Tuesday, February 28, 2006

Մյունխեն

Երեկ նայեցինք “Մյունխենը” (ընդհանրապես զարմանում և ուրախանում եմ, թե որքան արագ են Երևանում հայտնվում նոր ֆիլմերը: Կեցցեն մերոնք): Ամեն անգամ սիրված արվեստագետների նոր ստեղծագործությունները լսելուց կամ դիտելուց առաջ բավականին մտահոգ եմ լինում. ինչ նոր բան են էս անգամ պատրաստել: Սպիլբերգն ինձ համար գոնե էս անգամ նոր ասելիք չուներ: Չեմ կարող ասել վատ կամ անհաջող ֆիլմ էր, բայց իհարկե հզոր ֆիլմ էլ չեմ կարող համարել: “Շինդլերի ցուցակից” հետո ես շատ ավելին էի սպասում: Գեղարվեստական լուծումներից շատ դուր եկան երկու դրվագներ. երբ հյուրանոցում արաբներից մեկը կրակահերթն ուղղում է հրեա մարզիկներից մեկի վրա, դու լսում ես միայն էդ սարսափելի ձայնն ու տեսնում արյունից կարմրող ու փափուշտներից մաղվող պատի պաստառը… երկրորդը, Անվերի և Ալիի հանդիպումը Աթենքում: Ամբողջ ֆիլմի ընթացքում ինձ չէր լքում էն միտքը, թե ինչու օրինակ “Արամը” երբեք համաշխարհային բեմեր չբարձրացավ: Համանման ու թերևս շատ ավելի լավ սցենար, ոչ վատ դերակատարումներ… (թեև էս գնահատականը հետադարձ հայացքի արդյունք է: Միգուցե ֆիլմը նորից դիտելու դեպքում էս ամենը վերանայեի): Չնայած պատասխանը շատ պարզ է, բայց գոնե հարց չտալ չէի կարող: Ինչպես Նոր Ջուղայի խաչքարերի պատմությունը, էնպես էլ էստեղ. կաղում ենք PR–ից, էն էլ շատ-շատ…

Երևանում էսօր ուղղակի հիանալի միջավայր կա ծանոթանալու կինոարվեստին, ու ես ի նկատի չունեմ մասսայական կինոն: Ազգային պատկերասրահում կազմակերպված կինոդիտումներն արդեն երկու ամիս է նվիրված են Բերգմանին: Նախորդ ռեժիսորը Ջարմուշն էր: Չէ, լավ ենք ապրում:-) Ափսոս ֆիլմադարանը լուծարվեց: Տեսնես ինչ եղավ հազարավոր ֆիլմերի հետագա ճակատագիրը:

Wednesday, February 22, 2006

ad lucem

Երկու օր առաջ եղանակն էնպես տաք ու ուրախ էր, որ ընդմիջման ժամանակ չկարողացա զսպել փող մսխելու անհաղթահարելի ցանկությունս ու երկար քայլելուց հետո ի վերջո մտա "Գրքերի աշխարհ" Պրոսպեկտի վրա:-) Վերջերս հաճախ եմ մտնում գրախանութներ Երևանում, և էս հաճախականությունը պայմանավորված է նրանով, որ հրատարակությունները գնալով բազմաթիվ ու բազմազան են դառնում: 90-ականների սկզբին Ապոլլոնը հրատարակեց եվրոպացի ու ամերիկացի մի շարք գրողների գործեր: Դրանք բարալիկ գրքույկներ էին, որոնք մեր շրջապատում համարվում էին լավագույն նվերը: Հրատարակության որակի մասին դրվատիքի խոսքեր շատ չես կարող ասել իհարկե, բայց դա հզոր խթան էր դուրս գալու դասական էն նեղ շրջանակից, որ հրամցվում էր դպրոցում ու համալսարանում: Իսկ հիմա գրախանութում երկմտում ես, թե ինչ գնես. Շթայներ, Պասկալ, Հեսսե, Մարկես (դե ստիպված ես երկմտել, որովհետև գրքերն էնքան էլ էժան հաճույք չեն, իհարկե համեմատության մեջ:-) Բավականին շատ են նաև հայ ստեղծագործողների աշխատանքները, հատկապես երիտասարդների: Եկեղեցու հովանավորությամբ հրատարակվել է հայ միջնադարյան բանաստեղծության շքեղ մի հավաքածու: Ռուսական հրատարակություններն այնուամենայնիվ դեռ գերակշռում են: Դրանք բացի դասականներից ներկայացնում են նաև ժամանակակից գրականությունը` Կոելյո, Կունդերա, Կորտասար (ինչ-որ Կ-երը շատ ստացվեցին:-)…

Մեծ թիվ են կազմում նաև ոչ-գրական երկերը: Դե բնականաբար “ինչպես-ային” գրականությունը (ինչպես գրավել տղամարդկանց, ինչպես հարդարել տունը և այլն :-) գերակշռում է, բայց կան նաև հրաշալի հանրագիտարաններ, արվեստի վերաբերյալ գրքեր և այլն: Այս ժանրի գրականությունը հիմնականում ռուսական հրատարակություններ են: Ցավոք, քիչ է գրականությունը օտար լեզուներով. միակ գրախանութը որտեղ կարելի է ձեռք բերել անգլերեն կամ ֆրանսերեն գրականություն Արթբրիջն է (իմիջայլոց, անցյալ ամիս էնտեղ նկատեցի նաև J. Diamond’s “Collapse: How Societies Choose to Fail or Succeed” , ափսոս իմ գրպանը շատ սլացիկ էր նման հաստափորի համար:-) Որոշ գրքեր կարելի է գտնել նաև Նոյան Տապանում ու Շրջանայինի գրախանութում:

Երկու բան, որոնք պակասում են ինձ լիովին երջանիկ զգալու համար:-). ընթերցասրահների բացակայությունը գրախանութներում և բաժանորդագրվելու անհնարինությունը: Դե առաջինը միգուցե դեռևս շքեղություն է Հայաստանում, (թեև ես էդպես չեմ կարծում), իսկ երկրորդն ուղղակի հետաքրքիր է, թե տարբեր հրատարակչական ընկերություններն ինչու չեն առաջարկում: Ինձ թվում է արդեն բավականաչափ պահանջարկ կա գոնե սկսելու համար:

Wednesday, February 15, 2006

ANB նորից Երևանում


Ուռաաա, Արտոն նորից քաղաքում Է: Հույս ունեմ անպայման լսել իրեն: Շատ ափսոսում եմ, որ Ավանգարդն ինչ-որ հերթական մոդայիկ ակումբ է դարձել, բայց ինչ արած: Միգուցե սա միայն իմ կարծիքն է, բայց Երևանում բոլոր հետաքրքիր ակումբները շատ արագ վեր են ածվում սնոբական հաստատությունների, որտեղ երաժշտություն լսում են սիգարների ու վիսկիների սիրահար տղամարդիկ ու օրինակ` D&G վերջին բուրմունքով ու սիգարետի ծխի մշուշից սիգարահար տղամարդկանց վրա տամուկ հայացքներ նետող երիտասարդ կանայք:-) Հազվադեպ կարելի է հանդիպել մարդկանց, որոնք իսկապես սիրում և հասկանում են էն երաժշտությունը, որ հնչում է: Չէ, ես հասկանում եմ, որ սա ծնունդն է միջին դասակարգի սոցիալական կյանքի, որ հատկապես ֆինանսական մեծ ներդրումներ արտացոլող ակումբները պետք է վերադարձնեն ներդրված գումարները, սակայն ինչպես միշտ հասնում ենք ծայրահեղության: Հիշում եմ, երբ անցյալ տարի Ավանգարդում Գանայից խումբ էր նվագում, երբ մտնում էինք ակումբ, դռան մոտ երիտասարդների մի խումբ կար, որ 5000 դրամ չունենալով մուտքի տոմսի արժեքը վճարելու համար, լարված, բայց ծուլորեն մի ոտքից մյուսին էր անցնում` հուսալով, թե իրենց միգուցե վերջում թողնեն ներս: Նրանց խոսակցությունից պարզ էր, որ կոնսերվատորիայի ուսանողներ են: Համերգն ավարտվեց, բայց խումբն էդպես էլ ներս չմտավ… Մինչդեռ դա էն կորիզն է, որ պետք է էսօր փորձի, տեսնի նորը, փնտրի հինը, համակցի իրենն ու ուրիշինը, որպեսզի վաղը տա ասենք Արտոյի կամ SOAD-ի նման որակ: Չէ, ինչպես Վարդան Պետրոսյանն էր ասում, մեր փողատիրոջ ձեռքը երբեք չի հասնում մեր արվեստագետին (կամ էլ նման մի բան:-) Ախր կարելի է, չէ, էդ ակումբներում գոնե մի օր տրամադրել նոր երաժիշտներին, որոնք կարող են լսել հյուրերին, միասին jam session նվագել, ինչ-որ մեծ փորձի նման մի բան կազմակերպել, կամ ուղղակի լսել հայտնի երաժիշտներին իրենց փորձերի ժամանակ: Դե ցանկության դեպքում կարելի է և համապտասխան ձևը գտնել: Չէ, Թիֆլիսի քաղաքապետի նման ամեն ինչ կտակենք քաղաքի խորհրդին… Բայց սա արդեն ուրիշ պատմություն է:-)

Saturday, February 11, 2006

How you’re doing? ցավդ տանեմ

Դե էսօր էնքան էլ հավես (հայերենում շատ դիպուկ, բայց անշոշափելի հասկացություններից մեկը) չկա գրելու, իսկ ավելի անկեղծ ասած` հետաքրքիր ոչինչ չկա գրելու: Բայց եթե ինչ-որ բան սկսում եմ և ընդմիջում ավելի քան երեք օր, այլևս չեմ շարունակում: Էնպես որ, ինչ-որ բան գրելն արդեն անհրաժեշտություն է, եթե չեմ ուզում Օննիկի խանդավառությունն ընդլայնվող հայկական բլոգոսֆերայի պատճառով կարճատև լինի:-)

Էսօր Երևանում վերջապես արև էր: Կարելի է հուսալ, որ գարունն ի վերջո կհասնի նաև Երևան:

Առավոտյան մի կերպ արթնացա ու վազեցի դասի: Առավոտյան 7:30 անցնելով մեր բակի ամայի, բայց արդեն գարնանային անհանգստությամբ շնչող փողոցներով` միակ ցանկություննս Starbucks-ի սուրճն էր: Ես ընդհանպապես թեյի մեծ սիրահար եմ, բայց նախորդ օրը Մալխաս Ակումբը կեսգիշերին լքելուց և առավոտյան 6:30 արթնանալուց հետո կարծում եմ պարզ էր էս բուրժուական ցանկության պատճառը:-)

Ինչևէ, սա երեք տարվա ընդմիջումից հետո դասավանդման երկրորդ օրն էր: Երրորդ կուրս և իհարկե, ամբողջ խմբում տղայի նշույլ անգամ չկար: Շատ լավ երեխեք էին: Մեկ անգամ ևս նկատեցի մի փաստ, որ բավականին հետաքրքիր է. երիտասարդներն օտար լեզու սովորելիս շատ արագ ընկալում և հետագայում հիշում են առօրյա բառերն ու արտահայտությունները և slang: Էսօր ամբողջ 20 հոգու երջանկացրեց dude բառը: Նույնը նկատել եմ նաև հայերենը որպես օտար լեզու ուսանողների մոտ: Օրինակ` ամեն անգամ հանդիպելով անգլիախոս ընկերներիս` մի գլուխ պատասխանում եմ “ցավդ տանեմ”, “մեռնեմ քեզ” , “ազիզ” ու նման այլ բառերի ու արտահայտությունների կիրառման համատեքստի հետ կապված հարցերին: Մի անգամ ամերիկացի ընկերներիցս (հետագայում ընկեր, ոչ այդ պահին) մեկը, որն էն ժամանակ դասավանդում էր Գավառում զանգում է ինձ ու երբ զգում է, որ շատ հիվանդ եմ, վրա է բերում. “Ցավդ տանեմ”: Հազիվ թե հնարավոր լինի ավելի համապատասխան համատեքստ գտնել, որտեղ էս արտահայտությունն ավելի տեղին լիներ, բայց բնականաբար ես սկսում եմ հռհռալ, որովհետև մեր հարաբերությունները դեռևս էնպիսին չէին, որ թույլ տային արտահայտության նման կիրառում:

Առաջին անգամ նկատելով ամերիկացիների How you’re doing? արտահայտությանը հետևող անտարբերությունը` բավականին վիրավորված էի զգում, մինչ ի վերջո պարզեցի, որ դա ընդամենը ողջույնի մի ձև է:-)

Երբեք չեմ հոգնում լեզվական նրբությունների ուսումնասիրությունից:

Tuesday, February 07, 2006

Նախ պետք է խոստովանեմ, որ էսքան արագ արձագանք չէի սպասում:-) Մի ամբողջ տարի անգլերեն բլոգին հետևած լռությունից հետո (սա իմ ցանկությամբ իհարկե:-)) անսպասելի է հայտնվել ընթերցողների ուշադրության կենտրոնում:

Դե երկրորդ խոստովանանքն էլ կլինի սա. միշտ նախանձել եմ էն մարդկանց, որոնք կարողացել են արագ կողմնորոշվել և ինչ-որ վճռական կարծիք հայտնել: Այ օրինակ կարդալով Հակոբի կամ Վահանի կարծիքները` չեմ կարող չմտածել, որ եթե վաղը մեկն էլ հանկարծ որոշի ինձ հարցնել, թե ես ինչպես եմ տեսնում խնդրի լուծումը, միանգամից կխառնվեմ իրար, որովհետև անկեղծ` չգիտեմ: Գիտեմ, որ ցանկություններս հաստատ պետք է հիմնված լինել ողջամիտ դատողությունների վրա, դրա համար էլ ոչինչ չի ստացվում…

Անցյալ շաբաթ իջևանցիներն էին քննարկում խնդրի լուծման հնարավոր հինգ տարբերակ: Ընդ որում, տարբերակներն էսպես էին անվանվել. “Ղարաբաղյան հիմնախնդրի լուծման փոխզիջումնային տարբերակներ”: Քննարկման ընթացքում ես լսեցի 20 մարդու կարծիք (էսքանը միայն մեր սեղանի մոտ, իսկ սրահում կային ևս չորսը) ու մի բան ակնհայտ էր. 20-ից 20-ը պատրաստ չեն փոխզիջման: Ավելի հաճախ քննարկումը շեղվում էր դեպի տարբերակը, որը հաշվի է առնում միայն հայերի շահերը: Չէին քննարկվում նույնիսկ երաշխիքներ, որովհետև բացակայում է ամենակարևոր գործոնը. վստահությունը հանդեպ երկրորդ կողմը:

Էսօր դժվար է խոսել էս գաղափարի մասին, որովհետև դա բացակայում է ամենատարրական հաղորդակցության մեջ անգամ, հաղորդակցություն, որտեղ երկու կողմերի միջև չկա արյան հետ ներարկված թշնամանք: Երկրորդը արյուն-հող կապն է…Վերջերս մամայի հետ էինք խոսում էս մասին, ու մի հետաքրքիր բան ասաց. “Թուրքը իր վրեժը սերնդեսերունդ ա փոխանցում”: Իսկ մաման փոքր ժամանակ իրանց հետ բավականին առնչվել է:

Անցյալ տարի Թիֆլիսում համաժողով էի կազմակերպել, որ հովանավորներ էին British Council-Armenia և Project Harmony-Armenia: Բնականաբար նյութերի փաթեթի վրա կային համապատասխան լոգոները: Ադրբեջանցի մի երիտասարդ կին, երևի 23-25 տարեկան, մոտենում է ինձ ու խնդրում նյութերի փաթեթ “Folder!?” Սխալ ռեգիստրի ընտրությունը փորձում եմ վերագրել անգլերենի թերի իմացությանը: Հինգ րոպե անց վերադառնում է, շպրտում փաթեթը սեղանի մոտ, որտեղ կանգնած եմ ու ասում, “I don’t need this” Վերցնում եմ թղթապանակը և լոգոների վրայի Armenia-ն տեսնում սև գրիչով ջնջված: Անմիջապես դառնում եմ ավելի կարմիր, քան հագիս զգեստը ու նույն պահին լսում եմ Ադրբեջանի գրասենյակի տնօրենի զայրացած դիտողությունն իմ տնօրենին “Well, why you did need to stick in that name there! It’s THE British Council, right?” Երբեք աչքի չեմ ընկել խոսակցության մեջ ակտիվ դեր տանելու հատկությամբ, բայց մինչ Էրիկը կփորձեր ինչ-որ բան պատասխանել, վրա եմ բերում “Actually it’s THE British Council-Armenia that paid for your participation!”

Էդ պահին պատրաստ էի ուղղակի դուրս շպրտել էդ ինքնագոհ երիտասարդուհուն: Միգուցե էդպես էլ պետք էր անել: Լավ, մյուս անգամ, երբ սկսեմ ըմբշամարտով զբաղվել:-)

Monday, February 06, 2006

խոսում ենք էնպես, ինչպես ապրում ենք

Կյանքում ինչ չեմ սիրել, ի վերջո գլխիս է ջարդվել:-) Թարգմանությունից միշտ զզվել եմ, ու հիմա արդեն մի տարի է, միայն դրանով եմ զբաղվում: Ինչևէ… բայց իսկական տառապանք է, երբ ստիպված ես լինում թարգմանել անգրագետ գրվածքներ, որոնցից մեկին էնքան չդիմացա, որ անցա բլոգրելուն:-)

Զարմանում եմ. էսքան ժամանակ մերոնք չսովորեցին գրագետ քննարկման մշակույթին: Ախր ուղղակի աններելի է էն ոճը, որն օգտագործել է տվյալ քաղաքական գործիչը ի պատասխան ACCORD-ի հրատարակությանը: Հասկանալի է, որ պետք է բացահայտել ակնհայտ թերությունները, բայց ամեն ինչ համապատասխան ձևի մեջ պետք է մատուցել ի վերջո: Օրինակ` դիտողություններիմի ամբողջ փաթեթ վերաբերում է պատմական անճշտություններին, և ոչ մի հղում էս կամ էն աղբյուրին: Լավ, բայց էս դեպքում ինչպես կարելի է ակնկալել, որ քո դիտողություններին լուրջ կվերաբերվեն…

Չէ, ուղղակի զայրացել եմ մեր լեզվի նկատմամբ էդպիսի անխնամ վերաբերմունքից: Քաղաքական գործիչ ու էսքան անգրագետ…

Ոչինչ, ուրբաթ օվանից սկսում եմ դասավանդել, այսինքն զբաղվել նրանով ինչ շատ սիրում եմ:

Saturday, February 04, 2006

մեկ այլ ձմեռային դրվագ

Չգիտեմ ինչու, բայց ձյունն ինձ միշտ ստիպում է բացել հիշողությունների արկղը...
Նման ձյուն մեկ էլ 90-ականներին եկավ, երբ սովորում էինք ԵՊՀ-ում: Հիշում եմ ինչպես մի օր 92-ի դեկտեմբերի 26-ին Երևանից գնացի Վանաձոր, կամ էլ Կիրովական, (չեմ հիշում երբ փոխվեց քաղաքի անունը, թեև մինչև հիմա էլ, երբ ընկերներով կամ բարեկամներով հավաքվում ենք, բոլորս խոսում ենք Կիրովականի մասին, մեզ էլ համարում կիրովականցի:-)) Իմ ամբողջ ճանապարհորդական կենսագրության մեջ ամենատանջալի ու ուսանելի ճանապարհորդությունն էր: Նախկինում երբեք գնացքով մենակ չէի ճանապարհորդել: Երբ փոքր էի, ընտանիքով կամ էլ ընտանիքներով (մի կամ երկու մորաքույրներս Ալավերդուց, մյուսն էլ` Թիֆլիսից, գնացքով գնում էինք “ծով”, այսինքն` Ադլեր ու Սոչի: Բնականաբար, երեխաներով կռվում էինք, թե վերևի հարկում ով է քնելու ու հետո հերթ էինք սահմանում. յուրաքանչյուր զույգին մի ժամ:
Ինչևէ, այդ օրը չգիտեի նույնիսկ որտեղից են տոմս գնում: Բարեբախտաբար ճարպիկ մի երիտասարդ կար, որ իմ հոգսերի մի մասը իր վրա վերցրեց. տոմս գնեց, ինձ մի կերպ հրեց վագոնի դռներից ներս ու նստելու տեղ պահեց: Պատուհանի ապակու կեսը ջարդված էր, ու երբ ներս մտանք, ինը ժամ դրսում սառչելուց հետո, նորից ուզեցինք վերադառնալ դուրս, քանի որ ներսն անասելի ցուրտ էր: Ինչ գտանք, խցկեցինք բացակայող ապակու տեղը: Չեմ հիշում արդեն ոնց տեղ հասա, բայց հիշում եմ, որ գնացքը Երևանից դուրս եկավ երեկոյան 4-ին, իսկ ես Վանաձորի կառամատույցում մերոնց վախեցած դեմքերը տեսա արդեն առավոտյան ժամը 11-ին:
Սա էն դեպքերից մեկն էր, որը քեզ ստիպում է գնահատել մարդուն: Մեր համարում մի կին կար, որը միակն էր մեզանից, որ համեմատաբար պատրաստված էր դուրս եկել այս ճանապարհորդությանը: Մի փոքրիկ թերմոս ուներ, որից ժամը մեկ բոլորիս մի փոքրիկ բաժակով թեյ էր տալիս, “որ ցրտից չմեռնենք”, ինչպես ինքն էր ասում: Չգիտես որտեղից հետիս երիտասարդը մի բրդյա ծածկոց գտավ, որի մի ծայրը բաժին հասավ ինձ, մյուսը` այդ կնոջը… Հա, ձյունն էդպիսին է. սառն ու փափուկ:

Լոռվա ձմեռ

Մեզ մոտ նորից ձյուն է գալիս. առատ, փափուկ, անընդմեջ : Հայաստանում հետաքրքիր բաներ ես հայտնաբերում, երբ ձյուն է գալիս: Չգիտես ինչու մարդկանց մեծ մասն էստեղ չի սիրում գլխարկ կրել. դրսում կարող է -15◦ սառնամանիք լինել ու կտեսնես ամենահրաշալի սանրվածքներով կանանց ու գլխաբաց տղամարդկանց: Բայց բավական է փոքր-ինչ ձյուն տեղա, (որը սովորաբար նշանակում է նաև ջերմաստիճանի բարձրացում), ու բոլորն սկսում են գլխարկ կրել: Երբ հարցնում եմ, թե ինչու չեն գլխարկ կրում, սովորաբար լսում եմ հետևյալը. “Դե, ինձ չի սազում”: Հետաքրքիր է. ինչո±ւ է արտաքինն էստեղ միշտ ավելի կարևորվում, քան սեփական առողջությունը կամ հարմարավետությունը:

Իսկ էսօր Վանաձորում Լոռվա ձմեռ է, իմ մանկության ամենասիրած տոներից մեկը, երբ ամբողջ քաղաքը հավաքվում է Թեժ Լեռ կոչվող փոոոոոոքր լեռան, բայց մեծ բլրի գագաթին ու տոնում ձմեռը: Դա յուրահատուկ շնորհակալություն է ձմռանը, ինչպես նաև հրաժեշտ` առանց զղջանքի: Սահնակով սահելուց, ձնագնդերով իրար արտասվելու չափ խփելուց հետո գալիս էր լավագույն պահը. երեխաներով վազում հավաքվում էինք մեքենայի շուրջ ու սպասում տաք թեյին ու խաշած կարտոֆիլին: Մինչև հիմա դրանից համեղ ոչինչ չեմ կերել: