Friday, December 08, 2006

Այլընտրանք

“Ի՞նչ անել” հարցից խուսափել այնքան էլ լավ չի հաջողվում վերջերս: Ու պատասխանի ճանապարհին երեկ հայտնվեցի նոր հասարակական-քաղաքական նախաձեռնության հերթական հանդիպումներից մեկում: Հանդիպման գնացի` մտածելով, որ միգուցե կարելի է պատասխաններ գտնել այնտեղ, որտեղ ես դրանց գոյությունն ուղղակի բացառել եմ` քաղաքական (միգուցե ավելի շուտ քաղաքացիական) ակտիվության մեջ: Հանդիպումը լքեցի ինձ համար նոր համոզմունքով` “ի՞նչ անել” հարցի պատասխանը ենթադրում է միջոցների ընտրություն: Ես երկար ժամանակ բողոքում էի (մեկ անգամ էլ հիշեցնեմ, որ քաղաքականությունից միանգամայն “ոտաբոբիկ” եմ: Չեմ հասկանում, չեմ կարող բարդ, համապարփակ վերլուծություններ անել, գրագետ բանավիճել և այլն: Ուղղակի, ուզում եմ անել մի բան, որը թույլ կտա էս երկրում տեսնել ինչ-որ փոփոխություն` գոնե ցողուն առաջարկել ճահճից դուրս գալու համար, օրինակ` դպրոցում տեսնել գրագետ ուսուցիչ, չեմ էլ ասում, ՈՒՍՈՒՑԻՉ), որ Հայաստանում չեմ տեսնում որևէ գաղափարախոսություն, որ ես տեսնում եմ անկուշտ անհատների կռվշտոց: Հիմա այստեղ, այս հանդիպմանն ինձ երկու հարց են տալիս. գո՞հ եք Հայաստանի ներկա վիճակից: Եթե ոչ, անցանք հաջորդին: Պատրա՞ստ եք աշխատել, բայց լինել վերջինը, դեն նետել առաջինը լինելու հավակնությունները: Եթե սրա պատասխանն էլ այո է, մենք համախոհներ ենք: Սկիզբն ինձ համար համոզիչ էր… Սակայն հենց հաջորդ հարցը ջարդուփշուր է անում ուրվագծվող ուրախությունս: Ինչպե՞ս ենք իրականացնելու այս գաղափախոսությունը: Նախաձեռնությունն սկսող մարդկանցից մեկը Բաբկեն Արարքցյանն է: Պատրա՞ստ է նա ասել, թե ինքը պատասխանատու էր այն լավի ու վատի համար, որ տեղի ունեցավ 91-98թթ: Չեմ կարծում… Գաղափարախոսության իրականացումը ենթադրում է առօրյա կյանք, առօրյա գործունեություն: ՄԱՐԴՈՒ ԿՅԱՆՔ: Եթե ես ունեմ գաղափար ու փնտրում եմ համախոհներ, պետք է ԱՊՐԵՄ ԱՅԴ ԳԱՂԱՓԱՐԸ: Սա միջոց է ինձ համար: Երեկ ես չհամոզվեցի, որ նախաձեռնողներից մեկը պատրաստ է օգտագործել այդ միջոցը…Խոսվում էր բաց լինելու մասին, նոր առաջնորդներ ու մտքեր որդեգրելու մասին, միևնույն ժամանակ այդ մարդիկ միանգամայն համոզված էին որոշակի դրույթներում և որոշակի միջոցների անհրաժեշտության մեջ: Նման համոզմունքը տանում է դեպի կուսակցության ձևավորում, բայց չի կարող համախմբել հասարակության այն մասին, որը պատրաստ է գործել, բայց ոչ նախանշված միջոցներով (ծուռումուռ ստացվեց, չէ՞):

Փորձեմ ամփոփել` ես հոգնել եմ լավ-լավ գաղափարներից, ես ուզում եմ տեսնել դրանց հասնելու միջոցներ. Ասում են, վերացնել Օղակաձև այգու սրճարանները: Շատ լավ, վերացնենք, նորից ծառեր տնկենք, այգի դարձնենք: ՍԱ արդեն կլինի “պայքար ընդդեմ կաշառակերության” գաղափարի իրագործում… Ինչպես Գանդին էր ասում, “Հոգանք միջոցների մասին, նպատակներն իրենք իրենց մասին կհոգան”:

1 Comments:

Anonymous Sevak said...

Որքա~ն հաճախ են մեկի կամ մի քանիսի շահադիտական նկրտումները, գեղեցիկ փաթեթավորված հրամցվելով, վերաճում համաժողովրդական ոգևորության:

12:00 PM  

Post a Comment

<< Home