքնաթիռն ու հտ գնալ: Մի քանի անգամ զգուշացնելն անգամ չօգնեց: Ավստրիացի ուղեկցորդուհիները նույնպես մոռացան անվտանգության մասին ու սկսեցին հայերին համոզելով նստեցնել իրենց տեղերը, սակայն հենց հեռանում էին, մերոնք կրկին ոտքի էին ելնում ու սկսում իրենց "որոնումները": Բանը հասավ նրան, որ ինքնաթիռի օդաչուական անձնակազմը խստիվ հրամայեց նստել տեղերում և արգելեց ընդհանրապես որևէ շարժում: Դրանից հետո նոր մերոնք հանգստացան:
Զարմանալին այն է, որ անկախության ձեռքբերումից հետո մեր միջից կարծես միանգամից վերացավ կարգապահություն ասածը: Կարող եք ասել, որ ինքնաթիռից շատ մարդիկ չեն օգտվում և հիմնականում առաջին անգամ թռնողներն են սխալներ թույլ տալիս, բայց դա այդպես չէ: Խորհրդային տարիներին, օրինակ, կանոնավոր թռիչքներ կային Երևանից դեպի մարզեր, ու մենք էլ ընտանիքով շատ հաճախ ինքնաթիռով էինք գնում գյուղ, որովհետև այդպես կես ժամում էինք հասնում, իսկ ավտոբուսով` 6 ժամում: Ես չեմ հիշում վերը նշվածի պես մի դեպք, որ ինչ-որ մեկը կարգապահ չլիներ ինքնաթիռում: Այսինքն, դա բոլորովին նոր վիճակ է հայերի մոտ, պատասխան ռեակցիա նոր իրավիճակներին: Պետք է պարզապես գտնել դրա արմատները և վերացնել այդ երևույթը: Ցավալին այն է, որ հայերի մոտ մի տեսակ անզգա, անգիտակից վիճակ է, ու ամենաանկարգապահը նրանք դառնում են հենց այն ժամանակ, երբ ամենից շատ է պետք այդ կարգը պահպանել:
Մեկ այլ ցնցում էր ինձ համար, երբ հանդիպեցի հայերին Դուբայի օդանավակայանում: Հայաստանից 2 տարի բացակայությունից հետո համարյա մոռացել էի հայերի վատ կողմերը ու շտապում էի հայրենիք, կարոտը սրտիս մեջ: Տրանզիտ էի գալիս Դուբայով և օդանավակայան հասնելուց հետո մի քիչ հետո արդեն մոտեցավ ավտոբուսը, որը պիտի տաներ համապատասխան տերմինալ: Տերմինալ հասնելուց հետո ականատես եղա հետևյալ տեսարանի. մի խումբ հայեր վայրենիների նման վազվզում էին խանութներով, իրար ինչ-որ բաներ բղավելով (օրինակ, "էդ սիգարետից մի 5 բլոկ էլ առ ..."): Մեկ այլ խումբ փորձում էր աթոռները մոտեցնել աղբամանին, որպեսզի ծխեին, հետո, համոզվելով, որ դրանք ամուր ամրացված են գետնին, աղմուկ-աղաղակով աղբամանը մոտեցրեցին աթոռներին ու վառեցին ծխախոտները, չնայած այդ վայրում ծխել չէր թույլատրվում: Մի կին էլ, որը Հայաստանում հայտնի կարի ֆաբրիկաներից մեկի տնօրենն է և բանակցությունների էր մեկնել արաբական երկրներ և որի հետ արդեն հասցրել էինք ծանոթանալ, երևի տեսնելով իմ զարմացած հայացքը, հարցրեց, թե ինչքան ժամանակ է չեմ եղել Հայաստանում: Ապա լսելով պատասխանս, ասաց որ զգույշ լինեմ գողերից, հետո էլ ավելացրեց, որ "դեռ հասնենք Հայաստան, ավելի կզարմանաս": Եվ իսկապես, ամենազարմանալին դեռ առջևում էր: Բաց թողնելով որոշ հետաքրքիր մանրամասներ, միայն ավելացնեմ, որ օդ բարձրանալուց հետո հայերը սկսեցին խմել և քանի որ հայկական ավիաընկերություն էր սպասարկում թռիչքը, իրենց բավականին տնավարի էին զգում. ուղեկցորդուհիներից խմիչք էին պահանջում - "Աղջի, մի 5 շիշ էլ պիվա բեր", վերջիններս էլ սկզբում ընդդիմանում էին - "Կապիտանը չի թողում: Մի քիչ սպասեք", բայց հետո բերում էին: Ընդհանրապես, ինքնաթիռի ներսի պատմությունն առանձին posting-ի նյութ է:
Վերջաբան չեմ գրում, բայց ասեմ, որ դա իմ վերջին թռիչքն էր հայկական ավիաընկրությունների ինքնաթիռներով: Հուսով եմ, էլ երբեք բախտ չի վիճակվի նորից օգտվել դրանցից ...