Tuesday, June 13, 2006

Մագաղաթ

Վազում են կինն ու տղամարդը: Տարածությունը գնալով կրճատվում է: Մի ամբողջ րոպե վազում են իրար կողքի, շուրջ... ու շարունակում են փնտրել նույնիսկ այն ժամանակ, երբ միմյանց միջև տարածությունը /ֆիզիկական/ 0 մմ է… Տեսնում ու լսում ես, թե բեմի վրա ինչպես են բաբախում երեք սրտեր. գրկախառնված կին-տղամարդ իրենց մարմինները միահյուսել են բեմի վրա` մեկ սրտի անվերջ զարկերով եզրափակելու “Մագաղաթը”` Մնջախաղի թատրոնի նոր ներկայացումը:

Երեկ Պատանի հանդիսատեսի թատրոնում ներկայացման պրեմիերան էր: ՇԱՏ ԼԱՎ ներկայացում էր. սովորաբար արարման, գոյի, երկվության, կին-տղամարդու թեմաները բեմում ներկայացնելիս պաթոսն էնքան շատ է լինում, զահելդ գնում է մելոդրամատիզմի, սենտիմենտալիզմի, մարդուն վսեմագույնս գործելու կոչերի համախառն արդյունքից: Էստեղ բացակայում էր նման ամեն ինչ: Չգիտեմ թատերական գործիչներն ու քննադատներն ինչպես կարձագանքեն ներկայացման գաղափարին ու իրականացմանը, սակայն, ինձ, որպես սովորական դիլետանտի, անչափ դուր եկան ընտրված խորհրդանիշները /սավանի միտքն ու իրագործումն ուղղակի հրաշալի էր/, մարմնի սքանչելի ճկունությունը` արտահայտելու աշխարհի արարումը, մարդուն հետապնդող երկվությունը, իր ժառանգությունն ամփոփող գեղեցիկ պատումներն ու լեգենդները, կամ ավելի կարճ ասած “Մագաղաթի” բովանդակությունը ներկայացնող այս բանաստեղծությունը, որը մեզ որպես ծրագիր տվեցին մուտքի մոտ.

“Երկնեց երկինք և երկիր
Երկնեց և ծովը ծիրանի…”
Եվ այդ երկունքից ծնվեց
Տարբեր բույս ու կենդանի:

Եվ Բնության Մայրը Մեծ
Երկունքի վերջին շնչով
Իր առաջնեկը ծնեց…
Կամոք նրա կամ թե ոչ
/Սա ոչ մի տեղ չգրավեց…/
Պտուղն այս նորակոչ
Երկու մասի տրոհվեց…

Եվ այդ օրվանից մինչ անհայտություն
Այս մոլորակի մաշկին խիստ անհարթ
Գրվեց, կգրվի անթիվ պատմություն
Եվ կդառնա այն մի հին մագաղաթ…

Հրաշալի բեմադրություն, որը շատ գեղեցիկ ու հարիր ներկայացրին դերասաններն ու երաժշտությունը: Ովքեր սիրում են ժանրը, անպայման գեթ մեկ անգամ կարող են նայել այն: Անպայման արժի, նույնիսկ եթե բարձրահասակ եք ու պատանիների համար նախատեսված աթոռները սարսափելի նեղ են ձեր ոտքերը տեղավորելու համար, իսկ շոգն էլ` հեղձուցիչ:-)

Թատրոնն իր դահլիճը չունի, փորձերն անում է տիկնիկայինում, ներկայացումները` Պատանի հանդիսատեսի թատրոնում: Սիրտ խառնելու աստիճան ամոթ ես զգում երկրիդ համար, որ նման տաղանդավոր արվեստագետներին մի քառակուսի մետր տարածքով ապահովելու փոխարեն փոր ու վիզ հաստացնելու հարյուրավոր քառակուսի մետրերի ետևից է ընկել…

Այսօր Համլետ Չոբանյանի /սցերանի հեղինակ և բեմադրող ռեժիսոր/ և իր ընկերների երկրորդ ներկայացումն է: Կհաջորդեն “Շերանիկն” ու “Խաղը”, էլի շատ գեղեցիկ “մունջ” պատումներ:



4 Comments:

Blogger AramK said...

Պարզապես սխալ կլիներ այսպիսի նյութը առանց մեկնաբանության թողնելը: Ուրախալ է, որ մշակութային կյանքը շարունակվում և զարգանում է: Ցավոք զբաղված լինելու պատճառով երևի թե չկարողանամ ներկա լինել այն ներկայացումներին: Ամեն դեպքում իսկապես ամոթ է, որ մեր երկրում նման նախագծերը պատշաճ ուշադրության չեն արժանանում, իսկ արտասահմանում անգամ միջակությունները լայն հնարավորություն ունեն զբաղվելու իրենց արվեստով: Բրիտանական Խորհուրդը պարբերաբար արվեստի հետ կապված միջոցառումներ է անցկացնում, Անգլիայից տարբեր խմբեր ու համույթներ բերում այստեղ, և շատ անգամ համոզվում եմ, որ նրանք ավելի տաղանդավոր չեն, քան մերոնք: Ե՞րբ ենք մերնք էլ նման մի "Հայկական Խորհուդ" ունենալու, որ պրոպագանդի մեր արվեստը արտասահմանում: Բաըց նախքան դա, պետք է պահել ու զարգացնել այդ արվեստը երկրի ներսում: Հուսով եմ, պատկան մարմինները մի օր կզբաղվեն դրանով ու արվեստը սիրողական, էնտուզիազմիկ մակարդակից կտեզափոխվի պետական հօգածության մակարդակ:

1:37 PM  
Anonymous Anonymous said...

Nice site!
[url=http://qjdvtqaw.com/pohf/jawb.html]My homepage[/url] | [url=http://ddoriiex.com/uymq/uwsb.html]Cool site[/url]

2:22 AM  
Anonymous Anonymous said...

Thank you!
My homepage | Please visit

2:23 AM  
Anonymous Anonymous said...

Nice site!
http://qjdvtqaw.com/pohf/jawb.html | http://bgncsrrf.com/lsay/eugb.html

2:23 AM  

Post a Comment

<< Home