Tuesday, October 03, 2006

Ազնավուրի համերգը Երևանում

Ազնավուրի համերգը Հանրապետության հրապարակում շատ լավն էր: Նայում եմ իրեն ու մտածում, թե մարդ որքան երջանիկ պետք է լինի, որ այս տարիքում այսքան ավյուն ունենա ու դեռ ի վիճակի լինի շարունակել զբաղվել նրանով, ինչ իր կոչումն է… Հիացմունքիս միակ պատճառը սա չի իհարկե: Երբ ինչ-որ լավ գործի վկան ենք դառնում, փորձում ենք անպայման հայտնաբերել հետևում թաքնված շահը, որը նույն այդ գործն անողը հետապնդում է: Հայերենում ‘շահ’ բառն անպայմանորեն եսասիրության մի մեծ պաշար է ենթադրում, ու որպեսզի երկար-բարակ չճամարտակեմ եսասիրության մասին, բավարարվեմ մեծամասնության կողմից ընդունված ընկալմամբ. անում ես ամեն ինչ, ինչը կարող է բավարարել քո “եսը”, ամեն ինչ անխտիր: Ազնավուրի դեպքում այդ “շահը” սերն է դեպի Հայաստան, ու ես շատ կուզենայի, որ այն երիտասարդները, որ շաբաթ օրը հավաքվել էին հրապարակում, մի պահ գիտակցեին դա ու փորձեին պարզել իրենց համար, թե արդյոք նման բան հնարավոր է, թե չէ:

Իսկ համերգը շատ լավ էր կազմակերպված` չհաշված առաջին կատարման ժամանակ ձայնային անսարքությունները: Մարդկանց անվերջ հոսք էր դեպի հրապարակ Մաշտոցի պողոտայով ու Ալավերդյանով, որովհետև անվտանգության նկատառումներով մյուս, ավելի մոտ փողոցները փակ էին: Զարմանալի է, բայց գոնե մեր հատվածում անհամություններ էլ չեղան, թեև մարդկային զանգվածը շատ բազմադեմ էր:-): Հա, մի բան էլ, որ լավ կլիներ ապահովեին. թարգմանությունը: Երաժիշտներին ներկայացնելիս` թարգմանում էր Լուսինե Թովմասյանը, սակայն յուրաքանչյուրը կատարումների ընթացքում դիմում էր հանդիսատեսին, իսկ վերջինիս արձագանքը “Ի՞նչ ասաց”-ի տարակուսած ալիքն էր ամբողջ հրապարակով մեկ:-) Մանավանդ, իրենց խոսքը վերաբերվում էր հայ ժողովրդին: Շատերը հիանում էին նրա տոկունությամբ, մշակույթով, իսկ այդ մասին երևի իմանում էր միայն տասնյակ հազարներով տոմսեր գնած “վերնախավը”…

1 Comments:

Blogger AramK said...

Aznavuri hamergin edpes el aranc comment-i togheciq che ? Ay-ay-ay ...

4:22 PM  

Post a Comment

<< Home