Բերդ-2
Էսպիսով, շաբաթ օրն աշխատանքի տեղից թույլտվություն վերցրի ու ճանապարհ ընկանք Բերդ: Իջևանից այն կողմ չէի ճանապարհորդել ու ասեմ, որ ՇԱՏ վառ տպավորություններ ունեմ. բնությունն աննկարագրելի գեղեցիկ է (այսինքն, լոռեցու համար նկարագրելի:-) շատ նման էր Լոռվա բնությանը), մանավանդ տարվա էս ժամանակ` ամբողջը կարմիր կակաչ ու երիցուկ… Ճանապարհը շատ լավն էր (դե գոնե ռազմավարական խնդիրներն էնքան էլ չեն անտեսվում)…
Պառավաքարի մոտերքը կանգնեցինք: Արդեն ինչ-որ մարդիկ կային էդտեղ, տեղացիներ: Նրանցից իմացա, թե գյուղն ինչու է “Պառավաքար” կոչվում: Դարասկզբին (20-րդ:-), գյուղի շրջակա սարերից մեկում “ղաչաղներ” են թաքնված լինում, որոնց գյուղից մի պառավ ամեն օր ուտելիք է տանելիս լինում: Մի օր գիշերը սարը բարձրանալիս նրան սպանում են, ու էդ ժամանակներից էդ ժայռերի անունը մնում է “պառավաքար”, որն էլ հետագայում տարածվում է ողջ բնակավայրի վրա:
Պատմությունից հետո մեզ հրավիրեցին գյուղ սուրճի: Ցավոք, նույն օրը պետք է վերադառնայինք Երևան…Հա, մոռացա նշել, որ նույն տղամարդը մեզ ցույց տվեց նաև հայկական և ադրբեջանական դիտակետերը` նշելով, որ հենց էս պահին ադրբեջանցիները մեզ տեսնում են ու ուշադիր հետևում, թե էս ինչ ենք էսքանով հավաքվել:
Մի ժամից հասանք Բերդ: Ոնց որ Երևանից դուրս ցանկացած այլ հայկական բնակավայր բարձիթողի վիճակ. կիսախարխուլ տներ, ավերված փողոցներ, ծուլորեն առաջ ընթացող կյանք, մի քանի արտասահմանյան մեքենաներ` բարձր երաժշտությամբ ու հետաքրքրասեր մարդիկ: Հարցուփորձ անելով գտանք թաղամասը (պետք է նշեմ, որ հոդվածում ասվում է, որ բավականին վատ համբավ ունեցող թաղամաս է, որտեղ մարմնավաճառներ են բնակվում: Երբ Ա-ն մոտեցավ մի երիտասարդի` թաղամասի տեղն իմանալու համար, վերջինս ասաց, “Մենք տենց թաղ չունենք”: Ա-ն ասում է, ոնց չունեք, բա էս հոդվածում գրված ա, որ էդտեղ էսպիսի մի ընտանիք կա: Երիտասարդն էլ, թե “Բա տենց ասա: Օգնություն, բան եք բերել, չէ՞: Հենա, էնտեղ ա”:-) ու ընտանիքը: Չորս թիթեղյա պատերի ներսում մի վառարան, որի մեջ հաց են թխում, վրան` ճաշ պատրաստում, 3-4 մահճակալ, հնագույն զգեստապահարան, ճանճերի պարս ու… հեռուստացույց:-) Դե, պատկերացնում եք արդեն, թե ինչ էինք զգում: Պարզվեց, վերջերս հայրն ապառիկով գնել է տեղի խանութից, քանի որ “հենց սերիալ էր սկսվում, էրեխեքը վազում էին հարևանների տուն, ասեցի ամոթ ա”: Մի քիչ զրուցեցինք, ամեն ինչ, բացի հեռուստացույցը, տվեցինք ու վերադարձանք Երևան: Էսպես ավարտվեց իմ առաջին “ֆիլանտրոպիկ” արկածը…
Ամեն դեպքում կուզենայի մեծագույն շնորհակալություն հայտնել բոլոր ընկերներիս ու հատկապես Աղ-ին, որը մի անգամ նույնիսկ չտրտնջաց էդքան մեքենա վարելու ժամանակ (թեև իրենցից մի մասն էս բլոգի մասին չգիտի:-)
Հետաքրքիր դաս էր, որից հետո որոշեցինք հստակ “ռազմավարություն” մշակել հետագա բարեգործական ծրագրերի համար: Սրա մասին էլ ուրիշ անգամ:
